Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են

logo-ՀՅԴ-ԺԿ-ԲՀԿԵրեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու օրակարգով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքում երեկ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ: ՀՅԴ-ից քննարկմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

Թեեւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները եւս կողմ են միասնական ցուցակին, սակայն այդ կուսակցությունը չի մասնակցել հանդիպմանը: Տարածվել են լուրեր, թե ՀԱԿ-ի մասնակցությանը դեմ է եղել «Ժառանգությունը»:

«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը Yerkir.am-ի հետ զրույցում սխալ համարեց տեղեկությունները, թե իրենք դեմ են ՀԱԿ-ի մասնակցությանը: «Մենք չենք եղել այդ հանդիպման նախաձեռնողը, եւ չեմ կարող ասել, թե ինչու չի մասնակցել ՀԱԿ-ը: Մենք բաց ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության համար: Երկրորդ օրն է, որ նույն ՀԱԿ-ի հետ մենք բանակցությունների մեջ ենք համագործակցության ձեւաչափերի ճշգրտման օրակարգով»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Քանի որ նախնական կոնսուլտացիաներ կային հենց այդ երեք ուժերի միջեւ, այս փուլում այս ֆորմատով է հանդիպումը կայացել»: Աղվան Վարդանյանի խոսքերով` ՀԱԿ-ի պարագայում կա որոշակի անորոշություն. նախկինը գոյություն չունի, նորը դեռ կազմակերպված չէ: ՀԱԿ-ի հետ հանդիպում եւս կլինի` անհրաժեշտության դեպքում: «Մենք ասել ենք, որ կողմ ենք ոչ իշխանական ուժերի համախմբմանը», – ասաց Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամը նշեց, որ վերջնական որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվելու են:

«ԵՐԿԻՐ»

Արմեն Ռուստամյան. ՀԱԿ կարգավիճակը դեռ հայտնի չէ

Armen-Rustamyan_1

ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հերթական հանդիպման ավարտից հետո ԲՀԿ ներկայացուցիչներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զորաբյանը հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ քննարկումը դեռ չի ավարտվել:

«Հարցեր այսօր քննարկվել է, բայց կա պայմանավորվածություն` որեւէ մեկնաբանություն այս պահին չենք անում»,- ասաց Նաիրա Զորաբյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանն էլ «Ա1+»-ի հարցին, թե ինչու այսօրվա հանդիպմանը հրավիրված չէր ՀԱԿ-ըմ պատասխանեց. «Մենք նույն ձեւաչափով ենք շարունակում, ովքեր արդեն միացել էին քննարկմանը, արդեն այստեղ էին: ՀԱԿ-ը նախ ինքը պետք է որոշի, կա-չկա, մանակցում է, չի մասնակցում: ՀԱԿ-ը որպես այդպիսին հայտնի չի, թե ինչ կարգավիճակում է»:

Նա նաեւ հավելեց, որ ՀՅԴ տեսակետը մնում է նույնը` ոչ իշխանական ուժերի միավորը ամենաճիշտ լուծումն է: « Դաշնակցությունը պատրաստ է դրան, անգամ իր որոշակի հավակնությունները սահմանափակելու գնով»,-ավելացրեց Արմեն Ռուստամյանը:

«Ա1+»
9 Մարտ 2013

Տպել Տպել