Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է “Ամերիկա – իսրայելական հանրային գործերի կոմիտեին”

aipacՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը երեկ պաշտոնապես բողոք է ներկայացրել “Ամերիկա – իսրայելական հանրային գործերի կոմիտեին”։ Առիթն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի՝ վերջերս մի համաժողովում արած հայտարարություններն էր, ով Իսրայելի աջակիցներին կոչ էր արել “չընկնել հայամետ լոբբիստական խմբերի ազդեցության տակ”։

“Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարաբերությունների ամրապնդումը չի ներառում բռնապետական ռեժիմներին սատարելը”,- ասված է Ամերիկա – իսրայելական հանրային գործերի կոմիտեին հղած նամակում։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դրանում կոմիտեին նաեւ կոչ է արել՝ վերագնահատել համագործակցությունն Ադրբեջանի ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիեւի հետ` “բռնապետ, որը, երկրորդելով Հոլոքոսթի ժամանակաշրջանում հրեաների դեմ Ադոլֆ Հիտլերի թունոտ հայտարարություններին, բացահայտորեն հայտարարել է, թե “աշխարհի հայերն” իր թշնամիներն են”։ Այդ, ինչպես եւ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ իր այլ հայտարարություններով Ալիեւը “հարձակվել է Հայաստանի բուն գոյության իրավունքի վրա` մի լեզվով, որը սարսափեցնելու չափ նման է Իսրայելը ոչնչացնել ձգտողների լեզվին”։

Հայ դատի գրասենյակը, վկայակոչելով իր աղբյուրները Միացյալ Նահանգների Կոնգրեսում, փոխանցում է նաեւ, որ Ադրբեջանի դեսպանն ամերիկացի կոնգրեսականներին հորդորել է չմասնակցել Ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ Կոնգրեսի շենքում կայանալիք միջոցառմանը, որը նախաձեռնել է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախումբը։

“Դեսպան Սուլեյմանովը շատ բան ունի սովորելու Ամերիկայի մասին, եթե կարծում է, թե իր հուսահատ սպառնալիքները կարող են ազդեցություն ունենալ մեր Կոնգրեսի դահլիճներում”, – այդ կապակցությամբ ասել է, մասնավորապես, Արամ Համբարյանը։

Տպել Տպել