Մարիա Թիթիզյան. «Այս շարժման մեջ կա հույս, լույս, ապագայի նկատմամաբ հեռանակար ու արդարություն»

MariaTitizianԱյսօր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած տոնական հանրահավաքին հաճախ ձայն էր տրվում կանանց: Այսպես, ՀՅԴ անդամ, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն, Սոցինտերնի նախկին փոխնախագահ Մարիա Թիթիզյանը հիշեցրեց, որ Մարտի 8-ի տոնը սկզբնավորվել է սոցիալիստ կանանց ՝ իրավահավասարության համար մղվող պայքարի ընթացքում: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի առաջին հանրապետությունում արդեն կնոջ իրավունքները հարգվում էին՝ կանայք ունեին ընտրելու եւ ընտրվելու իրավունք, Հայաստանի դեսպանը Ճապոնիայում Դիանա Աբգարն էր: Իր խոսքում նշեց, որ հայ կինը միշտ պատրաստ է եղել ծառայելու իր ժողովրդին: Եվ այսօր էլ հայ կանանք չեն կարող եւ իրավունք չունեն անտարբեր լինել համազգային շարժման նկատամբ.

«Մենք` կանայք, որպես հասարակության լիարժեք անդամ պարտավոր ենք վճռական լինել մեր ապագա սերունդների համար, լինել ոչ միայն կանանց իրավունքների, այլև ժողովրդի իրավունքների պաշտպան»,-ասաց դաշնակցական գործիչը:

Նրա խոսքով, վերջին ժամանակշրջանը ճակատագրական է ազգի ու պետականության կայացման համար: «Այս օրերին մեզ ոչ թե ծաղիկներ են պետք, այլ՝ արդարություն, ոչ թե նվերներ, այլ՝ իրավահավասարություն, ոչ թե սիրուն խոսքեր, այլ՝ համերաշխություն: Որպես քաղաքացի և երկու զավակների մայր՝ կոչ եմ անում երիտասարդներին, չվախենալ ճնշումներից ու հալածանքներից, հիշել, որ դուք եք կերտում ապագան: Չվախենաք հանկարծ իշխանությունների կողմից գործարադրված հետապնդումներից, ճնշումներից, չմոռանաք, որ դուք եք մեր երկրի վաղվա ղեկավարները։ Մենք պիտի ոչ ասենք վախին, օլիգարխիային, կաշառակերությանը: Մենք, եթե միասնական լինենք, կվերանան դրանք: Այս շարժումը յուրահատուկ է, այս շարժման մեջ կա հույս, լույս, ապագայի նկատմամբ հեռանկար: Այս շարժումը, պիտի գիտակցենք, երկար պայքար է պահանջում: Եթե տեր կանգնենք մեր սկզբունքներին, այս շարժումը միայն կարող է ուժեղանալ եւ այն հաղթանակի կհասնի: Ձեռք ձեռի տալով պիտի կերտենք սոցիալականն արդարություն և ժողովրդավարություն։ Մենք ոչ թե պիտի պահանջենք իշխանափոխություն, այլ պիտի պայքարենք բոլորս միասին և պիտի հասնենք իշխանափոխության: Տղամարդ, կին, ծերունի, երիտասարդ, գյուղացի, բանվոր, ուսուցիչ, մտավորական ձեռք ձեռքի տալով պիտի կերտենք սոցիալական արդարություն: Մեր կանայք՝ որպես հասարակության լիարժեք եւ իրավատեր անդամներ, պարտավոր ենք վճռական լինել ապագա սերունդների համար: Պետք է հիշենք, որ ուժը միշտ վերցվում է, նա երբեւիցե չի տրվում»:

Կանայք Ազատության հրապարակում

Մարտի 8-ին Ազատության հրապարակում հավաքված կանայք պատասխանում են այն հարցին, թե հիմնականում ինչ խնդիրներ ունեն և շնորհավորում են հայ կանանց տոնը:

Տպել Տպել