ՀՅԴ պատգամավորները հանդիպել են չեխ պաշտոնյաների հետ

Armen-AghvanԱյսօր ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը հանդիպում են ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային և արևելյան եվրոպական երկրների վարչության պետ Ելիսկա Զիգովայի, Հայաստանում և Վրաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբիի և Հայաստանում Չեխիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկայի հետ:

Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը համառոտ ներկայացրել է Դաշնակցության անցյալն ու ներկան, կուսակցության ընդդիմադիր կեցվածքը և իշխանություններին առաջադրվող պահանջները: Անդրադարձ է եղել նաև վերջին ընտրություններին և հետընտրական իրավիճակին:

Աղվան Վարդանյանը ցավով նշել է Չեխիայի նման դեմոկրատական երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից 2013 թվականի փետրվարի 7-ին Խոջալուի դեպքերի կապակցությամբ Հայաստանը դատապարտող բանաձևի ընդունման մասին: Ըստ այդ բանաձևի` Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն դատապարտում է բոլոր այն գործողությունները, որոնք կապված են անպաշտպան քաղաքացիների էթնիկ զտումների, ջարդերի և ցեղասպանությունների հետ` անկախ նրանից, թե երբ և որտեղ են դրանք կատարվել:

Տիկին Զիգովան նշել է, որ դա չի արտահայտում Չեխիայի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, պատգամավորները անկախ են գործել: Ըստ նրա` Չեխիայի Հանրապետությունն իսկապես շահագրգռված է Հայաստանի հետ լավ դիվանագիտական հարաբերություններով, և այս հանդիպումը միտված է դրանց հետագա զարգացմանը:

«ԵՐԿԻՐ», 12 Մարտ 2013

Տպել Տպել