Վահան Հովհաննեսյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին

Raffi-VahanՀացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այս օրերին այցելում են բազմաթիվ քաղաքական, պետական, մշակութային գործիչներ:

Այսօր` այն ժամանակ, երբ արդեն 2-րդ օրը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս էր տալիս, Ազատության հրապարակ` նրան տեսակցելու եկավ նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

Ասուլիսից հետո վերջինս նստեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նստարանին, ու մի քանի րոպե նրանք միասին զրուցում էին:

Այնուհետ լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ էր Վահան Հովհաննիսյանն ասում Րաֆիին: Ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանը նշեց՝ «ես ձեզ չէի եկել տեսնելու»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ, որ պայքարի բոլոր ձևերը չէ, որ սպառված են: Իհարկե, ես դասեր կամ խորհուրդներ տալու համար չէ, որ այստեղ եմ, ես եկել եմ զորակցություն հայտնելու, բայց ես կուզենայի զորակցությունն ուրիշ դաշտերում հայտնել, ոչ թե այստեղ»:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք «Դաշնակցությունը» պատրաստ է Ազգային Ժողովի մանդատները վայր դնել, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Դաշնակցությունը միշտ պատրաստ է մանդատները վայր դնել, բայց դա պետք է իմաստ ունենա, ամեն մի քայլ, որն անում ես, պետք է իմաստ ունենա: Եվ եթե դուք կարողացաք բացատրել իմաստը, խնդիր չկա, ցանկացած պահի դա կարող է լինել, բայց ես այս պահին չեմ հասկանում, թե խոսքն ընդհանրապես ինչ մասին է»:

Վերջինս անդրադարձավ նաև ԲՀԿ-ի այն հայտարարությանը, որով միավորումը կարող են տեսնել միայն իրենց կուսակցության առանցքի շուրջ և ասաց, որ միավորումը պետք է լինի ոչ թե կուսակցության շուրջ, այլ գաղափարի: «Այս առումով, կարծում եմ, որ քաղաքական անալիզի կարիք կա, բայց, այնուամենայնիվ, միասնական հանդես գալը դեռևս ամբողջությամբ բացառված չէ»,-ասաց նա՝ ընգծելով, որ իրենք դրա համար ամեն ինչ արեցին:

Տպել Տպել