Հայկական Նյուրենբերգ

30- ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ

1914թ. հուլիսին պայթեցավ Ա համաշխ. Պատերազմը, մասնակ­ցությամբ` մեկ կողմե Անգլիո, Ֆրանսայի եւ Ռուսաստանի դաշնակ­ցության եւ մյուս կողմե` Գերմանիո եւ Ավստրո-Հունգարիո զինակ­ցության: Օսմանյան կայսրությունը կմնար չեզոք: Բայց իթթիհատա­կան կառավարությունը հեւիհեւ կպատրաստվեր մասնակ­ցելու պատե­րազմին1:

* * *

Նույն տարվա հունիս-հուլիսին, Կարնո մեջ, տեղի կունենար Հ.Յ.Դ. 8-րդ Ընդհ. ժողովը, օրակարգի գլխավոր կետով` Հայաստանի բարենորոգումներու հարցը: Խանդավառ էր Թուրքիո հայությունը բարենորոգումներու ծրագրի գործադրությամբ. մինչ թուրք կառավա­րությունը եւ վարիչ կուսակցությունը` Իթթիհատ, կպայքարեին անոր դեմ: Պատերազմի պատճառով Ընդհ. ժողովը ստիպված եղավ շտապ վերջացնելու իր աշխատանքները:

Պատգամավորներեն շատեր հեռացած էին արդեն իրենց տեղերը, երբ օգոստոսին Կարին եկան իթթիհատի կեդրոնական դեմքերեն Բեհաետտին Շաքիր եւ Նաջի Բեյ` բանակցելու Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ, հետեւյալ առաջարկներով` իթթիհատի կողմե.-

1-Թուրքիան պիտի մասնակցի պատերազմին` իբրեւ Գերմանիո զինակից:

2-Հայերը, Կովկասի մեջ, կովկասյան մյուս ազգերուն հետ, կամավորական խումբերով եւ այլ միջոցներով, պետք է կազմալուծեն ռուսական բանակի թիկունքը:

3-Ի հատուցում հայերու այս գործունեության` Թուրքիա կե­րաշ­խավորե, որ պատերազմեն վերջ, Ռուսահայաստանեն (եւ որոշ հողերու կցումով Թուրքիայեն), ստեղծվի ինքնավար Հայաստան` Թուրքիո հովանավորության ներքեւ:

Դաշնակցության ներկայացուցիչները ամեն ճիգ թափեցին համոզելու Իթթիհատի բանագնացները, որ Թուրքիան դուրս մնա պատերազմեն. պարտության պարագային ան կարող էր կորսնցնել կայսրությունը ե՛ւ անկախությունը: Որ Կովկասահայությունը կամա­վորական խումբերով ելլէ Ռուսաստանի դեմ ի նպաստ Թուրքիո, հոգեբանորեն անհնար է` նկատի ունենալով Իթթիհատի կառավա­րության վերջին տարիներու հակահայ քաղաքականությունը: Եթե Թուրքիո մասնակցությունը պատերազմին դառնա անխուսափելի, հայերը, իբրեւ օսմանյան քաղաքացիներ, լրիվ կկատարեն իրենց քաղաքացիական պարտականությունը:

Սակայն թուրքերու ուզածը այդ չէր: Անոնք կակնկալեին, որ հայությունը ազգովին ամեն տեղ միանար Թուրքիո` ռուսերու դեմ: Արդեն, մինչ մեկ կողմե տեղի կունենային «բանակցություններ», մյուս կողմե իթթիհատը, նույն Բեհաետտին Շաքիրի ղեկավարությամբ, գաղտնի կերպով կկազմակերպեր հայաբնակ շրջաններու ապահա­յաց­ման միջոցները:

1914 հոկտեմբերի վերջերը Թուրքիա հարեցավ Գերմանիո` իբրեւ զինակից Ռուսաստանի դեմ: Ռուս-թրքական  պատերազմը ճակա­տագրական հետեւանքներ ունեցավ Թուրքիո հայերուն համար. գործադրվեցավ հայոց Ցեղասպանությունը:

* * *

Դաշնակից պետությունները, տեղեկանալով Թուրքիո մեջ հայերու վերաբերմամբ գործվող ոճիրներու մասին, բազմիցս հանդիսավորապես ազդարարեցին թուրք կառավարությանը, որ իրեն մաս կազմողները անձամբ պատասխանատու պիտի նկատվեին հայերու դեմ գործված չարիքներուն համար: Հետեւաբար, պետք էր ենթադրել, որ Դաշնակիցները պատերազմեն ետք առնվազն պիտի դատեին ու պատժեին թուրք ցեղասպանները, ինչպես ավելի ուշ դատվեցան եւ պատժվեցան նացի ոճրագործները Նյուրնբերգի մեջ Բ համաշխ. Պատերազմին ետք:

Ա համաշխ. պատերազմը վերջացավ 1918 նոյեմբեր 11-ի զինադադարով: Դրանից առաջ ծունկի եկել էր արդեն Թուրքիան: Իթթիհատական կառավարության անդամները փախել էին Գեր­մանիա: Պոլիսը գրավվել էր դաշնակից զորքերով: Անգլիական նավատորմիղը տիրական էր նեղուցներուն եւ Միջերկրական ու Սեւ Ծովերու մեջ: Հաղթական Դաշնակիցների հակակշռին տակ էր ամբողջ Օսմանյան կայսրությունը: Ռուսաստանը մեկուսացած էր, հեղա­փոխական մոլուցքով բռնված: Ռուսաստանի տեղը, Անգլիո եւ Ֆրանսայի կողքին, գրավել էին Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Ուրախ էր եւ «փոքր դաշնակից» հայությունը, որ ինքզինք նույնպես հաղթող կնկատեր, թեեւ ֆիզիկապես եւ նյութապես ահռելի կորուստներու էր մատնված: Հարյուր հազարավոր որբեր եւ այրիներ ցան ու ցիր անգլիական եւ ամերիկյան նպաստամատույց կազմակեր­պություններու որբանոցներուն եւ կայաններուն մեջ: Արեւմտյան Հայաստանն ավեր ու ամայի…

Բայց եւ այնպես, հայությունը հուսալից էր. մեծ Դաշնակից­ներեն «փոքր դաշնակցին» շռայլված խոստումները իրականանալու վրա էին: Եւ ամենից առաջ պիտի պատժվեին ոճրագործները, Դաշնակիցների արգելափակած ե՛ւ դուրսը մնացած2… Հայերը հավատացյալ ժողովուրդ են, ինչպե՞ս չհավատային Անգլիո կամ Ֆրանսայի նման քաղաքակիրթ ազգերու տված խոստումներուն: Սիրազեղ եւ հոգեթով խոսքեր էին ըսված հայերին` պատերազմի օրերուն…

Եւ, հիրավի, Պոլսում սկսավ դատավարություն` թուրք ոճրա­գործների դեմ: Բայց հազիվ երկրորդական ջարդարարներեն մեկը դատված եւ կախաղանի դատապարտված էր, թուրքերու մեջ փրթավ վլվլուկ, եւ Դաշնակիցները, վախնալով բարդություններե` բանտերուն մեջ արգելափակված եւ դատավարության ենթակա հանցավորները փոխադրեցին Մալթա կղզին: Ընդհանուր համոզումը այն էր, որ Մալթայի ավելի ապահով պայմաններուն մեջ տեղի պիտի ունենար դատավարություն. եւ որ փախստական պարագլուխները եւս պիտի ձերբակալվեին ու հանձնվեին դատարան:

Բայց հայերը շուտով հասկցան, որ ոճրագործները Մալթա փոխադրելով Դաշնակիցները նպատակ չունեին զանոնք պատժել, այլ ընդհակառակը` պաշտպանել զանոնք հայերու վրեժխնդրութենեն: Հայտնի եղավ տակավին, որ Անգլիան Մալթայի ոճրագործները կպահեր` փոխանակելու համար Թուրքիո մեջ մնացած անգլիացի գերիներու հետ: Վերջը, փոխանակ հայերուն վերադարձնելու հայերե հափշտակված ու Բերլինի «Դոյչե Բանկ»-ի մեջ պահ դրած իթթիհատական պարագլուխներու մի քանի միլիոն ոսկին, անգլիական իշխանությունները գրավեցին եւ բաժնեցին «թուրքերեն վնասված» անգլիահպատակներու» միջեւ: Հրեաները, Քրիստոսը խաչելե ետք, խաչեցյալի պատմուճանը բաժնելու համար վիճակ ձգեցին: Քաղաքակիրթ «եւրոպացիները իրենք ալ, հափշտակելով ինչ որ արյունարբու թուրքը հափշտակած էր, «ի վերա հայոց պատմուճանի վիճակս արկանեին»։

Հայերը համոզվեցան, որ հոխորտանքով թուրքին սպառնացող եվրոպացին ոչ միայն մտադիր չէ պատժել ոճրագործը, այլ պաշտ­պանության տակ առած` սկսած է «ալիշ-վերիշ» ընել հետը: Հասկցան քաղա­քակիրթ կոչված «մեծ»-երի խոսքի արժեքը, եւ հանեցին անհրա­ժեշտ եզրակացությունը…

1919 աշնան տեղի ունեցավ Հ.Յ.Դաշնակցության 9-րդ Ընդհ. ժողովը, Երեւանի մեջ3: Ու…

Թեհլերյան… Ու, 1921 մարտ 16-ի նախօրեին, երբ Մոսկվայում ստո­րագրվում էր «բարեկամության» դաշնագիրը Խորհ. Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, Բեռլինում, մի անձնվեր երիտասարդի` Սողոմոն Թեհլերյանի հանդուգն գնդակից շանսատակ ընկավ Մեծ Եղեռնի գլխավոր պատասխանատու Թալեաթը4։

Միսաք Թոռլաքյան

Միսաք Թոռլաքյան

Հազիվ մի քանի ամիս անցած, հուլիս 19-ին Պոլսում, մի ուրիշ երիտասարդի` Միսաք Թոռլաքյանի վրիժառու գնդակով սպանվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրը4:

arshavir_shiragianԴեկտ. 6-ին, Հռոմում, գրեթե պատանի մի երիտասարդի` Արշա­վիր Շիրակյանի ձեռքով պատժվեց վարչապետ Սայիդ Հալիմը, որի օրով տեղի էր ունեցել հայերի բնաջնջումը4:

1922 ապրիլի 17-ին, Բեռլինում, նույն Արշավիրի եւ Արամ Երկանյանի ձեռքով, իրենց արժանի պատիժը կրեցին հայկական տեղահանությունների եւ ջարդերի կազմակերպիչ իթթիհատական բորենիներ` Բեհաետտին Շաքիր ու Ջեմալ Ազմի4:

Երեք ամիս վերջ, Թիֆլիսում, Ստեփան Ծաղիկյանի եւ իր ընկերներու` Պետրոս Տեր-Պողոսյանի եւ Արտաշես Գեւորգյանի ձեռքով, Չեկայի շենքին առջեւ, բացառիկ հանդգնությամբ ահաբեկվեց իթթիհատական եռապետության անդամ` Ջեմալ փաշան, որ գործակցում էր բոլշեւիկներին Ռուսաստանում: Քիչ վերջը հայ երիտասարդի ձեռքով նույն պատիժին կարժանանար Թալեաթի ու Ջեմալի եղբայրակից Էնվեր փաշան` ամենաարկածախնդիրը իթթի­հատա­­կաններից5:

Թալեաթի եւ Ջիվանշիրի ահաբեկիչները, ձերբակալվելով` գեր­ման եւ անգլիական ոճրադատ դատարաններին հանձնվեցին Բեռ­լինում ու Պոլսում: Հրապարակային դատավարությունը գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը: Սողոմոն Թեհլերյանն ու Միսաք Թոռլաքյանը անպարտ արձակվեցին` բարոյական մեծ գոհացում պատճառելով հայ ժողովուրդին:

Ջեմալ փաշայի սպանության առթիվ բազմահարյուր ձերբակա­լություններ տեղի ունեցան Ռուսաստանում. դաշնակցական երիտա­սար­դությունը լեցվեց բանտերն ու Չեկայի նկուղները. շատերը, առանց դատ ու դատարանի, աքսորվեցին Սիբիրի սառուցյալ վայրերը6:

Քառորդ դար անցած, Բ համաշխ. պատերազմից հետո, համանման պայմաններում, նացի ջարդարարների համար միջազգային դատ կազմակերպվեց Նյուրնբերգում: Նացի պարագլուխները մահապատիժ կրեցին եւ գերման ժողովրդի վրա տուգանք դրվեց` ի հատուցում հրեաներին եւ ի հատուցում «քաղաքակիրթ մարդկության» վրդոված խղճին…

Մինչ տարբեր եղած էր այդ «քաղաքակիրթ մարդկության» վերաբերումը հայերի հանդեպ: Թուրքիայի հայության կեսը հող­մացրիվ եղած. հայերի ստացվածքը` հափշտակված. գյուղեր ու քաղաքներ` ամայացած: Իսկ հատուցման ժամին` «քաղաքակիրթ մարդկությունը» մնացած էր անտարբեր…:

Եւ հայ ժողովուրդը ինք` «յուր քաջ որդվոց սուրբ արյունով»,սարքեց հայկական Նյուրնբերգ` թուրք դահիճների համար:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1-Ս. Վրացյանի` Ա. Շիրակյանի «Կտակն էր նահատակներուն» գրքի նախաբանը (Բեյրութ, 1965): Առաջին տարբերակը` «Հայաստանի Հանրապե­տություն», գլուխ ԼԷ:

2-Գլխավոր պատասխանատուները զինադադարի արդեն առաջին օրերին գերմանացիների մեղսակցությամբ փախել էին արտասահման:

3-Ընդհանուր ժողովի մասին ընդհանրապես` տե՛ս ավելի վերեւում` հատված 11: Ցեղասպանության պատասխանատուների պատժումը, որ հասկանալի պատճառով տեղ չի գտել հրապարակումներում, ժողովի օրակարգի կարեւորագույն կետերից էր: Այս մասին տե՛ս Հ. Քյուրքչյանի «Թեհլերյան արդարահատույցը» Բեյրութ, 1981, Հավելված: Նաեւ` Ժ. Դըրոժի, Ed. Fayard, «Operation Nemesis», Փարիզ, 1986:

4-Համապատասխանաբար` տե՛ս Ս. Թեհլերյան, «Վերհիշումներ» (Կահիրե, 1954), «Դատավարություն Ս. Թեհլերյանի. սզագրական արձանագրություն» (Վիեննա, 1923), Մ. Թոռլաքյան, «Օրերուս հետ» (2-րդ հրատ., Բեյրութ, 1963), Ա. Շիրակյան, «Կտակն էր նահատակներուն» (Բեյրութ, 1965), Ա. Երկանյան, «Այսպես սպանեցինք» (Բեյրութ, 1954): Երկանյանի մասին տե՛ս նաեւ «Հայրենիք» ամսագիրը (մարտ, 1965):

5-Ջեմալի ահաբեկման մասին տե՛ս Դ. Հայկազյանի «Ջեմալ փաշայի սպանությունը» (եՀայրենիք», մարտ, 1949): Կազմակերպիչ Ստ. Ծաղիկյանի մասին տե՛ս «Հուշապատում ՀՅԴ-յան» (էջ 542-545), ինչպես նաեւ ներկա հատորի կենսագրականների ցանկը:

6-Խորհրդահայ աղբյուրները 197-ական թվականներից բացել են նաեւ Թուրքեստանի մեջ Էնվերի սպանության մանրամասները: Բասմաչների ապստամ­բության դեմ ուղարկված խորհրդային բանակի հրամանատարներից Հակոբ Մելքումյանը (Մելքումով) բացառիկ ջանք է թափել` իթթիհատական եռապետութ­յան վերապրող վերջին անդամին ֆիզիկապես ոչնչացնելու համար: Տե՛ս «Հայկական սովետական հանրագիտարան», 2-րդ հատոր, էջ 304: Վրացյանի նշումը համապատասխանելու է այս փաստին:


31 – ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ

Հազիվ Ամերիկա հասած, նկատեցի որ այստեղ էլ մեր ժողո­վուրդը լարված հետաքրքրությամբ հետեւում էր Հայաստանի դեպքե­րին1: Մանավանդ մեծ հուզում ու վրդովում էր առաջ բերել թուրք ջարդարարների անպատիժ մնալը: Պատերազմի սկզբին` Դաշնա­կիցները հանդիսավոր հայտարարություն էին արել, որ Թուրքիո կառավարության անդամները անձամբ պատասխանատու պիտի նկատվին հայկական ջարդերի համար: Բայց պատերազմը վերջացավ Դաշնակիցների հաղթանակով եւ հայկական Եղեռնի հեղինակները մնացին անպատիժ, նույնիսկ պաշտպանության տակ առնվեցին:

Բովանդակ հայությունը, ամեն տեղ, վրդովված էր Դաշնա­կիցների վերաբերումից. մի ամբողջ ժողովուրդ էր բնաջնջված ամենաբարբարոս միջոցներով, եւ հաղթական Դաշնակիցները մատ մատի չզարկին ոճրագործներին արդարադատության ենթարկելու համար: Ամեն կողմից ժողովուրդը արդեն հատուցում էր պահանջում եւ բոլորի աչքերը հատած էին Դաշնակցության, որ, բնականաբար, իր կարգին մտածել էր փոխհատուցման մասին. Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհ. ժողովը, 1919-ի աշնան, զբաղվել էր հարցով:

Արմեն Գարո

Արմեն Գարո

Ամերիկայի հայության մեջ էլ հասունացել էր նույն միտքը, եւ մտայնության ոգին էր Արմեն Գարոն, որի նախաձեռնությամբ հատուկ ֆոնդ էր ստեղծված եւ հատուկ աշխատանք էր կատարվում: Ու պարզվեց, որ այն` ինչի մասին ես երազում էի գիշեր ու ցերեկ, այստեղ արդեն կենդանի գործ էր դարձած: Արմեն Գարոյի ղեկավարության տակ կատարվել էր նախնական ահագին աշխատանք2:

Ամերիկայում իմացա, որ Պոլսից փախած իթթիհատականները Եվրոպայում վարում էին գործոն աշխատանք: Նրանք կապեր էին հաստատել Եվրոպայի քաղաքական շրջանակների վրա` ի չիք դարձնելու հայկական խնդիրը եւ ավելի զիջող ընթացք ապահովելու Թուրքիո նկատմամբ` բոլոր մնացած խնդիրներում: Այդ նպատակով նրանք տեսակցություններ էին ունենում դաշնակից պետությունների ներկայացուցիչների հետ եւ անում էին խորհրդակցություններ: Էնվերը գտնվում էր Ռուսաստանում. այնտեղ նա հիմնել էր «Իսլամ Ազատագրության Միություն», որ ուներ մասնաճյուղեր Բեռլինում եւ Անատոլիայում: Երկու ամիս առաջ Բեռլինում գումարվել էր համա­ժողով` Անգլիո վրա ճնշում գործ դնելու նպատակով: Աշխատանքների գլխավոր վայրը հանդիսանում էր Ռուսաստանը, հատկապես Անդրկովկասը` քեմալական շարժման հետ սերտ գործակցություն պահպանելու նպատակով: Ըստ ամենավերջին տեղեկության, Բաքու էին գտնվում Էնվերը, Իբրահիմ Թալինը, Քյուչուկ Թալեաթը, Բեհաետտին Շաքիրը, Մուստաֆա Սուբհին, Նուրի եւ Խալիլ փաշա­ները: Այնտեղ նրանք մասնակցել էին «Արեւելյան ժողովուրդների Համագումարին»։ Հայաստանում արդեն ծայր տված հայ-թրքական պատերազմը համարվում էր այդ համագումարի որոշման հետեւանք: Թալեաթը ենթադրվում էր` Ժնեւում կամ Բեռլինում:

Շահան Նատալի

Շահան Նատալի

Մի օր էլ ես ծանոթացա հասակագեղ, հաղթանդամ, տպավորիչ արտաքինով եւ բարեհամբույր Արմեն Գարոյի հետ: Միայն մեկ անգամ էի տեսել նրան, բայց շատ էի լսել նրա մասին: Շիտակ, ազնիվ, բարի, բոլորանվեր առաջնորդը, իմանալով որ ես եմ Փարիզից եկողը, միանգամայն մտերիմ, սրտաբաց, անկեղծ, հայրական գորովով ու եղբայրական ջերմությամբ ձեռքս թոթվեց: Ինձ համակեց շփոթություն: Արմեն Գարոն պատկերանում էր ինձ իբրեւ մարդկային կատարե­լություն: Եւ չէի սխալվում. նա ծնած էր այդպես` առաքինի, վճիտ եւ բյուրեղ: Բայց վերջին հինգ տարիները շատ էին ազդել վրան` ստեղծելով նրա հանդարտ հոգու մեջ մի աննվաճելի ան­հան­գըստություն: Իր քիչ ուռած կոպերի տակ` սիրուն աչքերը զրկվել էին նախկին փայլից ու պայծառությունից. առնական դեմքին հայտնվել էին կնճիռներ:

Խմբով գնացինք ճաշարան, որ պահում էր տարեց ընկերներից մեկը: Կըս-կլոր, խոշոր դդումի պես դուրս ընկած փորով, թավ հոնքերի տակ կորսված անհանգիստ աչքերով ճաշարանապետը, տեսնելով Գարոյին, վեր ցատկեց տեղից, ափերի մեջ թաղեց նրա ձեռքը եւ ուրախացած բացականչեց.

-Վա՛յ, պարոն Գարո…

-Է, Գոգո, ըսե՛ տեսնենք` ինչ կա-չկա,- խոսեց նրան Գարոն հին բարեկամի պես:

-Ջան սաղություն, ի՞նչ պիտի լինի: Աստված օգնության հասնի, ազգի վիճակը հայտնի է…

Գոգոն մեզ առանձնացրեց մի սենյակ եւ իր հսկողության տակ առավ սպասարկությունը:

Արմեն Գարոյից իմացա, որ ութ օր առաջ հեռագրել էին Փարիզ Հանմյանին3, որ այնտեղ սպասեմ Ամերիկայից գալիք մեկին4, բայց ես արդեն մեկնել էի: Այժմ այդ մեկը գտնում էր անհրաժեշտ` անմիջապես գործի անցնել եւ մեկնել Շվեյցարիա: Արմեն Գարոն գտնում էր, որ հետախուզական նախնական աշխատանքները այդ անձը կարող է մինակ կատարել` կարիքի դեպքում դիմելով տեղական ուժերի աջակցության. իսկ ես պետք է մեկնեմ այն դեպքում, երբ պարզվի, թե ո՛ւր է Թալեաթը` Ժնեւո՞ւմ, թե՞ Բեռլինում: Իմ ցանկությունն էլ այդ էր: Գործի համար անհրաժեշտ զգուշությունների նկատումներով, այդպես էլ որոշվեց:

Հայտնի եղավ նաեւ, որ գրված է Պոլիս եւ Բեռլին` Թալեաթի հետքերին հետամուտ լինելու մասին: Ստացված տեղեկությունները պետք է կենտրոնանային հետախուզական մասի վարիչի մոտ: Մինչ այդ արդեն երեքական պատճեններով արտանկարված ու պատրաստ էին բոլոր գլխավոր ջարդարարների լուսանկարները: Ապահովված էին եւ նյութական միջոցները:

Թեեւ խնդիրը դեռ շատ ջուր կվերցներ, բայց ինձ համակել էր մի ներքին հրճվանք, որ գործը գտնվում է կարող մարդկանց ձեռքում եւ արդեն դրված է շիտակ ճամփու վրա: Բոլոր հարցերը պարզվեցին ու ճշտվեցին առանց վիճաբանության եւ տարակարծությունների, ինչպես մի ընտանիքում, ուր ամենից շատ կշիռ ունի մեծի խոսքը:

-Բարի ճանապարհ եւ հաջողություն ձեզ,- խոսքը փակեց Գարոն:- Շատ պիտի ուզեի աչքս ետեւս չմեռնել. մեր այս ծանր օրերուն այդ ճիվաղի մահը մեծագույն մխիթարություն պիտի ըլլար հայության համար…

Մի քանի օր հետո Եվրոպայից ստացված հեռագրի համաձայն, ես մեկնեցի Ժնեւ: Դյուրությամբ գտա «Դրոշակի» խմբագրությունը, ուր հույս ունեի տեսնելու մեր ներկայացուցչին, որ իր հասցեն չէր հայտնել: Ժնեւ, հատկապես «Դրոշակի» խմբագրությունը այն ժամանակ պատկերանում էր իբրեւ հայ հեղափոխական շարժման ուխտատեղի: Եւ անտարբերությամբ չէր, որ մոտեցա երկաթյա շրջափակով պարտեզի մեջ ընկած երկհարկանի համեստ շենքին, որ կարծես ավերակ էր եւ կենդանության նշույլ չուներ: Պարտեզի խորքում, ծառերի մեջ, կիսով չափ փլած ձողափայտերը մատնում էին հանգստյան տաղավարի մնացորդներ… Դուռը բաց էր, ներսը պատերից կախված էին նահատակ հեղափոխականների նկարներ. երկու սենյակների միջանցքաձեւ մասում, ապակեպատ դարակներում շարված էին գրքեր… Ներքնահարկից լսեցի մի ձայն: Դեմս բուսավ մագաղաթի պես դեղնած դեմքով, նիհարակազմ մի մարդ:

-Ո՞վ եք եւ ի՞նչ կուզեք:

-Ներեցեք, երեւի դուք տիար Անտոնն եք:

-Այո՛:

-Ընկերները պատմել են ինձ ձեր մասին:

-Ի՞նչ ընկերներ,- ասաց այժմ հետաքրքրությամբ:

-Ամերիկայի:

-Ընկեր Թեհլերյա՞ն…

-Այո՛:

-Չըսե՞ս մի, օրհնվածի՛ զավակ, արի ներս…

Այստեղ պարզվեց, որ մեր ներկայացուցիչը հինգ օր առաջ մեկնել էր, առանց հայտնելու, թե ուր, թողնելով տիար Անտոնի մոտ ինձ համար մի նամակ: Նա գրում էր, թե Պոլսից ստացած մի նամակի շնորհիվ գտել է «իր մոտ ազգականներից մեկի» հետքը Բեռլինում, ուր եւ մեկնում է: Պետք է ես էլ աճապարեի, եթե ուզում էի եհամալսարան մտնել»…

Տիար Անտոնը ուներ հեղափոխական որոշ անցյալ Բալկան­ներում: Բայց նաեւ, գրեթե «Դրոշակի» ժնեւում հաստատ­վելուց ի վեր, հանդիսանում էր շենքի ու գույքերի բծախնդիր վերահսկիչը5: Նա հասկացավ, որ եկել եմ կարեւոր գործով, բայց հետաքրքրություն չարտահայտեց. հյուրասիրեց թեյով: Պարրզվեց, որ «Դրոշակի» խմբագրությունը ուզում են փոխադրել Փարիզ եւ մտադրություն կա Ժնեւի շենքը ծախելու, այնտեղ մի ուրիշը գնելու համար: Դառնությամբ էր խոսում այդ մասին. իր կարծիքով «Դրոշակը» Ժնեւից փոխադրվելով կխամրի: Նա չէր կարող հասկանալ, թե ինչպես կարելի է «Հայ Յեղափոխության Էջմիածինը» վաճառել:

Լսում էի, բայց միտքս ուրիշ տեղ էր: Հուզված ու ցրված էի. «Հետքը գտնվել էր»։ Պետք ունեի մինակ լինելու` այդ լուրի արժեքը չափելու համար: Տիար Անտոնը ինձ օգնեց տեղավորվելու հարեւան մի պանդոկում:

Հակառակ աճապարանքիս, հինգ-վեց օր տեւեց մինչեւ կարողացա վիզա ստանալ Բեռլինի համար, ուր գնում էի «մեքենա­գիտություն ուսանելու նպատակով»։ Դեկտեմբեր 3-ին մեկնեցի:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1-Տե՛ս Ս. Թեհլերյան, «Վերհիշումներ», էջ 235-ից:

2-Տե՛ս հատված 30, ծնթ. 3-ի հղված գործերը:

3-Արտավազդ Հանըմյանը, որ Փարիզում ՀՀ դիվանագիտական գործիչ էր, միաժամանակ «Նեմեսիսի» ցանցին կապող «հանգույց» էր:

4-Շահան Նաթալին գործողությունների անմիջական ղեկավարն էր; Իր կրքոտ խառնվածքի ու ծայրահեղական ծրագրերի պատճառով (պահանջում էր դիմել կույր-ցեղասպանական պատժամիջոցների` զանգվածային թունավո­րումներ եւ այլն) մեկուսացվեց եւ ի վերջո վտարվեց կուսակցությունից:

5-Տիար Անտոն Գոշ. տե՛ս շարքի Բ հատորը:


32- ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՐԴԱՐԱՀԱՏՈՒՑՈՒՄ

Բեռլին հասա երեկոյան. թեեւ ժամը 10-ն էր, բայց չորս միլիոն բնակիչ հաշվվող այդ քաղաքը մեռած էր: Տեղում էր ձյունախառն անձրեւ: Ինքնաշարժը կանգ առավ «Թիրկարտեն» հյուրանոցի դիմաց, ուր ապրում էր ներկայացուցիչը1: Անհամբեր էի իմանալու, թե ինչ դրության մեջ էր գործը: «Շատ լավ է», եղավ պատասխանը: Թա­լեաթը Բեռլինում էր: Եւ ցույց տալով գերմաներեն մի թերթ ընդգծված մասերով` ասաց.

-Այս հոդվածը ուղղված է Իթթիհատի, հատկապես Իսմայիլ Հագգըի դեմ. գրում է Մեհմեդ Զոքին:

-Ովքե՞ր են դրանք:

-Առաջինը իթթիհատական երիտասարդներից է, որ երեք տարի առաջ կուսակցության կողմից ուղարկված է Բեռլին ուսում ստանալու համար: Մեհմեդ Զեքին մութ անձնավորություն է, որ ժամանակին Պոլսո մեջ «Ազգային Պաշտպանություն» անունով շաբաթաթերթն էր հրատարակում. հայտնի շարլատան, նշանավոր դրամաշորթ, նախկին իթթիհատական պնակալեզ. հիմա այստեղ, ըստ երեւույթին, գործը լավ չէ նախկին պետերի հետ եւ ձեռնարկել է մերկացումների: Այս հոդվածի մեջ Մեհմեդ Զեքին, խոսելով Իսմայիլ Հագգըի կողմից հայկական խնդրի շուրջ գրած մի հոդվածի մասին, հարում է. «Զարմանալի է, որ իրենց պետը, գերման հանրապետության հյուրը… ». ապա` «Եւ Բեռլին բնակող ոճրագործների կոմիտեի մասին Հագգըն ոչինչ չի գրում»։ Ու ավելի վար` «Մենք գիտենք, որ Իսմայիլ Հագգը բեյը միայն Թալեաթ փաշայի հետ չէր, որ հարաբերվում է սերտորեն, այլեւ դոկտոր Նազըմի եւ Հալեպի նախկին կուսակալ Պետրիի հետ… Բեռլին գտնվող իթթիհատականները վերջերս սկսել են իրենց ընկերվա­րական հայտարարել: Պետք չէ հավատալ: Մոտ օրերս ես մի դասախոսություն պիտի կարդամ, այդ բոլոր խնդիրները անկողմ­նակալորեն քննության առնեմ եւ մերկացնեմ Իթթիհատ-Թերագգըի գործունեությունը»։

Մեզ համար կարեւորը` այլեւս կասկած չէր մնում, թե ոճրագործները այստեղ էին: Բեռլինում էին Թալեաթը, Պոլսի նախկին ոստիկանապետ Պետրին, Իսմայիլ Հագգըն, Տրապիզոնի վալի` Ջեմալ Ազմի բեյը, որ ծխախոտի գործ էր սկսել եւ բացել խանութ, ուր զբաղվում էր եւ գորգավաճառությամբ:

Այս վերջին լուրը ինձ ուղղակի շշմեցրեց. տասնչորս հազար մարդ կոտորել. նրանց հարստություններով գործ ստեղծել ու անվրդով ապրիլ մի քաղաքակիրթ երկրի մայրաքաղաքում… Ես անհամբեր էի այդ սրիկայի հաշիվը տեսնելու, բայց դրանով կարող էի փախցնել մյուսներին, ավելի մեծերին, մանավանդ Թալեաթին, որի ճիվաղային ուրվականը հալածում էր ինձ գիշեր ու ցերեկ: Պետք էր շարժվել զգույշ եւ որսը ձեռքից չփախցնել, թեեւ աներեւակայելի էր ինձ համար, որ Տրապիզոնի վալին հայտնագործվելուց հետո կարող էր դեռ ապրել…

Պարզվեց, որ մի քանիսի հետեւից արդեն նշանակված էր հետախուզություն եւ առհասարակ գործը ընթացքի մեջ էր: Ես էլ, ուրեմն, պետք էր լծվեի աշխատանքի, առաջին հերթին ձեռնարկելով հետախուզության:

Հրաչ Փափազյան

Հրաչ Փափազյան

Հաջորդ առավոտ, դեռ հյուրանոցից դուրս չէի եկել, հայտնվեց Հազորը2, 27-28 տարեկան մի թխադեմ երիտասարդ, որ ուսանում էր Բեռլինի համալսարանում: Նրա դուրեկան դեմքին պարզվեց մի լայն ժպիտ, երբ ծանոթացավ հետս: Նա ասաց, թե եկել է հայտնելու մի քանի հետաքրքրական տեղեկություններ որ իմացել էր Հրափից3: Իբր թե այս օրերս Էնվերը Մոսկվայից այս կողմերը պիտի գա` Իթթիհատը վերականգնելու նպատակով: Բայց խնդրին շուրջը ինք եւ Թալեաթ մրցակցության մեջ են: Վերջինի կողմնակիցները ուզում են, որ վերակազմված կուսակցության կենտրոնատեղին լինի Բեռլինը եւ կուսակցությունը արտասահմանյան հանգամանք ունենա: Այնինչ Էնվերը պնդում էր, որ կուսակցության կենտրոնը լինի Մոսկվայում: Ինքը` Հրափը կարծում է, որ այս տարակարծության պատճառը հետեւյալն է. Էնվերը շատ հաճախ գտնվում է Մոսկվայում, Անդրկով­կասում եւ ուզում է իր ազդեցության տակ պահել կուսակցությունը: Բացի այդ, ցանկանում է կարելի եղածին չափ մոտ լինել Անատոլիային եւ բաժին ունենալ երկրի ներքին գործերի մեջ: Մինչդեռ Թալեաթի կողմնակիցները կանգնած են այն տեսակետի վրա, որ իրենց միջամտությունը կարող է աղմուկ բարձրացնել Եվրոպայում եւ վնասել երկրում սկսված ազգայնական շարժման զարգացման: Այդ առթիվ, իբր թե մի քանի օր առաջ խորհրդակցություն է եղել թալեաթականների, եգիպտացի շեյխ Աբդուլ-Ազիզի, սուրիացի Շեքիր Ասլանի եւ Հնդկաստանից մի քանի իսլամների մասնակցությամբ: Թալեաթը` ինքը ներկա չի եղել այդ խորհրդակցության:

Հրափը այս տեղեկությունները ստացել էր թուրք ուսանողներից, որոնց հետ մտերիմ էր:

Ինքը` Հրափը, ինչպես պատմեցին, դեմքով, անունով անաղարտ տաճկերենով իսկական թուրքից չէր տարբերվում: Բայց ընտիր հայ էր: Ուներ մտերիմներ թուրք ուսանողների եւ թուրքերի մեջ, զգալի ծառայություններ էր մատուցանում մեր դիվանագիտական ներկա­յացուցչին կարեւոր տեղեկություններով3:

Այս տեղեկությունները հաղորդելուց հետո, Հազորը մեկնեց: Քիչ վերջը դուրս ելանք եւ մենք: Ձյունում էր խոշոր փաթիլներով, որոնք թիթեռնիկների պես ճախրում էին ամեն ուղղությամբ ու համրորեն վար իջնում: Տաք, հանդարտ եւ հաճելի ձմռան օր էր: Գնում էինք համրաքայլ, ամեն մեկը իր մտքերի հետ: Քիչ անց` մտանք մի լայն պողոտա` որ երկարում է կայսերական պալատից ուղիղ գծով Բրատենբուրգ Կիշըն Թոռ, Բեռլինի ամենամեծ փողոցը: Անհրաժեշտ էր, որ ծանոթանայի քաղաքի դասավորության, գլխավոր թաղա­մասերին, փողոցներին: Անհրաժեշտ էր, որ գեթ մի քիչ գերմաներեն սովորեի:

* * *

Առավոտը սովորականից շուտ ելա. արեւի շողերը արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին4: Հազիվ էի ավարտել թեյս եւ ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին` երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. նա՞ էր արդյոք: Այո՛…: Նա մեկ-երկու քայլ առաջ անցավ, ուշադիր զննեց մայթը` նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ որ մտքերի ծանրության տակ` գլուխը կախեց: Ըստ երեւույթին` թեթեւ չէր կյանքը, գործած անպատում ոճիրից հետո: Համենայն դեպս, թեեւ անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ` Պոլսո պատերազմական ատյանի եւ Հ.Յ.Դաշնակ­ցության: Առաջինը նրա համար, հավանաբար, ուներ բարոյական նշանակություն. փոխանակ վեր հանելու իր «ազգանվեր» մեծ գործը, հարազատ երկրի մեջ հարազատները դատապարտում էին նրան մահվան, իբրեւ սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թյուրիմացությունը» պարզել. ապագա սերունդները կհասկնային կատարած գործի արժեքը, եթե… եթե չլիներ Հ.Յ.Դաշ­նակ­ցության դատավճիռը: Այնուամենայնիվ, չկարողացավ կուսակ­ցության բոլոր ղեկավարներին բնաջնջել… Բայց ո՞վ մնաց իր ճանա­չածներից: Փաստորեն մեկ հոգի – Գարեգին Փաստրմաճյանը…

Լծակի պես հաստ դաստակը վեր տարավ, ձեռքով ճակատը շփեց, ներս մտավ: Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը:

Զենքը առի վրաս, պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ ու փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Երբ դուրս ելա փողոց, դիմացի մայթով արդեն բռնել էր Ուհլանտի ուղին: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռիցս, բայց եւ հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ:

«Հասի՛ր, վազի՛ր, անցի՛ր մյուս մայթը, ու շեղակի կռնակից, մեջքի՛ն, գլխի՛ն, շո՛ւտ, անցի՛ր փողոցը»…

Մայթից իջա փողոց` հետեւը անցնելու, բայց հանկարծ մի բան հետ մղեց ինձ. հազար անգամ պարզված բացորոշ բանը այդ պահին մեկեն կասկածելի թվաց. նա՞ է արդյոք…

«Անցիր դիմացը, դիմա՛ցը, դիմա՛ցը, ուղղակի ճակատին, շո՛ւտ, շո՛ւտ, շո՛ւտ, վազի՛ր»…

Դիմացի մայթով հավասարվեցի նրան, արագ քայլերով բավա­կան հառաջացա. անցա նույն մայթը` ուսկից գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ…

Թալեաթը հարվածից կարծես ցնցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց. ապա` սղոցված կաղնու բունի պես երեսի վրա տապալվեց թնդյունով… Ճիշտ դեմը մի կին ճչաց ու գետին փռվեց. մի մարդ վազեց… Բնավ չէի կարող երեւակայել, որ այդպիսի դյուրությամբ գետին պիտի փռվի գազանը: Մի վայրկյան մղում ունեցա բոլոր գնդակները պարպելու մեջքին, բայց փոխանակ կրակելու` զենքս նետեցի: Սեւ, թանձր արյունը վայրկենապես լճացավ Թալեաթի գլխի շուրջ. կարծես ջարդված անոթից մազութ էր դուրս թափվում…

-Մարդ սպանեց…,- լսեցի:

Նայեցի վեր, վար, դիմացը. ամեն կողմ մարդիկ կանգ առած` նայում էին ինձ…

-Մարդ սպանեց, բռնեցե՛ք,- ճչաց մեկը` ցանցաձեւ պարզելով դեպի ինձ ձեռքերը…

Բայց լճացող արյունը կարծես դյութել էր ինձ:

-Բռնեցե՛ք, բռնեցե՛ք,- ճչացին ուրիշներ…

Ես անցա նրանց մոտով. ոչ ոք փորձեց ինձ բռնել: Բայց երբ թիկունքից աղաղակները բազմացան, քարացած ջղերս հանկարծ թունդ ելան, ու ես ինձ նետեցի հարեւան փողոցը. ի՞նչ անելու` չգիտեմ: Ահավոր աղմուկով մարդիկ ինձ հետապնդեցին: Ես փախա: Դիմացից եկող մեկը բռնեց ինձ…

Կարո՞ղ էի արդյոք խուսափիլ. հավանաբար, եթե այդ մասին նախապես մտածած եւ որոշած լինեի: Անմիջապես ամբոխը ինձ շրջապատեց: Չէի հասկանում, թե ինչ են ուզում ինձնից. գոռում են, բռունցքները ճոճելով հարձակվում, այնինչ ես ոչ ոքի հետ գործ չունեմ: Մեկը ինձ քաշքշեց, ուրիշներ սկսան անխնա հարվածել. մի զինված բռունցք իջավ գլխուս. աչքերս մթնեցին. վար ընկնելուց խուսափեկով` չոքեցի. արյունը ակոսում էր դեմքս. բազմաթիվ ձեռք ու ոտք էին իջնում վրաս. անզոր կատաղությամբ պոռացի.

-Ի՞նչ եք ուզում. ես` հայ, նա` թուրք, ձե՞զ ինչ…

Ամբոխը ճեղքվեց. մի ոստիկան ոտքի հանեց ինձ.

-Հայ են, թուրք են,- խլրտում էր տեղի տվող ամբոխը:

Գլխիցս արյուն էր հոսում: Հասան ուրիշ ոստիկաններ: Ամբոխը հետ քաշվեց: Ինձ դարձրին Հարդենբերգ: Մայթի վրա նույն դիրքում ընկած էր հրեշը: Ոստիկաններ, բազմություն, որոշ հեռավորության վրա, բոլորվել են չորս կողմը:

Անցանք…

Գազազած ոստիկանները նետեցին ինձ Շարլոտենբուրգի ոստիկանատան մի խցիկը: Ապա հայտնվեց մի պաշտոնյա, որ գլուխս վիրակապերով փաթաթեց ու ինձ դուրս հանեց: Ինքնաշարժով փոխադ­­­րեցին գաղտնի ոստիկանական բաժինը: Պաշտոնյաների եւ ոստիկանների մի բազմություն կար այստեղ. մեկը ինձ ներս տարավ մի ավելի մեծ խուց…

Համակված էի հոգեկան այնպիսի մի ներքին գոհունակությամբ, որի նմանը չէի ապրել երբեք: Արճիճի պես վրաս ծանրացած տեւական մղձավանջը չքացել էր հանկարծ: Ամեն բան փոխվել էր կարծես. կաշկանդված հոգիս ազատ ու լայնարձակ թռչում էր. կարծես էությամբ ձերբազատված` մտքերս շրջան էին անում աշխարհի ծանոթ բոլոր անկյուններում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1-Տե՛ս Ս. Թեհլերյան, «Վերհիշումներ», էջ 252-ից: Ներկայացուցիչը Շահան Նաթալին է. տե՛ս հտծ. 31, ծնթ. 4:

2-Հազոր. իսկական անունով` Հ. Զորյան, «Նեմեսիսի» գործիչներից:

3-Հրափը ծածկանունն է Հրաչի կամ Կարպիս Փափազյանի, որ դաշնակ­ցական ու հայկական իրականության մեջ հետագա տասնամյակներում հայտնի էր որպես Հրաչ Փափազյան: Նրա անսովոր գաղտնապահությունը, ինչպես եւ, անշուշտ, գործի բնույթը պատճառ են դարձել, որ Հրաչ Փափազյանի խիստ կարեւոր ու անփոխարինելի դերը, նաեւ անհավատալի հնարագիտությունը` որպես ընդհատակյա աշխատանքների կազմակերպիչ, իրազեկող գործիչ ու պատաս­խանատու, չստանային արժանի գնահատական ու համընդհանուր ճանաչում: Չափազանցություն չպիտի լինի ասելու, որ նրա ձեռքում է միշտ եղել նեմեսիսյան բազմաքայլ գործողությունների գլխավոր բանալին` սկսած զինադադարի շրջանից ու պոլսական ահաբեկումներից, ուր գործում էր իբրեւ տեղի Կենտրոնական Կոմիտեի գործավար: Իրավաբանական համալսարանի ուսանող, որ թուրքի չափ սահուն թուրքերեն էր խոսում եւ լավ ծանոթ էր թրքական բարքերին: Այստեղ տեսնում ենք, որ 1920-ի աշնանից նա արդեն Բեռլինում է` հետախուզական բուն աշխատանքների ու ահաբեկումների համար հող նախապատրաստելու նպատա­կով:

Նրա դերը նույնքան ու ավելի կարեւոր է լինելու 1922-ի բեռլինյան ահաբե­կումների գործում: Ահա թե նրա մասին ի՛նչ է գրում Արշավիր Շիրակյանը.

«Վայելչակազմ ու կենցաղագետ, սալոնի տղա, որուն հոգիին խորը սակայն ցեղին վրեժխնդրության կրակը կվառեր: Իրավաբանական ուսանող Կարպիս Փափազյան, կամ մեր ընկերական շրջանակներուն մեջ ծանոթ` Հրաչ ծածկա­նունով, որ բուն անունն էր մեծ նահատակներեն մեկուն, ընդունած էր Մեհմեդ Ալի թրքական անունը, ու տակավին` թլպատված էր, որպեսզի մեր ճամփան ապահով հարդարե:

Մեզմե երկու ամիս առաջ հասած էր Բեռլին, հաջողած էր մտերմանալ Ջեմալ Ազմիի տղուն` Էքմելին հետ եւ դառնալ անոր զվարճության ընկերը, տան փնտրված բարեկամը կամ հյուրը, որուն ներկայության ամեն ինչ կարելի էր խոսիլ: Ներկայացած էր անոնց` իբր կեսարացի մեծահարուստի մը զավակ եւ սիրելի դարձած` այդ գազանի որջը այցելող շարք մը բարձրաստիճան թուրքերու, որոնք հոն հաստատված էին կամ կուգային կանցնեին, ինչպես նաեւ սիրելին` հանըմներուն: «Մեհմեդ Ալի»-ն քանիցս «կավալիեր» պիտի ըլլար նույնիսկ Թալեաթ փաշայի այրիին:

Արտաքնապես անխռով, սրտին քար դրած, օրերով մտիկ կըներ ջարդարարներուն անմարդկային պատմություններուն, հայկական կոտորածի անլուր դեպքերուն եւ գազանավայել մանրամասնություններուն: Օր մը, դահլիճին մեջ, այդ անխիղճ հանըմներն ու գազան բեյ ու էֆենդիները հաճույքով կպատմեն, թե ինչպես Ջեմալ Ազմին հպարտությամբ իրենց հաղորդած է սա աներեւակայելի հրեշությունը.

«-Տրապիզոնի հայերուն երկսեռ առողջ ու սիրուն մանուկները զատեցի, մեկ քանին, 10-13 տարեկան, նվեր տվի տղուս, իսկ մյուսներն ալ կողովներու եւ սնտուկներու մեջ տեղավորել տալով ծովը թափել տվի:

-Այս տարի խամսի ձուկը թո՛ղ շատնա, ըսի,»- ավելցուցած էր ճիվաղը ծիծաղելով:

«Մեհմեդ Ալին» այդ ամենը կլսեր անխռով արտաքնապես, այլ ներքնապես չարչարվելով ու տանջվելով: Ջիղերը քայքայված էին, ինչպես կզգայի ու կտեսնեի` ամեն հանդիպումիս:

Տարիներ անցած են այդ ահավոր օրերուն վրայեն: Երբեմն կանդրա­դառնամ, որ առանց «Մեհմեդ Ալի»-ի կամավոր զոհողության, հավանաբար հրեշնե­րը չգտնեինք եւ անոնք ազատեին մեր վրիժառու գնդակներեն, ինչպես ազատեցան շարք մը արյունարբու իթթիհատականներ` Նազըմը, Մուամմերը, եւ այլն»։

Բեռլինի դիվանագիտական ներկայացուցիչը հյուպատոս Գրինֆիլդն է (հայի ու գերմանացու խառն ծագումով), իսկ օգնականը` Լիպարիտ Նազարյանցը:

4-Վերեւի տողերում ասվածից անցել է երեք ամիս. մարտի 15-ի առավոտն է:


33 – Ա. ՇԻՐԱԿՅԱՆ. ՍԱՅԻԴ ՀԱԼԻՄ ՓԱՇԱՅԻ ՊԱՏՈՒՀԱՍՈՒՄԸ

Լսած խոսակցությանս մեջ կարեւորը ինձի համար սա էր` որ փաշան չէր մեկնած, Հռոմ կգտնվեր: Ուրեմն մեր վախը զուր էր. անմիջապես գացի այս պարագան Մ.-ին հայտնելու. ձայն չհանեց. հուսահատ ու ընկճված երեւոյթ մը ուներ, եւ անվերջ նամակներ կգրեր Պոլիս. կգանգատեր որ մեր տղաքը չեն հասնիր1:

Անկեղծորեն ցավեցա իր վրա: Խեղճը ուղղակի կտառապեր, որ ձեռնարկը չի հաջողիր, եւ կզգար թե պատասխանատվության մեծ բաժինը իրեն պիտի մնա: Ու որոշումս տվի: Եթե Մ.-ն այդ պահուն կարենար մտածումս կարդալ, պիտի հասկնար, որ պարզապես իր սիրույն էր որ տվի վճռական որոշումս: Դարձա իրեն եւ ըսի.

-Ա՛լ մինակս պիտի ընեմ հետապնդումը: Հետեւանքը ի՛նչ ուզե` ըլլա: Վստա՛հ եղիր, որ այս գործը գլուխ պիտի հանեմ:

Մ. ձայն չհանեց, եւ նույն ընկճված վիճակը կպահեր. կարծես հանցավոր կզգար ինքզինքը: Հեռացա իրմե եւ գացի տուն. հավաքեցի Պոլսեն ստացած նամակներս եւ ամեն կարգի թուղթերս, իջա գետեզերք. մանր-մանր պատռտեցի բոլորն ալ եւ ջուրը նետեցի. նպատակս էր ամեն հետք մեջտեղեն վերցնել եւ այնպես մը ընել, որ եթե ձերբակալվիմ կամ սպանվիմ` ինքնությունս հայտնող որեւէ թուղթ չգտնվի վրաս կամ սենյակիս մեջ: Իբրեւ միակ ստացվածք, վրաս ունեի երկու հայուր թրքական թղթադրամ, քանի մը հազար լիրեթ եւ ատրճանակս` վեց փամփուշտներով:

Այդ օրը, վեցերորդ անգամ ըլլալով անցա փաշային տան առջեւեն. փառավոր շենք մըն էր, իսկական դղյակ մը, Հռոմի ազնվապետական թաղամասին մեջ: Միշտ լուռ ու խաղաղ էր այդ տունը, եւ տեւական կամ հաճախակի թափառումներս այդ տեղանքը կրնային կասկածներու տեղի տալ: Ճիշտ այդ պատճառով, հաջողած էի հարաբերություն մշակել աղջկան մը հետ, որ փաշայի բնակարանին դիմաց, քիչ մը վերոք, ափարթմանի մը առաջին հարկը կբնակեր:

Ո՞վ պիտի կասկածեր իր սիրուհիին դռան առջեւ պահակի նման սպասող երիտասարդի մը վրա: Նույնինքն փաշան, եթե անձամբ տեսներ իր բնակարանին շուրջ այդպես թափառելիս, կասկածելու պատճառ պիտի չունենար:

Կամաց-կամաց Հելենային հետ «կապս» սերտացավ. միասին պտույտներ կընեինք, բայց շատ «հեռուները» չէի երթար: Համեստ եւ պարզ վերաբերումս իր հետ` աղջիկը կվերագրեր ամչկոտությանս:

Այլեւս փաշային սովորություններն ու երթեւեկները ճշգրտորեն սերտած էի: Արեւոտ օրերուն, ժամը ճիշտ երկուքուկեսին պտույտ մը կըներ դեպի մոտակա պարտեզը` Վիլլա Պորկեզե, եւ կես ժամեն կդառնար: Հարմարագույն պահ մը եւ վայր մը կար. ժամը երեքին` պարտեզին դռան առջեւ:
Ամեն ինչ ճշտելե վերջ, օր մը ժամանակին առաջ գացի տեղ գրավեցի պարտեզին մեջ, նստարանի մը վրա, ճիշտ մուտքի վրան դիմաց: Ճիշտ ժամուն երեւցավ փաշան թիկնապահին հետ: Դանդաղ քայլերով մտան պարտեզ: Ոտքի ելա, ձեռքս ատրճանակիս եւ ճիշտ այն պահուն երբ զենքը դուրս պիտի հանեի, փողոցեն պարտեզ մտան քանի մը ոստիկան…

Կամացուկ մը ձեռքս ետ քաշեցի ատրճանակիս վրայեն եւ կրցածիս չափ արագ հեռացա, անիծելով իտալացի ոստիկանները, որ այդ ժամն ու այդ վայրը ընտրած էին շրջագայելու համար: Ակնթարթ մը եւս` ու որոշումս պիտի գործադրեի. հիմա, երբ փողոցներեն կքալեի, հետզհետե ավելի հստակ կդառնար վտանգին մեծությունը, որմե հազիվ ազատած էի: Կմտածեի թե ինչ կացություն պիտի ստեղծվեր, երբ ատրճանակը ձեռքս խոյանայի փաշայի վրա, բայց անոր հասնելե առաջ դիմացս գտնեի այդ ոստիկաները: Շատ կասկածելի էր որ նպատակիս հասնեի. հարվածը տալես ետքն ալ անկարելի էր փախուստ տալ. կամ պիտի ձերբակալվեի եւ կամ տեղվույն վրա սպանվեի ոստիկաններուն կողմե: Իսկ ամենեն սարսափելին` առանց փաշան զարկած ըլլալու, ապուշի պես ձերբակալվիլն էր…:

Մեռնիլը հազար անգամ նախընտրելի էր նման խայտառակ դրության մը մատնվելեն, որ ընդմիշտ ծիծաղելի պիտի դարձներ զիս ընկերներուս մոտ, վտանգելով ամբողջ նվիրական գործը…

Քանի մը օր շարունակ ապրեցա այդ չպատահած արկածին ազդեցության տակ եւ գիշերներ լուսցուցի մտահոգության եւ վախի մեջ: Բայց ատիկա պատճառ եղավ, որ դառնամ ավելի զգուշավոր եւ բծախնդիր; Հետո մտածեցի` աճապարելը եւ ջղայնանալը անդար­մանելի վտանգներու կրնան ենթարկել մարդս այս կարգի գործերուն մեջ: Եւ ինքզինքս գտա:

* * *

Դեկտեմբերի 5-ի առտուն շատ կանուխ դուրս ելա սենյակես: Նախորդ գիշերը մաքրած էի ատրճանակս եւ փամփուշտները համրած: Թարմ ածիլված էի եւ լոգանք առած, ու ամբողջ կես սրվակ «օ-տը-գոլոնյա»-ով մարմինս շփած: Ճերմակեղեններես մինչեւ հա­գուստ­ներս եւ գլխարկս, «արտիստի» սեւ գլխարկս` նոփնոր. ուսանողի կամ արվեստագետի սեւ փողկապ մը դրած էի. կարծես հարսնիքի երթայի: Վերարկուս վրաս` գացի փաշային դղյակին մոտերը, առանց Մ.-ին հանդիպելու: Ուրիշ անգամներու պես, ըստ սովորության, սուլելով Հելենան չկանչեցի: Իր ներկայությունը կրնար գործս խանգարել: Վճռած էի այդ օրն իսկ գործը վերջացնել, առանց այլեւս մտածելու հետեւանքներու մասին:

Ժամը ճիշտ մեկին, ինքնաշարժ մը կեցավ փաշայի դռան առջեւ. դուրս ելավ Թեվֆիք Ազմին եւ պայուսակ մը թեւին տակ ներս մտավ. քիչ վերջ փաշային հետ դուրս ելան եւ աճապարանքով մեկնեցան, շատ կարեւոր գործի մը գացող մարդոց երեւույթով: Չմտահոգվեցա. այնքան լավ ուսումնասիրած էի երթեւեկները, որ վստահ էի թե, ուր ալ ըլլար, չէր կրնար հրաժարիլ իր հետմիջօրեի պտույտեն եւ անպայման պիտի վերադառնար: Տրամաբանորեն, գոնե 2 ժամ պիտի ուշանար: Փութացի Վիլլա Պորկեզե, ուր կառքով կամ քալելով կուգար:

Հասա Վիա Նոմենթանա, ուր հանրակառքը կեցավ. իջա եւ քալելով մտա Էոսթաքիո փողոցը: Հանկարծ դեմս ցցվեցավ Հելենան: Ոստիկանի մը հանդիպումը այնքան պիտի չնեղեր զիս, որքան այդ սիրուն աղջկան ներկայությունը այդ պահուն: Ջղային վիճակի մեջ պաղ վերաբերում մը ցույց տվի: Մտերիմներ դարձած էինք եւ աղջիկը կզարմանար իմ անակնկալ պաղ վերաբերումես: Տարօրինակ նայվածքով կդիտեր: Իր համառ հարցումներուն կպատասխանեի` պատմություն մը հորինելով, երբ հանկարծ վերեն լսվեցավ կառքի մը դղրդյունը. տեսա հսկա ձիերը, որոնց բաշերը հովեն կալեծփեին: Կառքին մեջն էր Սայիդ Հալիմ փաշան` իր թիկնապահին հետ: Վայրկենապես «ցտեսություն» ըսի Հելենային, պատվիրելով որ շուտ տուն մտնե:

Անմիջապես քալեցի մյուս մայթը, որպեսզի լավագույն դիրքով մը կատարեմ ահաբեկումը. բայց քանի մը ակնթարթ ուշացած ըլլալուս, քիչ մնաց ձիերու տակ իյնայի. ձեռքս վերցուցի, բռունցքս ցցած. ձիերը խրտչեցան եւ ծառացան: Այդ իրարանցումին մեջ, արագ ոստումով մը անցա եւ ցատկեցի կառքին վրա, կոխելով ոտնատեղին: Մեկ ձեռքով բռնեցի կառքին հենարանը, քիչ մը երեւացի, բայց հավասարա­կշռությունս կրցա պահել: Մինչ թիկնապահը կառապանին կնայեր ու բաներ մը կըսեր, երեւի հասկնալու համար ձիերու խրտչիլը, Սայիդ Հալիմ փաշայի աչքերը հանդիպեցան աչքերեւս: «Երե՛ն» ըսավ թիկնապահին…
Այս եղավ Սատրազամին վերջին բառը: Աչքերը սարսափով լեցուն էին` երբ ատրճանակիս փողը ուղղեցի աջ քունքին եւ կրակեցի: Երկրորդ փամփուշտի մը հարկ չմնաց: Խռպոտ ձայն մը` եւ փաշան նստած տեղեն տապալեցավ կառքին մեջ, գլուխը իմ կողմս, գրեթե ոտքերուս տակ: Կառքը դեռ կարշավեր:
Թեվֆիք Ազմին, առաջին շփոթեն սթափած, ատրճանակ մը հանեց ու կպատրաստվեր կրակել, երբ ատրճանակիս փողը անոր ալ ճակտին ուղղելով, գոռացի թուրքերենով. «Աթ աշաղը, կեպերթիրիրըմ» (նետե՛ զենքդ, կսատկեցնեմ…):

Հնազանդեցավ եւ ատրճանակը կառքեն դուրս նետեց ահաբեկ: Ատրճանակիս կոթովը այս անգամ սկսա հարվածել կառապանին կռնակին` պոռալով իտալերեն. «Ասբեթա, ասբեթա» (Կեցի՛ր, կեցի՛ր): Խեղճ կառապանը վախեն կդողար եւ հուսահատական ճիչերով զիս վկայության կկանչեր, ըսել ուզելով. «Տե՛ս, կեցնել կուզեմ, բայց ձիերը չեն կենար»։

Կվերհիշեմ տակավին. տարօրինակ ու անհավատալի տեսարան մըն էր: Ձիերուն խելակորույս վազքը, փաշային կախ ինկած գլուխը, որ կճոճեր կառքեն դուրս, սարսափահար թիկնապահը, որ ձեռքերը վեր` նստած կմնար մոմի պես, խուճապահար կառապանը. եւ ես` մեկ ոտքս ոտնատեղին վրա ու մյուսը ներս, եւ ատրճանակը` ձեռքս: Ուժգին հովեն վերարկուս կծածաներ կռնակիս վրա, հսկա թռչունի մը ձեւը տալով ինձի: Այս պատկերը, որ կամբողջացներ դեմքիս իջած սեւ գլխարկս, անցորդներեն ոմանց երեւակայությունը գրգռած էր եւ հետագային ոստիկանական հարցաքննության ընթացքին, առիթ տված էր անոնց ըսելու թե սպանողը ուրվական մըն էր – Ֆանտոմա:

Կառապանը չհաջողեցավ կեցնել ձիերը, որոնք վազքը շարունակեցին մինչեւ փաշայի տան առջեւ եւ ինքնաբերաբար կանգ առին: Դռան առջեւ, խափշիկ ծառան մեքենավար ձեռքը ճակտին տարավ «թեմեննահ» ընելու ձեւով, բայց փաշային ինկած գլուխը տեսնելով, այդ դիրքին մեջ քարացած մնաց, ապշահար: Առանց կարեւորություն տալու ծառային, վար ցատկեցի կառքեն եւ ատրճա­նակս ցցած թեւովս` լայն շարժում մը գծեցի շուրջս, թե՛ սարսափ ձգելու եւ թե փախուստիս ուղղությունը որոշելու համար:

Բազմությունը շատցած էր: Գործե մեկնող բանվորները, որոնցմե շատերը տեսած էին դեպքը, հետզհետե կմոտենային կառքին. շրջանակ մը եւս ըրի, մոտեցա ճամփաս բռնող բանվորներուն, որոնք եւս, սպառնալից, անցք չէին բանար. հետո գոչեցի. «Սպանությունը քաղաքական է… Ասիսիանթո փոլիթիքո, ձեզ չի հետաքրքրեր… ճամ­փա՛ բացեք»։

Ամբողջ ուժովս կպոռայի, բայց շարժող չկար: Այս անգամ պոռացի. «Քաշվեցե՛ք, եթե ոչ բոլորդ ալ կհնձեմ»։

Հուսահատական ժեստով մը բայց միայն վախցնելու նպատակով կրակ բացի, երկու գնդակ պարպելով գետնին: Սալա­քարերը կտոր կտոր եղան, սարսափի մատնելով հետապնդող բազ­մությունը. փողոցին երկու կողմեն` փախող-փախողի:

Ա՛լ պողոտային կիշխեի: Արագ վազեցի եւ վայրկյան մը աչք մը նետեցի ետեւս: Սայիդ Հալիմին կառքը մինչեւ հոն եկած էր եւ թիկ­նապահը անընդհատ կպոռար. «Բռնեցե՛ք, բռնեցե՛ք»։ Պահ մը առաջ սարսափած ժողովուրդը կրկին ետեւես ինկած էր. երկար էր փողոցը եւ հալածողները կրնային հասնիլ, նոր փողոց մը չմտած: Օգտվելով անոնց վայրկենական դադարեն, հանեցի վերարկուս, որ սաստիկ կնեղեր զիս եւ ազատ շարժումներս կարգիլեր:

Դժբախտաբար, շեղած էի նախօրոք ճշտած փախուստի ուղեգիծես, եւ շուտով ինկա անել փողոց մը:
Պարտեզի մը պատին առջեւ հասած էի: Պատը հասակես երկու անգամ բարձր էր եւ վրայեն ցատկել կարելի չէր: Պատին մոտ սակայն կար հեռաձայնի ձող մը: Անհաջող մեկ-երկու փորձե վերջ, հաջողեցա շուլլվիլ վեր եւ պարտեզ ցատկել: Շան հաչոցեն գիրուկ խոշորակազմ կին մը երեւցավ ու բացատրություն պահանջեց պարտեզին մեջ գտնվելուս մասին: Նախ կարեւորություն չտվի եւ չպատասխանեցի, բայց վրա հասավ նաեւ ամուսինը, որ նույն հարցումը կրկնեց:

-Չլսեցի՞ր որ մարդ մը սպանված է դուրսը,- ըսի զայրույթով, եւ ցույց տվի ատրճանակս…
Սարսափահար լռեցին:

-Նայեցե՛ք, որ ձեր շունը խելոք կենա եւ շղթան չքակեք…

Եւ պարտեզին խորը հառաջացա, ուր դուռ մը նշմարած էի: Ետեւեն առվակ մը կանցներ. հավանաբար մեծ գետին մեկ թեւը, որ քանի մը դարձվածքներե վերջ կերթար միանալու անոր: Իբր կամուրջ տախտակ մը նետած էին մեկ ափեն մյուսը: Անցա եւ տախտակն ալ քանդելով ջուրը նետեցի:
Մարզական վազքով քիչ մը հառաջանալե վերջ, պզտիկ փողոցե մը եւ ուրիշ կետե մը կրկին մտա Նոմենթանա փողոցը: Անկյուն մը հողի կույտ մը կար, երեւի նորոգության համար. ամեն կողմե ալ` շինության գործիքներ: Վայրկյան մը կեցա, շուրջս ուշադրությամբ զննեցի, հետո ատրճանակս խրեցի հողին մեջ:

Այլեւս ազատ նկատեցի ինքզինքս…

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1-Տե՛ս Ա. Շիրակյան, «Կտակն էր նահատակներուն», էջ 184-ից: Մ սկզբնատառով նշված անձը Գրիգոր Մերջանովն է:

2-Սատրագամ. Օսմանյան կայսրության մեջ գործածված վարչապետական տիտղոս է: Սայիդ Հալիմ փաշան 1915-ին օսմանյան կառավարության վարչապետն էր:


34 – ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ ԵՒ ՋԵՄԱԼ ԱԶՄԻ. ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸ

Ժամը իննին Ջեմալ Ազմիի տան կողմը հասանք. տունը մութի մեջ էր: Արամը քիչ մը անդին սպասեց, իսկ ես գացի Բեհաէդդին Շաքիրին տունը: Հոն ալ լույս չկար: Ուրեմն ուրիշ տեղ մը հավաքված են: Գացինք մեր «Չեզոք թիվ 80» կոչված տունը. արտակարգորեն լուսավորված էր: Ուրեմն բոլորը հոս հավաքված են. վերջապես, հազվագյուտ առիթ1

Այլեւս ոչ միայն ապիկարություն, այլեւ վատություն էր այս առիթը փախցնել: Այնպիսի Մեռելոց մը սարքեինք, որ անգամ մը եւս մեր ազգը ուրախությամբ մասնակցեր անոր:

Այնպիսի խանդավառությամբ մը լեցված էի, որ կեցած տեղս կեփեի: Արամին ըսի թե ինչ հոգեկան վիճակի մեջ եմ: Ժպտեցավ. ինքն ալ ուրախ էր, բայց լուռ կմնար. միայն այտոսկրները ավելի ցցվեցան եւ նշաձեւ աչքերը վայրագ կերերցներ շարունակ: «Արամ,- ըսի,- դուն հոս սպասե՛, երթամ Շահանը գտնեմ եւ մեր որոշումը հայտնեմ»։

«Էնկլիշե Քաֆե»-ին մեջ, Շահանը բիլիարդ կխաղար ճապոնցիի մը հետ: Կացությունը պարզեցի. «Հիմա կուգամ», ըսավ: Առանց իրեն սպասելու վերադարձա Արամին մոտ. չէի ուզեր առանձին թողուլ: Օդը ցուրտ էր եւ կմսեր. գնաց կոնյակ մը պարպելու, եւ վերադարձավ: Արագ երթեւեկեն քրտնած էի. ժամը տասն էր. կճեմեինք փողոցին մեջ եւ երբեմն դիմաց անցնելով ասդին-անդին կզննեին:

Ուհլանտի վրա անսովոր բան չկար. ժողովուրդը խումբ-խումբ սինեմաները կերթար: Շահանը հասավ. հայտնեցինք իրեն մեր որոշումը եւ մեր տրամադրությունը. ֆիզիկապես եւ հոգեպես պատ­րաստ էինք, ամեն վտանգ աչք առած, ու որոշած` այդ գիշերն իսկ գործը գլուխ հանել: Մեկնեցավ. ա՛լ պետք չունեինք իրեն: Հետագային իմացանք, որ գացած էր որոշված վայրը` անկյուն մը սպասելու:

* * *

Մենք ալ գամված կսպասեինք: Ժամերը չէին սահեր, վայրկ­յանները ժամ էին դարձած: Կյանքիս մեջ այդքան երկար եւ չար­չարալից սպասում չէի ունեցած: Գրեթե ջղայնացած էի. Արամը կտեսներ ու կզգար, եւ զիս հանդարտեցնելու համար ըսավ.

«Եղբա՛յր, ինչո՞ւ ինքզինքդ կուտես… Եթե այսօր չհաջողինք, էգուց կփորձենք… Ձեռքերնես չեն կրնար փախչիլ… »։

Այդ խոսքին վրա` պաղ քրտինք մը անցավ կռնակես:

«Արամ,- ըսի,- ասանկ առիթի մը կսպասեինք երկար ատեն ի վեր: Այս մարդիկը հաճախ հավաքույթներ կամ ժողովներ կունենան առհասարակ Ջեմալ Ազմիին եւ Բեհաէդդին Շաքիրին տուները: Արդ, երբ Ջեմալ Ազմիին տունը հավաքվելե վերջ կմեկնին, բնականաբար տանտերը տունը կմնա. նույնն է պարագան Բ. Շաքիրին: Մինչդեռ հիմա բոլորն ալ «Չեզոք տունը» հավաքված եւ մեր երկու հրեշները այս գիշեր միայն միասին կգտնենք. ուրիշ ասանկ լավ առիթ պիտի կարենա՞նք գտնել: Այսօ՛ր է մեր օրը: Արամ, լավ միտքդ դիր, բառարանիս մեջ «էգուց» չկա, այսօր պետք է վերջացնենք… »։

Այդ պահուն զղջացի Շահանին շուտ մեկնելուն համար: Վստահ էի որ ան ալ «էգուց»-ը պիտի չսիրեր: Հետո` Պատասխանատու Մարմինը մեկ վայրկյանեն մյուսը կրնար մեզ ետ կանչել կամ գործը դադրեցնելու հրահանգը ղրկել, եթե դրական գործ մը չտեսնեինք2

Փողոցին մեջ անցորդներուն թիվը կշատնար. աչք մը պտտցուցի եւ ընկերոջս ըսի. «Եթե նույնիսկ բանակ մը ունենան զիրենք պաշտպանող, ես պիտի հարձակիմ… »։

Արամը լուռ էր. Մետեխի օրերեն գիտեր, որ ես համառ եմ3:

* * *

Երբ սինեմաներեն խուռն բազմությունը դուրս կխուժեր եւ կսահեր պողոտաներու վրա ալիք-ալիք` էլեկտրական լապտերներու հորդ լույսերուն տակեն, 80 թիվ աբարթմանին դուռը բացվեցավ:

Նախ դուրս եկավ Ռուհսի բեյը, կարճահասակ մորուքավոր թուրք մը, մոտ հիսուն տարեկան, որ միշտ շվարած մեկու մը կերպարանքը ուներ. շատ անգամ տեսած էի զինքը ծրարներ ձեռքին. կարծեմ բոլորին առեւտուրը ան կըներ, եւ միշտ` ձեռքը գրպանն էր: Ան հիմա ալ ձեռքը գրպանը ուներ, գուցե ատրճանակի մը վրա: Քանի մը քայլ առավ, ասդին-անդին նայեցավ, հետո ետ գնաց, կրկին եկավ շուրջը զննելու, ու նորեն տուն մտավ: Արամին հետ դիմացի անկյունեն կդիտեինք: Ռուհսի բեյը դուրս ելավ նորեն, բայց այս անգամ` բազմություն մը ետեւեն: Ջեմալ Ազմիին կինը, աղջիկը, մայրը եւ մեծ տղուն նշանածը: Անոնց ետեւեն` Բեհաէդդին Շաքիրը եւ Ջեմալ Ազմին, որոնք թեւ-թեւի կխոսակցեին, երեւի վերի խորհրդակցությունը շարունակելով: Ամենեն ետեւը Թալեաթի այրին եւ Շաքիրին կինը: Հանդարտ կհառաջանային դեպի Ջեմալ Ազմիին բնակարանը, Ուհլանտի վրայով դեպի Քուրֆյուրսթենդամ: Անոնց բռնած փողոցին դեմը, անկյուն մը, ծառի մը տակ կանգնած, լարված եւ անթարթ աչքերով զիրենք կդիտեինք: Բազմությունը շատցած էր փողոցին մեջ:

Մեքենաբար դեմքս խաչակնքեցի: Տասը վայրկյան վերջ ի՞նչ պիտի պատահեր, ի՞նչ պիտի ըլլար, չէի ուզեր մտածել անգամ: Մեկ բան գիտեի. պետք էր վերջացնել: Արամը դարձյալ հայտնեց, որ այդ գիշեր չենք կրնար հաջողիլ. նախ` շատ մարդ կար. հետո շեկ մարդ մըն ալ վերի անկյունեն գալով կհետեւեր թուրքերու խումբին, եւ քիչ վերջ առաջ պիտի անցներ ու նորեն ետ պիտի գար: Հայտնի էր, որ ան ալ վարձված պահակ մըն էր: Խումբը տասի բարձրացավ:

Հակառակ ասոր, ավելի հարմար ու գեղեցիկ առիթ մը չէր կրնար ըլլար մեզի համար: Արդեն ամեն գիշեր այդ ժամերուն բազմություն կար հոն, ինչպես դիտած էի գիշերային պտույտներուս ընթացքին Հեր Սաքին ու Ֆրիցին հետ4: Այդ երկու հրեշները մեյ մըն ալ ե՞րբ միասին պիտի գտնեինք: Ժամանակ չունեինք. եթե այս առիթը փախցնեինք` ամբողջ ազգ մը մահվան դատապարտած ճիվաղները ազատած պիտի ըլլային:

Այս միտքը այնքան զիս գրգռեց, որ նկատեցի թե ձեռքս բարկութենես գոցված է: Լայն շունչ մը քաշեցի եւ առանց շարժումի թոքերուս մեջ պահեցի. ընկերոջս ընթացքը անակնկալ էր եւ թուրքերուն խումբը կհառաջանար. ա՛լ ժամանակ չկար. քանի մը վայրկյանեն հասած պիտի ըլլայի Տրապիզոնի ջարդարարին տունը… սարսափելի էր վիճակս. մարմինես դող մը անցավ. իրա՞վ առիթը պիտի փախց­նեինք:

«Արամ,- ըսի,- եթե չգաս, մինակս կերթամ» – եւ քալելու պես շարժում մը ըրի:

Ջարդարարներու խումբը բավական առաջացած էր. հասնելու համար` պետք է կռնակեն քալեինք, ինչ որ մեր գործին չէր գար. անոնց հետեւելով հավանաբար կասկածի ենթարկվեինք, իսկ ճակատեն իրենց վրա խուժելու եւ հարվածելու պատեհությունը կորսնցուցած էինք. մինչ շեկ մարդը անոնց ետեւեն կերթար միշտ: Պետք էր ուրեմն զիրենք հանկարծակիի բերել` առջեւնին ելլելով: Այդ հապաղումը փոխեց մեր կանխավ գծած ծրագիրը. որոշեցինք որ ես խումբին վրա հարձակիմ, իսկ Արամը շեկ մարդը զինաթափ ընե` գործն ու զիս չվտանգելու համար: Անմիջապես շարժման անցանք եւ մայթը կտրելով անցանք ու մտանք դիմացի փողոցը. մեր որոշումն էր վարի փողոցեն խումբին առաջքը կտրել. վազելով: Բայց Արամին ոտքերը կցավեին եւ ստիպված երբեմն կկենայինք, ինչ որ ժամանակի կորուստ էր: Պահ մը շնչասպառ զիս կեցուց ու ըսավ. «Ա՛լ չեմ կրնար վազել… ոտքերս կկտրին… ուրիշ առիթի մը ձգենք»։

Մետեխի բանտեն ի վեր` առաջին անգամն է որ կծու վեճ մը ունեցանք. հեռացա եւ դեպի ջարդարարաները վազեցի:

* * *

Հասա Ուհլանտշթրասե, Ջեմալ Ազմիի տան անկյունը. ուշ էր արդեն անոնք անցած էին մեր նշանակած կետը. վայրկյան մը եւս` ու իրարմե բաժնված պիտի ըլլային: Խումբը կանգ առած էր, բայց կշարունակեին խոսակցիլ: Չորս դիս ակնարկ մը պտտցուցի. շեկ մարդը բավական անդին էր եւ առջեւները կնայեր, փոխանակ մեր կողմը նայելու:

«Սեվեյճ» ատրճանակս ձեռքիս` նետվեցա. խումբին հետսապահ Թալեաթին այրին զիս տեսավ. ամբողջ կատաղությամբս խոյացա եւ ձախ ձեռքով ուժգին ճուտո հարված մը տվի իրեն, որ ճիչ մը արձա­կելով գետին ինկավ:

Այս ճիչին վրա` Ազմին ինձի դարձավ: Այնքան մոտ էր որ ատրճանակիս խողովակը իր աջ կողին ուղղելով կրակեցի: Ճիվաղը տապալվեցավ: Խողովակը դարձուցի Բեհաէդդին Շաքիրին. մեկ ձեռքը գրպանն էր, եւ լեզուն բռնված: Երբ ատրճանակիս խողովակը տեսավ` «Ա՜, ա՜, ա՛բ,- ըրավ»։ «Ա՛, եա՜», գոչեցի եւ գնդակ մը տվի ճակատին. բայց գնդակը վրիպեցավ, մտավ ձախ այտը: Դեռ ոտքի էր. բայց արդեն Արամը հասած էր եւ իր մաուզեր ատրճանակով գնդակ մը պարպեց ճիշտ ճակատին ու գետին փռեց զայն: Բեհաէդդին Շաքիր երկու գնդակ կերած էր, մեկը` Արամեն, մյուսը` ինձմե: Եւ տապալեցավ իր ընկերոջ` Ջեմալ Ազմիի դիակին վրա, արտառոց խաչ մը ձեւաց­նելով:

Լուսազարդ փողոցին վրա գերմանացիներու բազմությունը, քարացած` կարծես անծանոթ ոգիներու սարսափին տակ, խոր լռությամբ կդիտեր պարզվող արտակարգ տեսարանը: Իսկ հրեշներուն ընկերացող կիները գիտեին պառկած էին բոլորն ալ: Միայն Ռուհսի բեյ կփորձեր ատրճանակը հանել. շեկ մարդեն վախ չունեի. քանի որ Արամը պաշտոն ուներ զայն զինաթափ ընելու: Բայց այն պահուն` երբ Ռուհսի բեյ հաջողած էր մեկ ձեռքս բռնել եւ շատ դյուրությամբ կրնայի զայն մեկդի նետել, ահավոր պայթյուն մը թնդացուց օդը: Արամն էր. մեր ուղղությամբ երկու գնդակ պարպած էր. հայտնի էր` պաղարյունը կորսնցուցած էր: Գնդակները սուլելով անցան մեր գլուխներուն վրայեն: Ինկան պայթյունի ճնշումեն, բեյը` կռնակիս վրա, սարսափեն նվաղած: Իսկ «Սեւեճ» ատրճանակս թռած էր ձեռքես ու քանի մը քայլ անդին լույսերուն տակ կփայլեր:

Բեյը արագ վրայես նետելով` ակնթարթի մեջ ոտքի ցատկեցի եւ փախչելու ազդանաշանը տվի Արամին. ամբոխը սկսած էր շարժիլ մեր կողմ եւ վայրկյան չունեինք կորսնցնելու:

Փողոցն ի վար կվազեինք. մեր ետեւեն պոռչտուքներ ու գոռում-գոչումներ ծայր տված էին. «Բռնեցե՛ք, բռնեցե՛ք… »։ «Ծո՛, ասոնք ի՞նչ կպոռան»,- ըսավ Արամ զայրացած ու սկսավ աջ-ձախ կրակել` փողոցի լույսերը մարելու համար:

Շրջակայքի տուները շարժման մտած էին, պատուհաններեն գոռում-գոչումներ կլսվեին, նաեւ գնդակի սույլեր: Մեր առջեւ ալ բազմություն մը ելած էր, ու մենք անընդհատ բազմության կողմը կվազեինք. ետեւեն կրակողը պիտի չհամարձակեր կրակել ամբոխին վրա: Փողոցը անցած էինք եւ հետքերնիս կորսնցնելու նպատակով քովընտի փողոցը պիտի զարնեինք, երբ ուրիշ բազմություն մը մեր դեմ ելավ, բայց այս մեկը` խուճապի մատնված: Արամը վազքը դադրեցուց. չափազանց հոգնած էր, շունչը կտրված: Հանկարծ պոռաց. «Դու գնա՛, գնա՛, ա՛լ չեմ կրնար վազել… դու գնա՛…»։

Կհեւար. վայրկյան մը իրեն նայեցա – կարծես հրաժեշտ առնելու համար: Ու վազքս շարունակեցի` Փարիսեր փողոցի կողմը: Արամին սխալ հարվածը մեր նահանջի ծրագիրը տակնուվար ըրած էր: Որոշած էինք դեպքեն վերջ Ուհլանտեն ձախ դառնալ, ուր փողոցը կարճ էր եւ դյուրությամբ կրնայինք մեր հետքը կորսնցնել: Մինչդեռ, ստիպված` դարձած էինք աջ, ուր փողոցը երկար էր եւ մեզ հոգնեցուց. բայց սրբագրելու ատեն ա՛լ չունեինք. պետք էր ամեն գնով խույս տալ ամբոխեն:

* * *

Երբ Արամեն բաժնվեցա մտահոգ, անիկա կեցած էր տան մը դռան քով: Հետապնդող բազմությունը կհասնի իրեն, եւ կարծելով` որ հոգնած հալածող մըն է, առանց զայն հարցուփորձելու` կշարունակե հետապնդումը:

Պահ մը կանգ առի եւ, զարմանալի է, ամբողխն ալ կանգ առավ: Բազմության շղթան ճեղելու գաղափարը ունեցա – քանի ուրիշ ճար չկար: Եթե միայն զենքս քովս ըլլար… բայց մեջքիս ունեի փայլուն երկաթապատ գլուխով գոտիս: Քակեցի. խենթ կտրած էի: Նետվեցա բազմության վրա ու սկսա աջ-ձախ հարվածներ տեղացնել: Ոմանք կփախչեին, ուրիշներ բաներ մը կպոռային. միակ բառ մը կըսեին, կարծեմ` «դաշույն», քանի գոտիիս երկաթե ծայրը կփայլեր լույսերուն տակ…

Ա՛լ ես էի հալածողը: Մտա Փարիսեր փողոց` հետքս կորսնցնելով: Ետիս` ամայություն էր, ու առջեւս դեռ բան չկար: Միայն ահարկու ժխոր մը լեցուցած էր քաղաքը. ոստիկանական օթոներու եւ մոթոցիկ­լետներու, ճչակներու եւ սուլիչներու ձայներ:

Ազատա՞ծ էի, դեռ վստահ չէի: Ամայի փողոցներեն տուն դառնալ վտանգավոր էր. անցորդներ կրնային բռնել… Մեկ ընելիք կմնար. խառնվիլ ամբոխի մը` որ կխուժեր դեպքին վայրը: Գոտիս մեջքս անցուցի, քովս մնացած երկրորդ փամփշտակալս, ա՛լ ավելորդ, նետեցի ծառի մը տակ…

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ` ԴԱՀԻՃՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

… Հազարավոր հայ անմեղներու դահիճները նողկալի սատակներու վերածված էին: Ջեմալ Ազմի, Տրապիզոնի ճիվաղ կուսակալ, եւ Իթթիհատի առաջնակարգ ոճրածին ուղեղներեն, հայ երկսեռ երեխաները կողովներով ու սնտուկներով Սեւ Ծով թափող գազանը, եւ Բեհաէդդին Շաքիր, համալսարանի դասախոս, Իթթիհատի ամենազոր ղեկավար, եւ որուն մտավորականի միակ ու ամբողջ գաղափարականը եղավ բնաջնջել Արեւելյան նահանգներու Հայութ­յունը` մասնակցությամբ թուրք ղեկավարներու եւ ավարառու գազանացած ժողովրդին ու ցեղախումբերուն, – արդարադատության սրբազան հարվածին տակ փռված էին եվրոպական քաղաքի մը սալահատակին վրա, ճակատեն հարվածված…

Այդ ճակատներուն ետին, ուղեղները այլեւս չէին գործեր. ա՛լ նոր ոճիրներ պիտի չհղանային` հայության ամբողջական բնաջնջման համար: Հավիտենական ստրուկ նկատված Հայը ղրկած էր իր զավակները, որոնք արժանի պատիժը տված էին այդ արյունարբու գազաններուն:

Եւ ավարով ու կողոպուտով դիզած հարստությունները` անոնք կձգեին լալկան կիներու, որոնք կճչային, սատակներուն վրա հակած ու ողբուկոծ արձակելով, մինչ երեկ անզգա քար դարձեր էին հայ հազարավոր կին ու երեխաներու լաց ու ողբերուն առջեւ:

Վերադարձա Ուհլանտշթրասե, դեպքին վայրը: Հետաքրքիր բազմություն մը շրջապատած էր դիակները: Երրորդ մըն ալ պառկած էր: Ուշադրությամբ նայեցա, եւ ներսես խնդուք մը փրթավ. Ռուհսի Բեյն էր, դեռ նվաղած: Երեսին անընդհատ ջուր կսրսկեին` սթափեցնելու համար: Շեկ մարդը մեջտեղ չկար: Իսկ կիներեն ոմանք մարած էին, ոմանք ալ լացուկոծ փրցնելով մազ կփետտեին: Թրքուհի մը, որ ինձի անծանոթ էր, մխիթարական շեշտով մը անընդհատ կկրկներ. «Մի՛ վախնաք, դեռ չեն մեռած…»։ Դող մը անցավ մարմնես, կասկած մը արթնցավ մեջս: Քայլ մը եւս մոտեցա, երկար երկար նայեցա դիակներուն: Անկարելի էր. թրքուհիին ըսածը պարզ մխիթա­րութենե անդին չէր անցներ…

Երկու դիակներուն առջեւ այս խորհրդածություններով տարված էի, երբ կին մը հանկարծ վիզս պլլվեցավ ու գոչեց. «Պապանըն հալինե՛ պազ, Քեմա՜լ» (Քեմա՛լ, հորդ վիճակը նայե): Երիտասարդ կին մըն էր, որ զիս նմանցուցած էր Ազմիի տղուն: Նախ վախցա, կարծելով որ զիս ճանչցած է ու հիմա պիտի պոռա թե ես եմ սպանիչը: Բայց «Քեմալ» անունը լսելով` պաղարյունս գտա եւ գերմաներեն ըսի. «Վա՞ս իստ տաս, Ֆրոյլայն…»։ Կինը ներողություն խնդրեց ու քաշվեցավ:

Ոստիկանությունը հասած էր դեպքին վայրը. խիստ վտանգավոր էր մնալ այլեւս: Ո՞ր կողմեն եւ ինչպե՞ս փախչիլ. ոստիկանները պաշարման օղակ մը կազմած էին եւ առանձին մարդիկ կասկածելի կգտնեին: Անհամբեր էի հեռանալու: Աչքիս առջեւ երկու հոգի կառք մը դրին ու տարին, բնականաբար հարցուփորձի համար: Շուրջս ուշադրությամբ նայեցա` ճար մը փնտռելով: Ընտանիք մը դիտեց, ու հեռանալու վրա էր` երբ մոտեցա աղջիկներեն մեկուն եւ գերմաներեն հարցուցի. «Ֆրոյլայն, վե՞ր վայս էս իսթ» (Ի՞նչ պատահած է): Աղջիկը պատասխանեց` դեպքին վայրը լսած բաները հաղորդելով ինձի: Կարեւորը խոսքի բռնվիլն էր. անոնց ընկերացա իբրեւ ընտանիքի անդամ, անցա ոստիկանական շղթայեն: Նույնիսկ մայթը իջնելու ատեն մեկ աղջկան թեւը բռնեցի, մտերիմի կամ եղբոր պես անոր օգնելու համար: Խումբը հասավ Քուրֆյուրսթենդամ. բաժանվեցա ընտանիքեն եւ տաքսի առնելով հասա կենդանավանական պարտեզին կողմը, որ շատ մոտ էր մեր տան:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1-Տե՛ս Ա. Շիրակյան, էջ 286-ից:

2-Արտասահմանի Պատասխանատու մարմնի կողմից ղեկավարվող «Նեմեսիսին» կամ «Հատուկ գործին» վերապահված իրավունքների ու անելիքների շուրջ որոշ տարակարծություն կա, որն ավելի է խորանում Շ. Նաթալիի բռնած դիրքի ու անպատեհ վերաբերմունքի պատճառով:

3-Շիրակյանն ու Երկանյանը հին գործընկերներ էին: «Հատուկ գործի» եւ Հայաստանի Հանրապետության հակահետախուզական աշխատանքների շրջա­նա­կում` Ռուբեն Տեր-Մինասյանից ստանձած մի հանձնարարության կատարման անհաջողությունը նրանց հասցրել էր բանտարկության` Թիֆլիսի Մետեխի բանտում:…

4-Այսինքն` գերմանացի մի ոստիկանի, որի հետ Արշավիրը մտերմացած էր` ընտանիքի վարձակալը լինելուց հետո: Իսկ Ֆրիցը տան շունն էր, որին հայ ահաբեկիչը շաբաթներով պտույտի էր հանել…



Աղբյուր՝
ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ»
(Հ.Յ.Դ. 100-ամյակին նվիրված քառահատոր շարք)
Չորրորդ հատոր
«Հեղափոխական գրադարան» մատենաշար, թիվ 11
Խմբագիր Յարութիւն Քիւրքճեան
Յ. Քիւրքճեանի հեղինակային հատվածների փոխադրությունը արեւելահայերենի` Հ. Գալստյանի

Տպել Տպել