ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ին մեծացնել Հայաստանին, ԼՂ-ին և Ջավախքին հատկացվող օգնությունը

Րաֆֆի Գարաքաշյան ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովին կոչ է արել մեծացնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ջավախքին հատկացվող օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, հանձնաժողովում Քարաքաշյանը հանդես է եկել արտաքին օգնությանը և քաղաքականությանը վերաբերող զեկույցով: Զեկույցի յոթ դրույթները վերաբերում են ԱՄՆ-ի` Արցախին, Հայաստանին, Ջավախքին և Սիրիային հատկացվելիք օգնությանը:

Քարաքաշյանը մասնավորապես կոչ է արել նախորդ տարվա նման առնվազն 5 մլն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի զարգացմանն աջակցելու համար, նաեւ` հետամուտ լինել Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի միջև առանց խոչընդոտների հարաբերությունների հաստատմանն ու աջակցել Արցախյան հիմնախնդրի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ինտեսիվացմանը: Ելնելով 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ կետից, որ վկայակոչում է ԱՄՆ-ի դեմ լինելը ադրբեջանական շրջափակման և ագրեսիվ գործողություններին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, առաջարկվում է կասեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:

Հայաստանի մասով առաջարկվում է առնվազն 50 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել տնտեսության զարգացման համար: «Այս տարի Հայաստանը տնտեսական զարգացման ցուցանիշով 38-րդն է աշխարհում` առաջ անցնելով Բելգիային և Ֆրանսիային»,- ասված է զեկույցում:

Կոչ է արվում Վրաստանին հատկացվող օգնության 10 տոկոսն ուղղել Ջավախքի զարգացմանը`այդ կերպ խթանելով աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության կրճատմանն այդ տարածքում:

Քարաքաշյանն առաջարկում է նաեւ Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների արդարացի բաշխում Սիրիայի կարիքավոր բնակչությանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Քարաքաշյանը բացատրեց, որ ֆինանսավորման և արտաքին քաղաքականությանը վերաբերող այս յոթ դրույթները ռազմավարական նշանակություն կունենան Միացյալ Նահանգների դիվանագիտության և ազգային շահերի ամրապնդման, կովկասյան տարածաշրջանում ամերիկյան արժեքների տարածման հարցում:

Տպել Տպել