ՀՅԴ 31-րդ Ընդհանուր Ժողովի յայտարարությունը


Հանգամանալից քննության ենթարկելով Հայրենիքի եւ Սփյուռքի ազգային-քաղաքական իրավիճակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարողա­կանության լիարժեք օգտագործման հնարավորությունները, Երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական կացությունն ու դիմագրաված արտաքին մարտահրավերները՝ ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը արձանագրում է.

Ինքնիշխան, ժողովրդավար, իրավական եւ սոցիալական պետություն կառուցելու, տարածաշրջանում եւ աշխարհում ազդեցիկ գործոն դառնալու մեր ժողովրդի նպատակը տակավին մնում է չիրագործված։

Սփյուռքը, շարունակելով անբարենպաստ պայմանների մեջ իր հայկական ինքնությունը պահպանելու ճիգերը, ստիպված է դիմագրավել լուրջ մարտահրավերների, ինչը պահանջում է ներուժի կուտակման եւ միասնության առավելագույն աստիճան։

Արցախի հիմնահարցը շարունակում է մնալ չկարգավորված, ցայսօր չի հաջողվել միջազգայնորեն ամրագրել ԼՂՀ փաստացի անկախությունը, չի ապահովվել մեզ պարտադրված պատերազմի արդյունքում նվաճված ռազմաքաղաքական ձեռքբերումների անշրջելիությունը։

Հայ-թուրքական հարաբերությունները, Թուրքիո կողմից Հայոց Ցեղասպա­նության ճանաչման եւ պահանջատիրության հանդեպ ժխտողական կեցվածքի պատճառով, ի սկզբանե դատապարտված էին ձախողման։ Անհրաժեշտ է Հայաստան-Թուրքիա արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետկանչմամբ եզրափակել ներկա գործընթացը։

Հայաստանի Հանրապետությունում՝

    ա) Գործող իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի բխում բնակչության բացարձակ մեծամասնության շահերից:

    բ) Խորանում է աղքատությունը, նվազում է վստահությունը ապագայի հանդեպ, արտագաղթի վտանգավոր միտում է նկատվում:

    գ) Քաղաքական ու տնտեսական իշխանությունների սերտաճումը հանգեցրել է մենաշնորհների, ազատ մրցակցության բացակայության եւ ստվերայնության մեծ ծավալների:

    դ) Երաշխավորված չեն անհատի եւ հանրության իրավունքներն ու ազա­տու­թյուն­ները, լիարժեք քաղաքացիական հասարակություն չի կայանում, առկա բացասա­կան բարոյահոգեբանական մթնոլորտը խոչընդոտում է Հայրենիքի լիարժեք քաղաքացու ձեւավորմանը եւ սոցիալական առաջընթացին:

    ե) Հայտարարված սկզբունքների եւ իրական կյանքի անհամապատաս­խանու­թյունը հանգեցրել է պետականության ու իշխանության, ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելու հանդեպ անվստահության:

Մեկնելով այս հաստատումներից ` Ընդհանուր ժողովը հայտարարում է.

ՀՅ Դաշնակցության քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունն ու համակուսակցական խնդիրը առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստությունն է՝ նպատակ ունենալով համակարգային իշխանափոխությամբ նոր որակի իշխանության ձեւավորումը, համակարգային բարեփոխումները, ազգային-պետական ուղեգծի եւ սոցիալական արդարության սկզբունքների արմատավորումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, Հայաստանի արագընթաց զարգացումը։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի բնակչությունն ու աշխարհասփյուռ հայությունը կարող են մեկտեղել իրենց ուժերը եւ մեր Հայրենիքի ու ժողովրդի համար արժանապատիվ ապագա երաշխավորել։

Մենք ի վիճակի ենք առանց զիջելու եւ վտանգելու համազգային ձեռքբերումները, նպատակներն ու շահերը` ապահովել Հայրենիքի կայուն զարգացումը, ի նպաստ հայության կարգավորել Արցախի հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները, հետապնդել Ցեղասպանության եւ հայրենազրկման հետեւանքների արդարացի հատուցումը, պաշտպանել ջավախահայության օրինական իրավունքները։

Մենք կարող ենք նոր որակ հաղորդել Հայրենիք-Սփյուռք հարաբերու­թյուններին, փոխլրացնել միմյանց եւ աշխարհին ներկայանալ համայն հայության ներուժով։ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները պետք է ստանան առավել խորքային բնույթ։ Սփյուռքի կազմակերպման եւ առավել քաղաքականացման ճիգը պետք է լինի տեւական։

Մենք պարտավոր ենք Հայաստանը դարձնել հզոր, ժողովրդավար, սոցիալական արդարության վրա հիմնված, թռիչքաձեւ զարգացող պետություն, ուր ազատ անհատն ու համերաշխ հասարակությունը վստահությամբ կնայեն ապագային, կապրեն բարեկեցիկ, ստեղծագործ կյանքով։ Մենք պետք է կարողանանք բացառել ներազգային պառակ­տումն ու թշնամանքը, վեր կանգնել անձնական ու խմբակային շահերից, օրենքի իշխա­նու­թյուն եւ սոցիալական արդարություն հաստատել, երկիրը դուրս բերել զարգացման մայրուղի։

Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 20-ամյակի շեմին, ՀՅ Դաշնակցությունը վերահաստատում է իր կամքն ու վճռականու­թյունը՝ բովանդակ ուժերով եւ աշխարհասփյուռ կարողականությամբ կարելին ու անկարելին անելու հանուն հայ մարդու, հայ հավաքականության եւ հայկական պետականության անշեղ վերելքի։

ՀՅԴ 31-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Ծաղկաձոր, 1 հուլիսի 2011թ.

Տպել Տպել