ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը բողոք է հղել հայալեզու ռադիոհաղորդումների ժամաքանակի կրճատման դեմ

logo Ավստրալիայի բազմամշակութային ու բազմալեզու հեռարձակող ընկերությունը որոշում է կայացրել կրճատել հայերենով ռադիոհաղորդումների ժամաքանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Ավստալիայի հայությանը առցանց դիմումագրեր հղել` կանխելու ավստալիական հատուկ հեռարձակման մատակարարի որոշումը` հայալեզու ռադիոհաղորդումների ժամաքանակի կրճատման և թվայնացման վերաբերյալ:

Ընկերությունն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ վերջին մարդահամարի ժամանակ ազգությամբ հայ քիչ թվով մարդիկ են գրանցվել, ուստի այլևս նպատակահարմար չեն հայալեզու հաղորդումներին հատկացվող ժամերը:

«Սույն որոշումը խիստ սահմանափակում է այն ունկնդիրների իրավունքները, ովքեր չեն կարողանում օգտվել թվայնացված ծրագրերից կամ ինտերնետից, ինչպես նաև նրանց, ովքեր առաջարկված ժամերի ժամանակ աշխատանքի վայրում են գտնվում:

Հայոց լեզվով հեռարձակվող ռադիոհաղորդումները շաբաթական երեք ժամից մինչև մեկ ժամ կրճատելու Ձեր որոշումը հիմնված է Ավստրալիայի վերջին մարդահամարի տվյալների վրա: Սակայն մարդահամարը չի արտացոլում Ավստրալիայի հայ համայնքի անդամների իրական թիվը, քանի որ հարցաթերթիկում չկա հայությունը որպես ազգություն նշելու հնարավորություն, և անձն ինքնություն պետք է ներմուծի այդ տեղեկությունը:

Այս կամայական որոշումը բացասական ազդեցություն կունենա ռադիոունկնդիրների վրա, հատկապես հատկացված ժամերի պատճառով` 17:00-18:00-ը, երբ շատերը դեռ աշխատանքի վայրում են գտնվում: «Հատուկ հեռարձակման մատակարար»-ը սույն որոշումը կայացնելիս հաշվի չի առել ավստրալահայ համայնքի անդամների շահերը: Մենք կոչ ենք անում անմիջապես հետ կանչել այս անտրամաբանական որոշումը և վերականգնել հայերենով հեռարձակվող հաղորդումների ժամերը»,- նշված է դիմումագրի մեջ:

1976 թվականից ի վեր «Հատուկ հեռարձակման մատակարար»-ի կողմից հեռարձակվող հայալեզու ռադիոհարդումները տեղեկատվության կարևոր աղբյուր է եղել տեղի հայ համայնքի համար:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել