Ադրբեջանամետ շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը բուռն արձագանք է գտել

Կիրո ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Երկիրն այսօրի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի հատկապես Արցախի անկախության ճանաչման հարցին եւ պատասխանին։

“Ինձ թվում է` ո՛չ հարցն էր ճիշտ ձեւակերպված, ո՛չ նախագահի պատասխանն էր ամբողջական։ Արդյունքում ադրբեջանական եւ արդբեջանամետ տարբեր ԶԼՄ-ներ սկսել են խոսել եւ տարբեր ձեւերով շահարկել այն հարցը, թե մեզ ի՞նչ կտա Արցախի անկախության ճանաչումը”,- ասաց Մանոյանը՝ նշելով, որ կարծում է` ՀՀ նախագահն իր խոսքում չպետք է թույլ տար այնպիսի ձեւակերպումներ, որոնք այսօր շահարկման տեղիք տային։
Մանրամասները՝ տեսանյութում

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ հարցազրույցի նշյալ հատվածը։

Արտակ Ալեքսանյան, Արմնյուզ հ/ը – Պարո՛ն Նախագահ, իմ հարցը վերաբերում է այն դրվագին, որ քիչ առաջ Դուք ինքներդ ասացիք: Նախընտրական շրջանում սովորաբար կոռեկտ եղաք բոլոր թեկնածուների վերաբերյալ, բացի մեկ էպիզոդից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքի առիթով ասել եք, որ դա արկածախնդրություն է: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում էր ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և Ձեր կարծիքով, ինչո՞վ է վտանգավոր այս թեզը:

Սերժ Սարգսյան – Ինչո՞ւ միանգամից կտրուկ էր արձագանքը: Որովհետև դա նոր թեմա չի, և մենք բազմաթիվ անգամ մեր դիրքորոշումը բացատրել ենք: Խելամիտ պաշտոնյան, խելամիտ քաղաքական գործիչը մինչև որոշում ընդունելը, մինչև խոսելը չեմ ասում, մինչև որոշում ընդունելը՝ պետք է հասկանա, թե ի՞նչ արդյունքների է հասնելու, ի՞նչ գին է վճարելու այդ որոշումն իրականացնելու համար և ո՞ւր է հասնելու: Ես ուզում եմ, Արտա՛կ, որպեսզի բոլորս միասին մտածենք՝ ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ: Եթե այո, ասացեք, խնդրում եմ, արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները: Այսինքն, այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու: Ի՞նչ է տալու, ուզում եմ մեկն ու մեկդ ինձ ասեք: Խնդրում եմ ասեք, ի՞նչ է տալու ԼՂ բնակչությանը ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը:

Հարցը հռետորական չի, իրական հարց է: Այստեղ նստած եք մարդիկ, ովքեր արդեն 2 տասնամյակ է այդ խնդրի մասին խոսում եք, գրում եք, ասացեք, ի՞նչ օգուտ է տալու: Մի օգուտ ասեք: Եթե լռություն է, անցնեմ ՀՀ քաղաքացիներին. ի՞նչ է տալու այդ որոշումը ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ ենք մենք դրանից ստանալու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին: Հիմա, խնդրեմ, հարցին անդրադառնանք մյուս կողմից: Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Կարծում եմ, այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Այսինքն՝ որևէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաև համանախագահներին: Առավել ևս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու: Գիտեք, այդպիսի կոչեր, այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որևէ բանի հանդեպ: Նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է:

Միգուցե, Տորոնտոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց արդյո՞ք դրա համար արժե վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր: Դրա համար արժե՞ ձախողել 20 տարի տևող բանակցությունները, որի արդյունքում մեր հակառակորդ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթից, որ սեղանի վրա է, իսկ մենք ասում ենք՝ սա ինչ-որ չափով մեզ բավարարում է: Այսինքն, մի անխոհեմ որոշմամբ մենք ջո՞ւրը լցնենք հազարավոր մարդկանց կյանքի գինը: Մարդ պետք է հասկանա՝ ի՞նչ է պատերազմ: Պետք է տեսած լինես, որ իմանաս: Պատճառը սա էր, որ ես միանգամից կոշտ արձագանքեցի, որովհետև ավելի անխոհեմ քայլ ԼՂ խնդրի հարցում չի կարելի մտածել:

Ուղղակի, չի կարելի, անհնար է: Բայց ես ասել եմ և ես ասել եմ հրապարակավ, ասել եմ միջազգային հարթակներում, ՀՀ-ում, որ, նորից եմ կրկնում, մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե սկսվեն ռազմական գործողություններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք և մենք, այո, հայտարարելու ենք, որ մենք միասնական պետություն ենք կամ ԼՂ-ն անկախ պետություն է, և մենք ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորն ենք: Բայց ինքնե՞րս առիթ դառնանք ռազմական գործողություններ սկսելու: Ոչ: Մենք ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ մենք այլընտրանք չունենանք: Մնացած բոլոր պարագաներում նույնիսկ այդ մասին մտածելը դավաճանություն է մեր զինվորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք խոսում ենք արտագաղթի մասին, հրահրում ենք պատերա՞զմ: Մենք խոսում ենք մայրերին խրախուսելու մասին և ասում ենք պատերա՞զմ ենք սկսում: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին և այնպիսի անխոհեմ որոշմամբ ամեն ինչը դնում ենք վտանգի տա՞կ:

yerkirmedia.am

Տպել Տպել