Խոսքը համակարգային փոփոխությունների մասին է

Արծվիկ Նախօրեին խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց իր առաջարկությունները գործող Ընտրական օրենսգրքի հետագա բարեփոխման վերաբերյալ։ Ի՞նչ կարծիքի է առաջարկությունների մասին ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան։

-ԿԸՀ նախագահի առաջարկությունները համարում եմ ձեւական եւ ոչ խորքային՝ ոչ համակարգային փոփոխությունների միտված առաջարկներ։ Մասնավորապես ընտրական կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջարկը մասնակի լուծում է եւ համակարգի վրա ազդեցություն դրական առումով չի կարող ունենալ։

Իրականության մեջ կան մի շարք խնդիրներ, որոնք բարձրաձայնել է նաեւ Սահմանադրական դատարանը եւ առաջարկել օրենսդրական փոփոխություններ՝ կապված ե՛ւ ընտրացուցակների կազմման կամ ընտրական համակարգի փոփոխության, ե՛ւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման, դրանց լիազորությունների հստակեցման եւ պատասխանատվության ամրագրման, ե՛ւ նույն ընտրությունների ընթացքում քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների ընդլայնման հետ։

Այս ամենի մասին հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար, մինչդեռ ՍԴ-ն, որպես բարձրագույն սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին, պահանջել եւ հորդորել է, որ ընտրական գործընթացի կազմակերպման համար պատասխանատվություն կրող բոլոր մարմինները մտածեն այդ մասին եւ առաջարկներ ներկայացնեն։

Մյուս կողմից, Սահմանադրական դատարանը, հղում անելով նույն ԸՕ այն հոդվածին, որով ԿԸՀ-ը հանդես է գալիս հաղորդագրությամբ, հստակ ամրագրել է, որ այդ հարցերը պետք է քննարկվեն այդ հաղորդագրության շրջանակներում, ինչը արված չէ։

-Դրոշմակնքման ինստիտուտը, ձեր կարծիքով, իրեն արդարացնո՞ւմ է։ Համաձայն չե՞ք, որ ժամանակն է հրաժարվել դրանից։

-Դրոշմակնիքը ընդամենը հավելյալ միջոց է՝ կանխելու ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը, բայց չի կարող հիմնավորապես լուծել այդ խնդիրը։ Կրկնում եմ, խոսքը համակարգային փոփոխությունների մասին է՝ ընտրական օրենսդրությունն ամբողջությամբ պետք է վերանայվի։

Երբ ընտրացուցակների մեջ ընդգրկված են դրսում գտնվող բազմահազար մարդիկ, որով ոչ միայն խախտվում է բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքը, այլեւ որոշ մարդկանց հնարավորություն է ընձեռվում մանիպուլյացիայի ենթարկելու իրենց ընտրական իրավունքը, նման համակարգում նույնիսկ դրոշմակնքումը ոչինչ չի փոխում։

-Իշխանության հիմնական «հաղթաթուղթն» այն է, որ ընտրական գործընթացին մասնակցող հազարավոր մարդիկ՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, թեկնածուների վստահված անձինք եւ դիտորդներ, հատուկենտ դեպքերում են բողոքարկել կեղծիքները։ Հետեւաբար զանգվածային կեղծիքների մասին լուրերը խիստ չափազանցված են։

-Դա հերթական կեղծ թեզն է, որովհետեւ, ի տարբերություն իշխանության, ընդդիմությունը մեկ միասնական օրգանիզմ չէ։ Ընդդիմադիր դաշտում կան տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ, տարբեր մեթոդաբանություն, վարքագիծ ունեցող քաղաքական ուժեր, մինչդեռ իշխանությունն ամբողջական կուռ թիմ է, որը որոշակի գործողություններ է ձեռնարկում։

Եվ ասել՝ ընդդիմությունը հանձնաժողովներում այսքան անդամներ, այսքան վստահված անձինք ունենալով, չի բողոքարկել խախտումները, սա ոչ միայն կեղծ թեզ է՝ պատասխանատվությունը ուսերից գցելու մոտեցում է։ Ի վերջո, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը կրում է պետությունը, եւ իշխանությունը՝ որպես պետության կամքը կրող հիմնական քաղաքական օրգանիզմ։

-Նաեւ քաղաքական ուժերը։

-Քաղաքական ուժերը՝ այնքանով, որքանով ունեն լիազորություններ։ Ընտրական հանձնաժողովներում պատասխանատվությունը խիստ լղոզված է. տեղամասային հանձնաժողովներում ձեւական առումով վերապահելով խորհրդարանական ուժերին, իրականում լղոզել են պատասխանատվությունը՝ պետություն, իշխանություն եւ կուսակցություն հասկացությունները միախառնվել են։

Այդ մասին են վկայում թե՛ դիտորդական առաքելությունների զեկույցները, թե՛ անգամ ՍԴ որոշումները, որտեղ ասվում է, որ հստակ պետք է տարանջատում լինի կուսակցությունների, պետության, իշխանության եւ օլիգարխիայի միջեւ, ինչը արված չէ։ Այս իրավիճակում մեղադրել քաղաքական ուժերին կամ նրանց վստահված անձանց վերահսկողական լծակները չօգտագործելու համար՝ առնվազն սոփեստություն է։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»

Տպել Տպել