Հայ դատի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն այս տարի առանձնակի նշանակություն կունենա

logo-western
ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի կողմից Կալիֆոռնիա նահանգում կազմակերպված Հայ դատի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն այս տարի առանձնակի նշանակություն ունի: Այս մասին, «Արմենպրես»- ի հաղորդմամբ, նշել է ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի կառավարման հարցերով կոմիտեի նախագահ Արմեն Կարապետյանը:

«Այս ընտրական տարում ԱՄՆ-ում մեծ թվով նոր օրենսդիրներ են ընտրվել, ուստի հրամայական է, որ մենք սկսենք իրազեկել նորանշանակ և ավագ օրենսդիրներին պատմական մեծ կարևորության հարցերի` Հայոց ցեղասպանության, ցեղասպանությունների կանխարգելման և պետության ընթացիկ գործերում դրանց ունեցած ազդեցության մասին»,- նշել է Արմեն Կարապետյանը:

Այս տարի միջոցառումները կմեկնարկվեն ապրիլի 14-ի երեկոյան, սակայն «Շահերի պաշտպանության օրը» պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 15-ին` երկուշաբթի առավոտյան, երբ ակտիվիստները կմասնակցեն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատում և Ներկայացուցիչների պալատում կայանալիք Հայոց ցեղասպանության որգեկոչման արարողությանը, կհանդիպեն Հայ դատի մյուս պաշտպանների, տարբեր պետական ​​պաշտոնյաների հետ: Կցուցադրվի նաև հայ-ամերիկյան ներդրողների` բժշկության, ինժեներական և այլ ոլորտներում կատարած ներդրումները ներկայացնող տեսանյութ:

Ամեն տարի կազմակերպվող այս միջոցառումը հնարավորություն է տալիս ամերիկահայ ակտիվիստներին և հայ դատի պաշտպաններին ԱՄՆ օրենսդիրներին ներկայացնել իրենց համայնքների կարիքները, հուզող հարցերը, ծանոթանալ նոր մարդկանց հետ, ամրապնդել կապերը սենատորների հետ և կոնկրետ քայլեր ձեռնարկել իրենց հուզող խնդիրների լուծման համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը հայ-ամերիկյան ամենամեծ և ազդեցիկ կազմակերպությունն է Արևմտյան Նահանգներում, որը, համագործակցելով ամենատարբեր գրասենյակների և կազմակերպությունների մեծ ցանցի հետ, բարձրացնում է ԱՄՆ հայ համայնքին հուզող և լայն շրջանակներ ընդգրկող հարցեր:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել