Խտրական լրատվության արդյունքը

HouseOfCommons
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից:

Քննարկումը նախագահել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։ Արցախյան շարժման 25-ամյակի, Սումգայիթյան ողբերգության, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաեւ «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ Ելույթներից հետո բանախոսները պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերին։

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են նաեւ Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Համայնքների եւ Լորդերի պալատների անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, տարածաշրջանային խնդիրներով զբաղվող վերլուծաբաններ, պատմաբաններ եւ ուսանողներ։

Սա ՀՀ արտգործնախարարության մամլո հաղորդագրությունն է, որը տեղադրվել է նախարարության պաշտոնական կայքում, սակայն որոշ ԶԼՄ-ներում, չգիտես, թե ինչու, հաղորդագրությունը տեղադրվել է որոշակի խեղաթյուրումներով: Մասնավորապես` տեքստից բացակայում է ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ազգանունը:

Այնինչ` նա ոչ միայն ներկա է եղել, այլև առաջին ելույթով հենց նա է հանդես եկել: Պատահականությո՞ւն է: Դժվար թե, եթե հիշենք, թե ինչպես էր պաշտոնական լրատվությունը լուսաբանում Ուրուգվայի խորհրդարանի նախագահի ու նրա գլխավորած պատվիրակության այցը Արցախ:

Պատվիրակությանն ուղեկցող` Դաշնակցության ներկայացուցիչը, որը դարձյալ Վահան Հովհաննիսյանն էր, գրեթե բացակայում էր պաշտոնական էկրաններից: Ընդ որում` ակնհայտ էր, որ նրան դուրս թողնելու համար խմբագիրները տիտանական ջանքեր էին գործադրել, անգամ` նյութի որակի հաշվին:

Նույնին ականատես եղանք 1 ամիս առաջ, երբ պաշտոնական և կիսապաշտոնական լրատվամիջոցները վախվորած «լուսաբանում էին» Լիտվայի Սեյմասում Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծումը: Այսպես են որոշ լրատվամիջոցներ «նպաստում» Արցախի ճանաչմանն ուղղված ազգային միասնական ջանքերին և հետո զարմանում, թե ինչու է նրանց պնակալեզությունը և ստորաքարշությունը սրտխառնոց առաջացնում:

«ԵՐԿԻՐ»

Տպել Տպել