Դեսպանեցին

CivilNet«Սիվիլիթաս» հիմնադրամում հրավիրված ասուլիսը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպանները, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոսը և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ուշագրավ էր մի քանի առումներով:

Նախ` Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր, երբ մի քանի կարևորագույն երկրների դեսպաններ հավաքվում են մեկ վայրում և հստակ ու կոշտ՝ գրեթե առանց դիվանագիտական սեթևեթանքների, քննադատում են իշխանությունների գործողությունները «Սիվիլիթաս» հիմնադրամի, դրա հիմնադրի և ծրագրերի, հատկապես՝ մեդիա ծրագրերի դեմ:

Երկրորդ` դեսպանները, որոնց նախաձեռնությամբ կայացավ ասուլիսը, հստակ ուղերձ են հղում Հայաստանի իշխանություններին «Սիվիլիթասի» դեմ գործի հնարավոր հետևանքների մասին: Ճիշտ է, Արևմուտքը ճանաչեց Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն իրականում դեռ չի համարում, որ Հայաստանը հանձնել է ժողովրդավարության թեստը: Դեռ ընտրություններից առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ փետրվարի 18-ից հետո հնարավոր է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերսկսումը Հայաստանում: Եվրոպական Միությունն էլ Հայաստանի համար դոնորների համաժողովը հետաձգեց նույն մոտիվացիայով: Ավելին` Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը ասուլիսին «Սիվիլիթասի» գործի մասին խոսեց Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համատեքստում:

Կարելի է ասել, որ «Սիվիլիթասի» նկատմամբ սկսված հետապնդումը վերջին տասն ամսվա ընթացքում լուրջ մուտացիա է ապրել: Եթե սկզբում իշխանությունները հայտարարում էին, թե իբր պաշտպանում են կազմակերպության շահերը դրա հիմնադիր Վարդան Օսկանյանից, ապա այժմ առանց ավելորդ խաղերի ցույց են տալիս, որ նպատակը հիմնադրամը փակելն է և դրա լրատվական ծրագրերը լռեցնելը:

Հատկապես այս վերջին հանգամանքը կրիտիկական է: «Սիվիլիթաս»-ում ասուլիսին չկային հեռուստատեսությունների ներկայացուցիչներ (բացառությամբ` ԳԱԼԱ-ի և «Կենտրոն» ՀԸ-ի): Չկային նաև իշխանության կողմից վերահսկվող և մեծ լսարան ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները:

Այսինքն՝ եթե տասն ամիս առաջ իշխանությունների հիմնական նպատակն էր լռեցնել կամ պատժել իրենց հուժկու քննադատ Վարդան Օսկանյանին, ապա այժմ այդ նպատակին համազոր նպատակ է լռեցնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցին և կազմակերպությանը: Այժմ արդեն «Սիվիլիթաս»-ին Օսկանյանից պաշտպանելու» հարց օրակարգում չկա:

Կարեն Հարությունյան

Հ․Գ․
Հետաքրքիր է, թե իշխանություններն ինչպես կարձագանքեն դեսպանների քայլին՝ դարձյալ Շարմազանովի և Գալուստ Սահակյանի մակարդակո՞վ:

«ԵՐԿԻՐ»


Հայաստանում օտարերկրյա դեսպաններն անհանգստացած են “Սիվիլիթասի” գործով. ԱԳՆ-ն դեռ լուռ է

Հայաստանում հավատարմագրված միանգամից երկու երկրների դեսպաններ այսօր հանդես են եկել դիվանագիտական արարողակարգի կանոնները կասկածի տակ դնող հայտարարություններով։ Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի դեսպանները սուր քննադատության են ենթարկել “Սիվիլիթաս” հիմնադրամում “Ազգային անվտանգության ծառայության” տարվող հետաքննությունը։ Նրանք մամուլի ասուլիսով անդես են եկել հենց “Սիվիլիթաս” կենտրոնում։

3 ծրագրերը, որ Ամերիկայի ֆինանսավորմամբ իրականացրել է “Սիվիլիթաս” հիմանդրամը, իրականացվել են ճիշտ ժամանակին: Այս մասին հիմնադրամում այսօր ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Ըստ նրա` իրենք հարցեր չունեն, թե ինչպե՞ս են իրացվել ամերիկացի հարկատուների գումարները:
“Մենք տուժողներ չենք տեսնում, ոչ ոք որեւէ բողոք չի հայտնել: Մենք համոզված ենք, որ այստեղ հետաքննելու ոչինչ չկա “Ազգային անվտանգության ծառայության” եւ որեւէ այլ կառույցի կողմից”,- ասել է դեսպանը:

Ջոն Հեֆերնը խոսել է նաեւ գործի ընթացքի մասին` ասելով, որ սա օրինական քննություն չէ, ու պարզապես չի կարող ասել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այն:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, թե գերմանական կողմը եւս ֆինանսավորել է “Սիվիլիթասի” ծրագրերը, եւ եթե կազմակերպությունը գործում է օրենքին համապատասխան, ոչ մի խնդիր չկա գումար հատկացնելու մասով:

“Ներկայացվող մեղադրանքները պետք է իրական հիմք ունենան, այսօր ես իրական հիմքերի մասին տեղյակ չեմ: Միգուցե փնտրում են, որ մի բան ի հայտ կգա: ԱԱԾ-ն, իմ պատկերացմամբ, ուրույն կազմակերպություն է: Գերմանիայում դատախազությունն ու ոստիկանությունն են նման հարցերով զբաղվում, փորձում են հիմքեր գտնել, եւ ամեն ինչ գնում է դատարան: Չեմ հասկանում, թե սա ի՞նչ հիմքերով է: Նմանատիպ դեպքերում վնաս է հասցվնում այն դրական իմիջին, որ երկիրը կայացնում է բոլոր քաղաքական զարգացումների, ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի առումով”,- ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մորելը:

ԱՄՆ-ի ու Գերմանիայի դեսպաններից բացի, այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում էին նաեւ Շվեյցարիայի դեսպանն ու Նորվեգիայի պատվո հյուպատոսը: Նրանք եւս կոչով դիմել են իշխանություններին ու հայտնել իրենց մտահոգությունը` “Սիվիլիթաս” հիմնադրամի ճակատագրով:

Իշխանություններից Արտգործնախարարությունը, մասնավորապես, որեւէ կերպ դեռ չի արձագանքել բարձրաստիճան դիվանագետների այս կոչին. ԱԳՆ-ն ձեռնպահ մնաց օտարերկյա դեսպանների գնահատականներ տալու փաստն ու դրանց բովանդակությունը մեկնաբանելուց:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսից ԱԱԾ-ն “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության վերաբերյալ քրեական գործ է հարուցել եւ հետաքննություն է անցկացնում: Դրա շրջանակներում հարցաքննվել են հիմնադրամի մի շարք աշխատակիցներ:

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»

Տպել Տպել