Համահայկական առաջին կուսակցության կազմավորումը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (այսուհետև` ՀՅԴ) իբրեւ քաղաքական կազմակերպություն ձեւավորվել է 1890-ի ամռանը Թիֆլիսում կայացած hիմնադիր ժողովների ընթացքում:

Նրա հիմնադիրներ Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը եւ Ռոստոմը (Ստեփան Զորյան) մինչեւ 1890 թվականը քաղաքական պայքարի հարուստ փորձ էին ձեռք բերել Անդրկովկասի նարոդնիկական և ազգային-նարոդնիկական խմբակներում:

1890-ին ՀՅԴ-ի որդեգրած նախնական` «Հայ Յեղափոխականների Դաշնակցություն» անվանումը հետապնդում էր Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարող բոլոր ուժերին ու անհատների միավորման և համահայկական քաղաքական կազմակերպության ձեւավորման նպատակը:

1890թ. սեպտեմբերին հրապարակված Հայ Յեղափոխականների Դաշնակցության Մանիֆեստն ազդարարում էր, որ «Դաշնակցությունը մտել է այն կռվի, որ սկսել է ինքը` ժողովուրդը տաճկաց կառավարության դեմ, ուխտելով մինչեւ արյան վերջին կաթիլը կռվել Հայրենիքի ազատության համար»:

Սակայն, արմատական-հեղափոխական գործելակերպին անցնելու ՀՅԴ պատրաստակամությունը զուգորդվում էր նրա «Դրօշակ» պաշտոնաթերթի առաջին համարում (1891թ.) հրապարակված` Բեռլինի կոնգրեսին Կ.Պոլսի հայոց պատրիարք Ն.Վարժապետյանի ներկայացրած Արևմտյան Հայաստանի ինքնավարության ծրագրի իրականացման պահանջի հետ: Դրանով ՀՅԴ-ն ազդարարում էր, որ ինքը հիմնվում է միջազգային իրավունքի տեսանկյունից միանգամայն օրինական (լեգիտիմ) քաղաքական նպատակի վրա: Իսկ վերջինիս իրականացման հեղափոխական ուղին ընտրելու հրամայականը թելադրված էր 1878թ. Բեռլինի կոնգրեսից անմիջապես հետո` 1880-ին, նույնիսկ` ՙՀայաստան» բառանվան գործածությունն արգելած սուլթանական բռնապետության հալածանքներին ու բռնություններին դիմագրավելու անհրաժեշտությամբ:

ՀՅԴ-ն իր հիմնադրման պահից հռչակեց Բեռլինի կոնգրեսի որոշումներով միջազգայնորեն ճանաչված` արևմտահայության օրինական իրավունքներին տեր կանգնելու իր քաղաքական պարտավորությունը, որի առանցքում ընկած էր 16-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի քաղաքական ու տնտեսական ազատագրությանը հասնելու քաղաքական հիմնանպատակը: Եվ վերջինիս առավելագույն սահմանը, ընդհուպ մինչև Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորումը, այդպես էլ չանցավ միասնական, բայց ‎ֆեդերատիվ պետության կազմում ինքնավարության ձեռքբերման պահանջից անդին:

1890թ. hիմնադիր ժողովներին հաջորդած առաջին իսկ ամիսների ընթացքում ՀՅԴ կազմակերպական կառույցը տարածվեց Անդրկովկասում, Արևմտյան Հայաստանում, Իրանում (Ատրպատական), Նոր Նախիջեւանում, Մոսկվայում, Միջին Ասիայում և այլուր: Նորաստեղծ կազմակերպության արագ ընդարձակումը առաջ բերեց ներքին հակասություններ, որոնք հաղթահարվեցին1892-ի ամռանը Թի‎ֆլիսում գումարված առաջին Ընդհանուր ժողովում: Այստեղ բանաձևելով իր սոցիալ-քաղաքական հավատամքը, ՀՅԴ-ն վերածվեց նաև քաղաքական կուսակցության` շարունակելով մնալ հայ ազգային-ազատագրական շարժումը հունավորող ազգային-քաղաքական կազմակերպություն:

Առաջին Ընդհանուր ժողովում ընդունված ՀՅԴ ծրագիր-կոնոնագիրը առաջադրեց հայ ժողովրդի ազգային ու համամարդկային նպատակների համադրության որոշակի հայեցակարգ, որը հիմնվում էր ազգային ազատագրության խնդրի առաջնահերթության և սոցիալիզմն իբրև հեռավոր իդեալ դիտարկելու զույգ կշռույթների վրա: Իսկ նույն ժողովում ընդունված` ապակենտրոն գործելակերպին անցնելու որոշումը դարձավ կուսակցության կառույցի արագ ընդարձակման հիմնական միջոցը: Դրա համար 1892-ին ստեղծվեցին Թի‎‎ֆ‎լիսի և Թավրիզի Բյուրոները, որոնցից երկրորդը գոյատեւեց մինչեւ 1995 թվականը:

ՀՅԴ առաջին Ընդհանուր ժողովում ստեղծված եւ քիչ անց պաշտոնապես Հայ Յեղափոխական Դաշնակցություն անունը ստացած կուսակցությունը արդեն 1890-ական թվականների կեսերին դարձավ հայ ազգային-ազատագրական շարժման առաջատար ուժը, իսկ 1890-ականների երկրորդ կեսին` Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում և այլ երկրներում ձևավորված իր կառույցների շնորհիվ նաեւ` առաջին համահայկակական քաղաքական կազմակերպությունը:

Տպել Տպել