Պռոշյանում նշել են Պետոյի ծննդյան տարեդարձը


Հունվարի 30-ին բազմամարդ էր Պռոշյան ավանի պանթեոնը: Համագյուղացիները, մարտական եւ կուսակցական ընկերները եկել էին շնորհավորելու Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան տարեդարձը:Ազատամարտիկ-բժիշկ` Տարոն Տոնոյանը իր ելույթում ասաց. «Ամեն տարի հունվարի 30-ին մենք բոլորս միասին հավաքվում ենք Պռոշյանի պանթեոնում` այս նվիրական բարձունքում, նշելու մեր մարտական-հրամանատար ընկերոջ, հայազգի հերոս` Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան օրը: Այս օրը մեզ համար նվիրական է դարձել եւ այս օրը մենք խնկարկում ենք նաեւ այն զինվորների հիշատակը, ովքեր այստեղ են հավերժ ննջում: Տարիներ կանցնեն, մարտական ընկերները այստեղ միշտ կհավաքվեն, մեր շարքերը ավելի կխտանան եւ բոլորը կհիշեն այն քաջությունը, այն մեծ նվերը, որ նրանք մատուցեցին հայրենիքին: Պետոն զոհվեց` փրկելու վիրավոր զինվորի կյանքը, իսկ փրկված զինվորն իր որդուն անվանակոչեց Պետոյի անունով: Սա է մեր ուժի գաղտնիքը, սա է մեր որդեգրած ճամփան: Այսօր մենք նշում ենք նաեւ ՀՅԴ 120 ամյակը: Կուսակցություն, որը ծնվեց ժամանակի եւ ժողովրդի հրամայականով, որի պայքարի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որի հիմքի վրա ունեցանք Սոցիալիստական Հայաստան եւ այսօր ունենք Ազատ Հայաստան, որպես անկախ պետություն:

Այսօր նշում ենք նաեւ Պռոշյանի կոմիտեության 20 ամյակը,կոմիտեություն, որ Կարոտի եւ Պետոյի հրամանատարությամբ լուրջ դերակատարություն ունեցավ ողջ պատերազմի ընթացքում»:

Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց դպրոցի մարզասրահում, որտեղ Պետոյի ու Կարոտի անունը կրող պատանեկան միության մասնակցությամբ նախ հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ ՀՅԴ օրհներգերը, որից հետո ասմունքեցին ու երգեցին հայրենասիրական երգեր: Այնուհետեւ ելույթի խոսքում կոմիտեի նախագահ` Գեւորգ Բարսեղյանը նշեց, որ Դրո Կանայանի անունը կրող կոմիտեն ստեղծվեց այն դժվար տարիներին, երբ օրհասական պահին մարտնչում էինք ազերի հրոսակների դեմ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ անդամ` Արսեն Համբարձումյանը, ով մեկ անգամ եւս արժեւորվեց Պետրոս Ղեւոնդյանի եւ Պռոշյանի կոմիտեության դերն ու նշանակությունը արցախյան ազատամարտում « Այս առումով կարեւոր է նշել,որ այսօր Պռոշյանում մեծանում են հրաշալի պատանիներ եւ երիտասարդներ, որոնք ազգային եւ հայրենասիրական դաստիարակություն են ստանում, եւ այդ գործում մեծ դերակատարություն ունեն ՀՅԴ կոմիտեն եւ համայնքի գյուղապետը: «Այս օրը խորհրդանշական է ընտրված, քանի որ այսօր լրանում է ազատամարտիկ, Շուշիի Առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան տարեդարձը: Պետոյի նման դաշնակցականներն են, որ Պռոշյանի նման կոմիտություն են կերտում եւ Պռոշյանի նման կոմիտեություններն են, որ դաշնակցություն են կերտում: Անցած 20 տարիների ընթացքում Պռոշյանի կոմիտեությունն ու մեր ընկերները ապացուցել են, որ իրենք միշտ հավատարիմ են իրենց կոչմանը եւ դրա մասին գիտեն բոլորը: Արցախյան ազատամարտի բովով անցնելուց հետո կոմիտեությունը շարունակել է իր աշխատանքները արդեն խաղաղ պայմաններում, որը ի սպաս է դրվել համայնքի զարգացմանն ու բարեկեցությանը»,- ասաց նա:

Իր ելույթի խոսքում Պռոշյան ավանի գյուղապետ, ազատամարտիկ` Հրաչ Մուրադյանը հիշեցրեց, որ 20 տարի առաջ Պռոշյանի կոմիտեն ստեղծվեց շնորհիվ այն անձանց, ովքեր այսօր որպես հիմնադիրներ մեր կողքին գտվում են դահլիճում են: Կոմիտեությունը ստեղծվելուց հետո առաջին խմբերը Կարոտի եւ Պետոյի հրամանատարությամբ մեկնեցին Արցախ, որտեղ շատ դժվար կռիվ էր սպասվում: Ամբողջ պատերազմի ընթացքում անցան շատ դժվար ճանապարհներով եւ որեւիցե մեկը չտրտնջաց: «Փառք ու պատիվ մեր մայրերին,որոնք ծնել են այսպիսի նվիրյալներ: Փառք Ձեզ, սիրելի ընկերներ: Մենք բոլորս մեծ պարտավորվածություն ունենք մեր ընկերների առաջ եւ մենք երբեք թույլ չենք տա, որ որեւիցէ մեկը մեր ազգի հանդեպ ոտնձգություններ կատարի: Մենք պայքարել ենք 100 տարի առաջ, պայքարում ենք այժմ եւ պիտի պայքարենք: Ամեն ինչ պիտի անենք մեր երկրի հզորացման համար: Փառք մեր նվիրյալ ընկերներին եւ փառք ձեզ բոլորիդ»,-ասաց նա:

Իր ելույթում ազատամարտիկ ապարանցի Պավլիկը, շնորհավորելով ներկաներին Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան օրվա եւ «Դրո Կանայան» կոմիտեի տարեդարձի կապակցությամբ ասաց, որ այն ստեղծվել է ոչ թե խնկով ու բույրով, այլ մարտով: Դիմելով պատանիներին ու մարտական ընկերներին նա նա հիշեցրեց, թե յուրաքանչյուր թիզ հող ազատագրելիս ինչպիսի մեծ բերկրանք են ապրել: «Մենք պիտի հիշենք,որ դեռ շատ անելիք ունենք: Եվ քանի դեռ մեր երկիրը ունի թշնամի, մեր սուրը պատյան չպետք է մտնի եւ մեր սուրը հավերժ պետք է շողշողա»:

Շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Պռոշյան ավանի Պետրոս Ղեւոնդյանի անվան դպրոցի տնօրեն Մարիամ Պետրոսյանը, ով ասաց, որ այս օրերին դպրոցում անցկացվում են Պետոյի օրեր:Նա հրավիրեց բոլորին ներկա լինելու դպրոցում կայանալիք միջոցառումներին: Այնուհետեւ Կարոտի եւ Պետոյի անվան պատանեկան միության անդամները, Հայկ Ասլանյանի անվան պարային խումբը, կառատեի խումբ իր ցուցադրական ելույթներով շարունակեցին միջոցառման համերգային մասը:

Տպել Տպել