Հացադուլի դադարեցումն անակնկալ էր, ինչպես որ անակնկալ էին նախկին բոլոր որոշումները

Arsen-Hambarcumyan«Այս փուլում առաջնահերթ կարևորություն ունեն Երևանի ավագանու ընտրությունները: Անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել և Երևանում համատեղ ուժերով հաղթանակ արձանագրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններին:

Ինչպես մինչև ապրիլի 5-ի տևող մարզային այցելությունները ՀՅԴ-ն չի ողջունում, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը միանշանակ չի ընդունվում կուսակցության կողմից: Հարցին, թե հացադուլի դադարեցումը որքանո՞վ օգտակար կլինի պայքարի հետագա ընթացքի համար, Արսեն Համբարձումյանը պատասխանեց, թե ժամանակը ցույց կտա դրա օգտակարությունը:

Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա թիմակիցները հայտարարել էին, որ որևէ հայտարարություն չի եղել այն մասին, որ հացադուլն անպայման պետք է տևեր մինչև ապրիլի 9-ը, ՀՅԴ-ի համար նախագահի նախկին թեկնածուի քայլը ևս անակնկալ էր:

«Հացադուլի դադարեցումն անակնկալ էր, ինչպես որ անակնկալ էին նախկին բոլոր որոշումները»,- ասաց Արսեն Համբարձումյանը:

Նա նկատեց, որ որոշումները, որոնք կայացվել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից՝ առանց ՀՅԴ-ի հետ խորհրդակցելու, կարող են չարժանանալ կուսակցության հավանությանը: «Մենք մեզ իրավունք ենք վերապահում աջակցել միայն այն որոշումներին, որոնք համարում ենք ընդունելի, իսկ եթե որոշումները մեզ համար ընդունելի չեն, չենք պատրաստվում աջակցել դրանց: Այն որոշումները, որոնք կկայացվեն համատեղ քննարկման արդյունքում, կլինեն նաև մեր որոշումները, հակառակ պարագայում մենք ազատ ենք մեր դիրքորոշումը ու կեցվածքները ճշտելու համար»,- նշեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը:

Պարզվեց, սակայն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ որոշում ՀՅԴ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում չի ընդունվել:

Հարցին, թե արդյո՞ք ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը չի համարում նախագահ Սերժ Սարգսյանի կոչին ընդառաջում, Արսեն Համբարձումյանը դարձյալ պատասխանեց, թե կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, և այդ հարցի պատասխանը ևս ժամանակը կտա:

168.am

Տպել Տպել