Պռոշյանի գյուղապետի սպանությունը կատարվել է քաղաքական հողի վրա

Արմեն ԵԽԽՎ «Հայկական ժամանակն» անդրադարձել է երեկ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությանը ու գրել. «ՀՅԴ-ն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, ՀՀԿ ներկայացուցիչները կոչ են անում չքաղաքականացնել սպանությունը և սպասել դրա բացահայտմանը: Իսկ առայժմ հնչում են միայն վարկածներ: Սպանության հնարավոր դրդապատճառների շարքում, թերևս, ամենաքննարկվողը գյուղում առկա մշտապես լարված մթնոլորտն է: Պռոշյանում գործում է երկու խմբավորում`դաշնակցականներ և հանրապետականներ: Այս երկու խմբերի միջև պարբերաբար բախումներ են լինում:

Թերթի հարցին՝ արդյոք այս պահին սպանության կոնկրետ վարկածներ կա՞ն, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Վարկածներ շատ կան, բայց այս պահին որևէ բան չեմ կարող ասել: Սա խայտառակություն է: Եթե այս տեսակի դեմ էլ են սպանություն ծրագրավորում, ուրեմն այս երկրում իսկապես լուրջ պրոբլեմներ կան»: Ի պատասխան թերթի դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ սա քաղաքական հողի վրա կատարված սպանություն է, Ա. Ռուստամյանը նշել է. «Բնականաբար, բա ի՞նչ հողի վրա: Սա ահաբեկչություն է` կատարված այս տեսակի մարդու դեմ»:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

Տպել Տպել