Ժամանակն է խրախուսել ամերիկացիների ներդրումները Հայաստանում

Harut Ժամանակն է խրախուսել ամերիկացիների ներդրումները Հայաստանում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին` հուշելով նրան, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ նոր պայմանագիր կնքել և խրախուսել ԱՄՆ քաղաքացիների ներդրումները Հայաստանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ Հայաստանն ունենա ավելի արդյունավետ և գործնական առաջարկներ ամերիկացիների կողմից նախաձեռնվող գործարքների ոլորտում, որովհետև այն ինչ գոյություն ունի այս ասպարեզում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1973 թ. կնքված համաձայնագիրն է։

«Դա չի խրախուսում շատ հարցեր, պաշտպանվածություն չի տալիս Հայաստանում ամերիկյան ներդրողին, հարկային առավելություններ ևս չի տալիս: Իսկ ԱՄՆ-ն այլ շատ երկրների հետ ունի համաձայնագիր, որի դեպքում երկրների քաղաքացիների միջև գործարքներն ավելի էֆեկտիվ են: Իսկ մեր խնդրանքն ու ցանկությունն այն է, որ ամերիկյան կառավարությունը նույն հարթակի վրա բերի իրավիճակը Հայաստանի հետ, ինչ անում է այլ երկրների հետ: Ցանկանում ենք, որ խրախուսվի ներդրումը Հայաստանում: Ամերիկան նման համաձայնագրեր ունի տասնյակ երկրների հետ, գրեթե բոլոր երկրների հետ ունի: Կարծում եմ, որ ԱՄՆ կառավարությունը պետք է դրական արձագանքի այս նախաձեռնությանը, քանի որ ժամանակը հասունացել է այս համաձայնագրի համար»,- նշեց Հարութ Սասունյանը։ Նա հավելեց, որ սա ԱՄՆ-ի համար մեծ բան չէ, ուստի իրենք ամերիկյան կառավարությանը հուշում են, որ ժամանակը եկել է:

Արաքս Մարտիրոսյան

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել