Մարզպետի «մտային շրջանակից» դուրս

Էդիկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, եթե, իհարկե, ի վիճակի է հայերեն տեքստ կարդալ և հասկանալ, պարտավոր է մեկ անգամ ևս ընթերցել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առնչությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը և ներողություն խնդրել hraparak.am կայքում իրեն թույլ տված որոշ արտահայտությունների համար:

Պարոն Շահգալդյանն իր մտային կարողությունների շրջանակներում փորձել է որոշակի լույս սփռել տեղի ունեցածի վրա, բայց նրա հակասական տեղեկատվությունները փաստել են, որ ինքն իր տեղում չէ և շատ սխալ պաշտոն է զբաղեցնում: Մեզ չի թվում, թե մարզպետը, ում գործի են ընդունում նախագահն ու վարչապետը, իրավունք ունի այնքան վերևից նայել ժողովրդի ընտրությունը շահած որևէ համայնքապետի, ինչպես դա արել է Կովալենկո Շահգալդյանն իր հայտարարություններով: Ի՞նչ է նշանակում, օրինակ, 2005 թվականից պռոշյանցիների համակրանքը վայելած և երեք անգամ ընտրված գյուղապետի հետևից ասելը. «…իհարկե, թույլ համայնքի ղեկավար էր»: Իսկ շա՞տ ուժեղ մարզպետ է Կովալենկո Շահգալդյանն, ով այս ողջ ընթացքում իր կողմից հովանավորվող թեկնածուներով ոչինչ չի կարողացել անել Հրաչ Մուրադյանի դեմ, որովհետև Հրաչի թիկունքին պռոշյանցիներն են եղել:

Շատ տխուր է, որ մարզպետը նաև թյուր կարծիք ունի Հրաչ Մուրադյանի՝ քաղաքականության մեջ վառ արտահայտված դեմք լինել-չլինելու մասին. «Շատ քչերը նույնիսկ գիտեին, որ ինքը դաշնակցական է»: Սխալվում է, իհարկե, պարոն մարզպետը: Լավ է՝ չի ասել, թե ինքն էլ է նոր իմացել: Ծիծաղելի է, ինչ խոսք, երբ 350 հազարանոց կուսակցությունով պայքարում ես մեկի դեմ ու հայտարարում, որ քչերը գիտեին նրա կուսակցական պատկանելության մասին:

Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Կովալենկո Շահգալդյանը մի քիչ ավելի երկար մտածեր իր արտահայտած մեկ այլ մտքի վրա. «2005 թվականից աշխատել ենք, աշխատանքային վեճեր են առաջացել՝ բնականաբար, բայց ես չգիտեմ, որ ինքն իրան լկտի պահի, ինչ-որ կրիմինալ շրջապատ ունենա կամ ռազբորկեքի-բանի մեջ ընկնի»: Ո՞ւմ հետ կարող էր աշխատանքային վեճ ունենալ մարզպետը՝ արդյոք համայնքի թույլ ու շողոքորթ ղեկավարի՞: Եվ մի՞թե հազարավոր ոչնչությունները չեն իրենց լկտի պահվածքով, կրիմինալ շրջապատով ու ռազբորկաների մեջ ընկնելով խայտառակում երկիրն ու երկրի ղեկավարներին: Ուստի Շահգալդյանը, որպես Կոտայքի մարզում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, առնվազն ինքն իրեն պիտի հարց տար՝ արդյոք հենց այդ տականքի ձեռքի գործը չէ՞ հարգված, համագյուղացիների հոգսերով ապրող մարդու սպանությունը:

Շահգալդյանը նաև գերազանցում է իր իրավասությունները` նշելով, որ տեղի ունեցածն, իր կարծիքով, անձնական հողի վրա կատարված բան է: Անտարակույս, դա նույնպես չպիտի բացառել, բայց դա անելու բարոյական իրավունքը մարզպետը չունի: Դա նույնն է, թե Սերժ Սարգսյանը վաղը ելույթ ունենա և իր կարծիքն արտահայտի տեղի ունեցածի մասին: Սա, մեղմ ասած, հետաքննության ապակողմնորոշում է, դոմինանտ կարծիքի՝ պետական պաշտոնյայի կողմից մեջտեղ հանել, ինչն ուղղակի անթույլատրելի է:

Խոսելով ՀՅԴ ԳՄ հայտարարության մասին՝ Կովալենկո Շահգալդյանը, ներողություն, հասնում է լկտիության եզրագծին. «Դե, ամեն մեկն իր մտային կարողությունների շրջանակում անում է հայտարարություններ, ինչի՞ մասին է խոսքը»:

Պարոն Շահգալդյանը կա’մ չի կարդացել խնդրո առարկա հայտարարությունը, կա’մ կարդացել ու չի հասկացել, կա’մ էլ նրան դուր չի եկել, որ ՀՅԴ ԳՄ-ն արձանագրել է, որ նախ՝ սա կանխամտածված ու ծրագրված սպանություն է, ապա՝ ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է, և վերջապես՝ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, և հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հետաքրքիր է իմանալ՝ նշված հաստատումներից ո՞ր մեկը մարզպետի սրտով չէ: Խելքը կտրուկ Շահգալդյանը որևէ բան ունի՞ ավելացնելու կամ պակասեցնելու հետևյալ նախադասության մեջ. «Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունը` ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում` կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում»: Եթե այո՝ սիրով կլսենք նրան, իսկ եթե ոչ` ուրեմն պետք է իմանա, որ ասվածները որքան ողջ Հայաստանին, նույնքան էլ իր ղեկավարության ներքո հայտնված մարզին են վերաբերում, և ինքը լուրջ խնդիրներ ունի այդ մարզում՝ որպես մարզպետ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«ԵՐԿԻՐ»

Տպել Տպել