Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեկեցության երաշխավորը

Yura3Յուրի Նավոյանը ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական Ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1993-1998 թթ. Դաշնակցության Բյուրոյի ապարատում զբաղվել է ԱՊՀ երկրների և այդ երկրների հայ համայնքների խնդիրներով: 1998-2002 թթ. եղել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Սփյուռքի բաժնի պետը: 2003 թվականից ղեկավարում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Հանդիսանում է ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագետ:

– Պարոն Նավոյան, հանդիպումից առաջ ես, բանականաբար, հետաքրքրվել եմ Ձեր աշխատանքով: Դուք զբազվել եք և’ քաղաքական հետազոտություններով, և խորհրդարանի հետ փոխհարաբերություններով, և’ համայնքային կյանքի կազմակերպմամբ: Ասացե’ք, հենց Դո՞ւք եք հայտնի «հայկական լոբբին»: Բացահայտե’ք, խնդրեմ, նրա գործունեության հավանական ու անհավանական կողմերը:

– Ես ավելի համեստ ձևակերպումներ կնախընտրեի: «Ռուս-հայկական համագործակցությունը» կազմակերպություն է, որը զբազեցնում է հանրաճանաչ հասարակական դիվանագիտության տեղը: Մեր գործունեությունը ընթանում է երկու հիմնական ուղղություններով: Դա նախևառաջ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշող և իրականացնող գերատեսչությունների, օրենսդիր մարմինների համապատասխան կոմիտեների և ՌԴ Պետական Դումայում խմբակցություններ ունեցող քաղաքական կուսակցությունների հետ շփումներն են: Եվ երկրորդ, մենք աշխատում ենք հայ համայնքում` համագործակցելով առանց բացառության բոլոր գործող կազմակերպությունների հետ և աջակցում ենք նոր միավորումների ձևավորմանը:

– Ու՞մ շահերն է նախ և առաջ ներկայացնում «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, որը Դուք ղեկավարում եք. Հայաստանի պետության շահերը Ռուսաստանի պետությունում, թե՞ այստեղ ապրող հայերի` Ռուսաստանի քաղաքացիների շահերը: Եվ տարբերվու՞մ են արդյոք այդ շահերը:

– Մենք փորձում ենք հավասարակշռություն պահպանել, որպեսզի նպաստենք Ռուսաստանի հայ համայնքի ավելի համախմբմանը: Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական Սփյուռքը: Իր ներկայիս տեսքն այն ստացել է Ցեղասպանությունից հետո: Քաղաքական արդյունավետ կազմակերպությունները, որոնք գործում են հայկական սփյուռքում, կազմավորվել են, որպեսզի պահանջեն Ցեղասպանության ճանաչումը և հասնեն դրա հետևանքների վերացմանը: Հայակական Սփյուռքի ակտիվությունը ավանդաբար պահպանվել է Հայ Դատի գաղափարով:

– Ռուսաստանում նույնպե՞ս:

– Ոչ, որովհետև կար Խորհրդային Միությունը: Բայց 1991 թնականին, անկախության ձեռքբերումից հետո հայտնվեց հայկական պետությունը: Սփյուռքի խնդիրները այս փուլում նույնպես փոխվեցին: Ցեղասպանության ճանաչման խնդրի հետ միաժամանակ սուր կերպով առաջացավ նաև ներկա Հայաստանին աջակցելու հարցը: Չէ՞ որ նույնիսկ հայկական տարածքի մի մասի վրա հայկական պետականության գոյությունը նույնպես Հայկական Հարցի մասնակի լուծում է: Հայկական պետության անվտանգության ամրապնդումը դարձավ համազգային նոր առաջնահերթություն: Մեզ համար հատկապես կարևոր է այն, որ Ռուսաստանը ընդունել է հայերի Ցեղասպանությունը: Դրան առնչվող մյուս հարցերը հանդիսանում են հայ-ռուս-թուրքական հարաբերությունների առարկա:

Ռուսաստանում այսօր բնակվում են ավելի քան երկու միլիոն հայեր (այս հարցում մենք հենվում ենք պաշտոնական մարդահամարի տվյալների վրա, ինչպես նաև հաշվի ենք առնում ոչ պաշտոնական տեղեկությունները): Դրա համար էլ հաճախ ենք մտածում, թե որքանո՞վ է Ռուսաստանում հայ համայնքի կազմակերպվածությունը համապատասխանում իր ունեցած ներուժին: Իմ կարծիքով` այնքան էլ չի համապատասխանում: Բայց մյուս կողմից էլ, մենք երբեք լրջորեն չենք քննարկել այն հարցը, թե ի՞նչ հիմքի վրա պետք է կազմակերպել այս հսկայական համայնքը: Մինչև այժմ համայնքային կառույցները ձևավորվել են առանձին անհատների` որպես կանոն շատ հարգարժան ու հաջողակ, ֆինանսական հնարավորությունների կամ քաղաքական կապերի շուրջ:
Հայերի մոտ շատ սպասումներ, երբեմն էլ հարցեր են կուտակվել այդ անհատների նկատմամբ, բայց կարծում եմ, որ դա լրիվ արդար չէ: Նրանք նույնիսկ արել են ավելին, քան նախատեսում էին նրանց կազմակերպական, մտավոր, կամ ֆինանսական հնարավորությունները: Նրանք «ինչ անելու» իրենց պատկերացումների համապատասխան են կառույցներ ստեղծել: Բայց երբ այդ կառույցներից սպսումները չեն համապատասխանում իրականությանը, դա հանգեցնում է լճացման, հայ հասարակայնության տարբեր շերտերի, համայնքի և նրա ղեկավարության միջև բաժանման խորացմանը:

– Հնարավորություն կա՞ հաղթահարելու այդ բաժանումը:

– Կարծում եմ, որ ռուսահայության ներուժը հնարավոր է համախմբել հիմնարար արժեքների շուրջ: Դա, նախևառաջ, աջակցությունն է Հայաստանին ու հայկական պետականությանը: Դա Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունն է: Եվ վերջապես, դա լեզուն, մշակույյթը և ավանդույթներն են: Ռուսաստանի հայ համայնքը իրականում շատ խորը ինտեգրված է ռուսաստանյան իրականությունում. կար մասնական երկիր, պահպանվել է ընդհանուր մշակութային ժառանգությունը: Մյուս կողմից էլ համայնքը, փաստորեն ամեն մի ընտանիք, մինչև այժմ շատ ամուր կապված է նաև Հայաստանի հետ: Կապը պահպանվում է նաև տնտեսապես` ֆինանսական փոխանցումներով, իրական ներդրումներով: Առանց որևէ չափազանցության Ռուսաստանի հայ համայնքը կարելի է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեկեցության յուրօրինակ երաշխավորը համարել: Այն Հայաստանի համար ինքնատիպ «անվտանգության բարձ» է ստեղծում: Սա լավ է, բայց նշաձողը կարելի է բարձրացնել մինչև միջպետական հարաբերությունների մակարդակ: Եվ այս առումով Ռուսաստանի հայությունը իր քսանամյա փորձի վերանայման կարիքն ունի: Արդյունավետ կլինի, եթե մեր գործարարները սկսեն մասնակցել միջպետական ծրագրերին: Դա ավելի արդյունավետ մեթոդ է, որը համայնքին լիարժեք դրսևորվելու հնարավորություն կտա: Եվ արդեն հենվելով ձեռք բերած բարեկեցության բազային, հնարավոր կլինի և’ դպրոցներ և’ մշակութային կենտրոններ ստեղծել, այն, ինչը, ցավոք, այժմ չկա Մոսկվայում: Մայրաքաղաքում գոյություն չունի համայնքի կազմակերպման տարրական բազա` հայկական մշակութային կենտրոն: Գործող բոլոր կազմակերպույունների նկատմամբ հարգանքով հանդերձ, նրանք` այդ թվում և մերը, չեն կարող իրենց վրա վերցնել բոլորին` երիտասարդությանը, մտավարականներին, բժիշկներին, ուսուցիչներին, ոսկերիչներին, համախմբելու ֆունկցիան: Դրա համար հարկավոր է հանդիպումների, քննարկումների և լուսավորչական ծրագրերի իրականացման ընդհանուր տանիք:

Անհրաժեշտ եմ համարում, որ մինչև տարվա վերջ Ռուսաստանի հայ համայնքի հիմնական դերակատարների կլոր սեղան հրավիրվի, լրջորեն քննարկվի այս հարցը և գտնվեն համապատասխան կազմակերպական ձևեր գործունեության հաջորդ փուլին անցնելու համար:

Իմ մոտեցումը հետևյալն է. լիարժեք համայնքի ձևավորման բանալին կազմակերպական բազմազանությունն է և հստակ առաջնահերթությունների սահմանումը: Շատերը համարում են, որ Մոսկվայում հայկական կազմակերպություններն առանց այդ էլ շատ են` չորս-հինգը: Տա Աստված, որ դրանք 400-ը լինեն: Գլխավորը խաղի կանոնների, մեր առաջնահերթությունների, համագործակցության հարցերի որոշումն է: Երբ ասում են, որ հայերի մոտ պակասում է համախմբվածությունը, ես պատրաստ եմ լրջորեն բանավիճել: Մենք շատ արագ համախմբվում ենք, պարզապես այսօր Ռուսաստանում չունենք բավարար չափով բովանդակային ծրագրեր: Իսկ այդպիսի ծրագրեր կարող են ծնվել միայն բանավեճի արդյունքում: Ռուսաստանում հենց սա է պակասում: Դրա համար էլ շատ ծրագրեր կրում են ցուցադրական, շոուի բնույթ: Համայնքային կյանքով այսօր զբաղվում է բիզնեսը, կապիտալը, և համայնքը հանդես է գալիս իբրև ընկերությունների հավելված: Այդպիսի ընկերությունների ցանկացած կորպորատիվ, միանգամյա ձեռնարկ ներկայացվում է իբրև համայնքային աշխատանք:

– Արևմուտքում համայնքի համախմբումը տեղի է ունենում եկեղեցու շուրջ, իսկ Ռուսաստանում այն ընթանում է բիզնեսի շուրջ: Ձեր կարծիքով, ո՞ր ձևն է ավելի ընդունելի ու կենսունակ:

– Եկեղեցին կատարում է իր շատ կարևոր դերը, բայց չէի ասի, թե համախմբումը ընթանում է միայն նրա շուրջ: Կան նաև հայկական կազմակերպություններ, ակումբներ, դպրոցներ, թատրոններ, թերթեր: Բնականաբար, տարբեր երկրներ ունեն իրենց առանձնահատկությունը: Օրինակ, Մերձավոր Արևելքի որոշ երկրներում և Իրանում տեղական օրենքների համաձայն հայերը համարվում են կրոնական փոքրամասնություն: Այդ դեպքում, իբրև հրապարակային ինստիտուտ, առաջին գծում հանդես է գալիս եկեղեցին: Նրա շուրջ էլ կազմակերպվում է ամեն ինչ` գիտությունը, մշակույթը, կրթությունը, մարզական բազան:

Արևմտյան երկրներում, ուր կա քաղաքացիական հասարակություն, բնականաբար, զարգացած է նաև հասարակական կազմակերպությունների ինստիտուտը: Բայց և եկեղեցին բարոյական դաստիարակության շատ կարևոր դեր է կատարում: Պատմականորեն այդ դերը հայերի համախմբումն է: Այսօր Ռուսաստանում նույնպես տեղի է ունենում այս ավանդույթների վերածնունդ: Փառք Աստծո, որ թեմի գլխին կանգնած է շատ ակտիվ ղեկավար` Եզրաս եպիսկոպոսը:

Հարցի մյուս կողմն այն է, որ ռուսաստանյան պետությունը նույնպես զարգանում է և օրենսդրորեն որոշակի շրջանակ է սահմանում մեր գործունեության համար: Ռուսաստանյան օրենսդրությունում կա այնպիսի ձև, ինչպիսին ազգային-մշակութային ինքնավարությունն է: Հայերը այն դեռևս լրիվ չեն իրացրել, մենք գնացել ենք համառուսաստանյան հասարակական կազմակերպության ստեղծման ճանապարհով: Բայց ինձ թվում է, որ ազգային-մշակութային ինքնավարության ձևը ավելի արդյունավետ է: Հե’նց դաշնության կոնկրետ սուբյեկտի ազգային-մշակութային ինքնավարությունը կկարողանա տեղի հայերին ներգրավել համայնքային լիարժեք կյանքում: Եվ արդեն սուբյեկտների ազգային-մշակութային ինքնավարությունները կկարողանան ինչ-որ համակարգող մարմին ստեղծել: Հե’նց Ռուսաստանի դաշնային կառուցվածքը մեզ դրան է մղում:

– Ներքևից վե՞րև:

– Այո: Շատ տարածաշրջանային կազմակերպություններ չափազանց հաջողված են: «Ռուսաստանի հայերի միության» նման համառուսաստանյան կազմակերպության օրինակը ցույց է տալիս, որ առավել արդյունավետ են հենց տարածաշրջանային բաժանմունքները, իսկ կենտրոնական մարմինների ներկայացուցիչները միայն հասցնում են ներկա լինել միջոցառումներին: Բոլորի խնդիրները տարբեր են, Մոսկվայի գրասենյակից հնարավոր չէ ցուցումներ տալ Սանկ-Պետերբուրգի կամ Սոչիի կազմակերպությանը: Իսկ հնարավոր է և պետք է ստեղծել ինչ-որ կոլեգիալ մարմին գործունեության համակարգման, պարբերաբար հավաքվելու և կարծիքների փոխանակման համար: Այսօր մենք ունենք հասարակական պատվեր` մեր աշխատանքները տարածել Մոսկվայի սահմաններից դուրս: Մենք տարածաշրջանների միջև կատարում ենք կոմունիկատորի դրական դեր` առաջարկելով բովանդակային ընդհանուր ծրագրեր: Մենք զբաղեցնում ենք մեր առանձնահատուկ տեղը և դրա հետ հաշվի են նստում:

– Ի՞նչ է Ձեզ անձամբ հաջողվել անել կազմակերպության ղեկավարման ընթացքում, ինչո՞վ եք իրավամբ հպարտանում և կարող եք ասել. ես սրանում մասնակից եմ:

– Կարող եմ թվարկել մեր մի շարք նախաձեռնություններ, օրինակ` Հայաստանի և Ռուսաստանի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական ու վերլուծական հաստատությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատումը: Մենք առաջարկել ենք համայնքի կազմակերպությունների միջև փոխգործակցության նոր մշակույթ: Այսպես, մի քանի տարի առաջ մենք գործընկերների հետ նախաձեռնել ենք Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի ստեղծումը: Հետագայում համագործակցության այդ փորձը տարածվեց Հայոց Ցեղասպանության միջոցառումների համակարգման մոսկովյան հանձնաժողովի աշխատանքի վրա, ուր մտնում են Մոսկվայի ու մարզի բոլոր կազմակերպությունները: Մեր կողմից հիմնադրվել է «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարը, որը հայկական հրատապ թեմաներով գրքերի շարք է ներկայացնում ռուսաստանյան ընթերցողին:

Զգում ենք, որ ռուսաստանյան տեղեկատվական դաշտում գոյություն ունի որոշակի վակկում ներկայիս Հայաստանի խնդիրների վերաբերյալ: Դրա համար էլ բոլոր միջոցառումները մենք անց ենք կացնում ռուսաստանյան կազմակերպությունների հետ` լինեն դրանք բանավեճի հարթակներ, թե հետազոտական ինստիտուտներ: Մեր գործընկերների թվում են Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտը, Կովկասագետների գիտական ընկերությունը, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտը, Սևծովյա-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտը և շատ ուրիշներ:
Երեք տարի առաջ, այն ժամանակվա նախագահ Մեդվեդևի` Հայաստան պետական այցից առաջ ստեղծվեց հայ-ռուսական խառը փորձագիտական խումբ: Մենք պատրաստեցինք ծավալուն վերլուծական զեկույց հայ-ռուսական հարաբերությունների վիճակի մասին և տվեցինք դրանց զարգացման մի քանի սցենարներ:
Հաջողությամբ զարգանում են մեր «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագիրը` ուղղված պատմության կեղծարարության դեմ, «Հայաստանը բարեկամների աչքերով» և մի շարք լուսավորչական նախագծեր: Իսկ «Ռուսահայության ձայնը» տեղեկատվական-վերլուծական հեռուստածրագիրը, որը ամիսը երկու անգամ եթեր է սփռվում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ, համահայկական լսարանին է ներկայացնում ժամանակակից Ռուսաստանն ու հայ համայնքը:

Արդեն լավ ավանդույթ է դարձել Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների և նախագահի թեկնածուների հետ հանդիպումների կազմակերպումը խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ: Քաղաքական ուժերի հետ երկխոսության մեկ այլ ձև է համարվում ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների ներկայացուցիչների ապահովումը համայնքի ձեռնարկներին և Հայաստանում ու ԼՂՀ-ում տեղի ունեցող նշանակալի իրադարձություններին:

Մենք նախաձեռնել ենք համայնքային նոր կազմակերպությունների, կիրակնօրյա դպրոցների ստեղծում Մոսկվայի մարզի խոշոր քաղաքներում, կանանց և երիտասարդական կազմակերպությունների` Մոսկվայում:

Ես հավատում եմ, որ համայնքը չի կարող գոյություն ունենալ իբրև գետտո համակարգ, այլ պետք է առաջին հերթին մասնակցի միջպետական հարաբերություններին: Որոշ երկրներում, ուր հայ համայնքներ կան, այս թեմային շատ զգուշությամբ են մոտենում, համարելով, որ համայնքը կարելի է կազմակերպել միայն Ցեղասպանության թեմայի շուրջ: Բայց անվտանգության հարցը մեզ համար նույնքան գլոբալ խնդիր է, ինչպես որ Ցեղասպանությանը: Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հարցը պետք է կարևոր տեղ գրավի ամեն մի համայնքի օրակարգում, իսկ Ռուսաստանի համայնքի` առավել ևս: Հայաստանի առաջին անվտանգության հայեցակարգում ամրագրված է, որ այս փուլում նա իր անվտանգությունը կապում է Ռուսաստանի և այն կառույցների հետ, ուր Ռուսաստանը առաջատար դեր է խաղում:

– Ես գիտեմ, որ Դուք իբրև դիտորդ եղել եք Հայաստանի նախագահի ընտրությանը: Ներկայացրե’ք Ձեր գնահատականները քվեարկության և դրա արդյունքների վերաբերյալ: Որքանո՞վ են դրանք օրինաչափ և սպասելի:

– Իհարկե, Հայաստանը հետխորհրդային պետություն է, ուր քաղաքական համակարգը համակարգային թերություններ ունի: Ընտրազանգվածը այդ պայմաններում ընտրում է սևի և սպիտակի միջև, իսկ դա ցնցումների վտանգ է պարունակում: Վերջին տասը տարիների ընթացքում առնվազը երեք անգամ Հայաստանն ու հայերը անցել են հեղափոխության ռիսկը, բայց միշտ ժողովրդին օգնության է եկել ինքնապահպանման բնազդը:
Իսկ փետրվարի 18-ին Հայաստանը իր զարգացման որոշակի սահմանագիծն անցավ: Առավոտյան մենք արթնացանք արդեն ուրիշ երկրում: Դրա համար շատերը ուրախացան, շատերը` մտածեցին: Եվ դա լավ է, դա նշանակում է, որ Հայաստանը բնականորեն զարգանում է: Վատ է մեկ այլ բան. արդեն չորրորդ նախագահական ընտրությունները ավարտվում են հասարակության ծայրահեղ բևեռացմամբ: Ըստ իս խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական համակարգը չի կայացել, քաղաքական կուսակցությունները հայտնվում և անհետանում են, իսկ եթե չեն անհետանում, ապա չեն մասնակցում ընտրական գործընթացին:

Դա այն դեպքում, երբ Հայաստանում ավելի հաջող կերպով, քան ԱՊՀ մյուս երկրներում, օրենսդրորեն քաղաքական մրցակցության համար ստեղծվել են բոլոր պայմանները: Այլ հարց, որ ոչ բոլոր կուսակցությունները իրացրին իրենց այդ իրավունքը: Դեռ մեծ է անվստահությունը ընտրությունների նկատմամբ և դա հանգեցրեց նրան, որ խորհրդարանում խմբակցություններ ունեցող որոշ կուսակցություններ ընտրություններում չառաջադրեցին իրենց թեկնածուին: Որոշ դեպքերում ներկայիս քաղաքական կուսակցությունները հայտնվել են գործադիր իշխանության կցորդի դերում, դա բերել է քաղաքական գործընացի ձևախեղման, ուր գերակա են բիզնես և խմբակային շահերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում էր դառնալ նոր Հայաստանի խորհրդանիշը և իրոք, այս ընտրություններին գնաց դրանք ազնիվ անցկացնելու, անցյալի տակ գիծ քաշելու և առաջիկա հինգ տարին պետական համակարգը մաքրելու և առողջացնելու ցանկությամբ: Չնայած նրան, որ ընտրողը առանձնապես ընտրության հնարավորություն չուներ, բողոքող ընտրազանգվածը ընտրատեղամաս եկավ և քվեարկեց առավել ընդունելի թեկնածուի օգտին: Րաֆֆի Հովհաննիսյանը շատերի համար դարձավ վախի հաղթահարման և քաղաքացիական ակտիվության աճի խորհրդանիշ: Եվ լավ է, որ նրանք երկուսով էլ պատրաստ են երկխոսության: Կարծում եմ, որ այսպիսի առողջ մրցակցությունը լավ ելքի կհանգեցնի, հակակշիռների համակարգը կօգնի իշխանության շուտ բարեփոխմանը:

– Ինչպե՞ս եք Դուք գնահատում Հայաստանի տեղը Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներում` Մաքսային Միության և Միասնական Տնտեսական Տարածության շրջանակներում:

– Հայաստանը զարգանում է առանձնահատուկ ուղիով: Աշխարհում այսօր աճում է տարածաշրջանային կենտրոնների դերը: Ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ունի քաղաքական մոտիվացիա և տնտեսական գին: Ռուսաստանի ինտեգրացիոն նախաձեռնությունները տեղավորվում են ժամանակակից միջազգային հարաբերությունների տրամաբանությունում: Հայաստանը դրանց նկատմամբ որջամիտ մոտեցում ունի. ոչ ոք չի կարող ասել, որ ՀԱՊԿ-ում նա հուսալի գործընկեր չէ: Բայց դրանով հանդերձ, նա հաջողությամբ համագործակցում է ուրիշ ռազմա-քաղաքական միավորումների հետ: Ինտեգրացիոն միավորների կայանալու հետ մեկտեղ Հայաստանը մասնակցում է դրանց:

Զրուցեց Լիանա Մինասյանը
noev-kovcheg.ru/mag/2013-06/3752.html

Տպել Տպել