Կիրո Մանոյան. Պահանջատիրության հարցը դարձրել արդիական

Պարո՛ն Մանոյան, խոսենք Ցեղասպանության զոհերի եւ նրանց իրավահաջորդների պահանջատիրության մասին: Նրանց իրավունքների վերականգնման պայքարն ի՞նչ ուղիներով է այսօր իրականացվում:

– Նախ պետք է հստակեցնենք, թե որ իրավունքների մասին ենք խոսում. կան անհատական, հավաքական (եկեղեցիների նկատմամբ) եւ ազգային իրավունքներ՝ ընդհուպ մինչեւ տարածքների պահանջատիրություն։ Անհատական իրավունքների գծով իսկապես պետք է զգույշ լինել, որ չարվեն քայլեր, որոնք կարող են հետագայում խոչընդոտել հավաքական կամ ազգային իրավունքների իրագործմանը։

Ի՞նչ է նշանակում սա։ Վերջին տարիներին հատկապես Կալիֆոռնիայի մեկ օրենքի հիման վրա դատական գործեր են հարուցվել մի շարք ապահովագրական ընկերությունների նկատմամբ՝ “Նյու-Յորք Լայֆ”, “Աքսա”, ֆրանսիական եւ գերմանական մեկ-երկու ընկերության դեմ։ Այս հայցերը վերաբերում են տվյալ ընկերությունների՝ իրենց հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորություններին։ Այս գործընթացը եւս շատերին անբավարարված ու դժգոհ թողեց, որովհետեւ առանց հիմնավոր բացատրությունների մի շարք մարդկանց հայցերը մերժվեցին։ Դա հավաքական հայց էր, որը իրավունք է տալիս դատը նախաձեռնողին որոշել, թե ում հայցը ընդգրկվի ընդհանուր դատական գործի մեջ, ումը՝ ոչ։ Մյուս կողմից, այլեւս հնարավորություն չի թողնում, որ ուրիշները, այսինքն` նրանք, ովքեր բավարարված չեն, կրկին դատական գործ հարուցեն։ Տվյալ դեպքում հայցերը հավաքվում, համախմբվում եւ միասնական են ներկայացվում դատարան, եթե վերջում որեւէ մեկի հայտը չեն բավարարում, նա այլեւս զրկվում է դիմելու հնարավորությունից, եթե մինչ այդ չէր հայտարարել, որ անկախ այդ դատավճռից` պատրաստվում է առանձին դիմել դատարան, ինչը իրականում բավական դժվար եւ ծախսատար գործընթաց է։

Ապահովագրական ընկերությունների դեմ դատը սահմանափակ թվով մարդկանց է վերաբերում՝ 1000-2000 հոգու, սակայն նրանց թվի մեծացման դեպքում այս գործընթացը կարող է հետագայում խոչընդոտել թե՛ հավաքական, թե՛ անհատական իրավունքների վերականգնմանը։ Եթե չշահես կամ բավարարված չլինես վճռով, այլեւս դիմելու հնարավորություն չես ունենա, կամ, անհատական իրավունքի պարագայում շահելով, այլեւս իրավունք չես ունենա հանդես գալ հավաքական կամ ազգային հատուցման պահանջով։ Անհրաժեշտ է զգույշ լինել, որ նման դատական հայցերը չխոչընդոտեն հետագայում այլոց կամ ազգային իրավունքների հետապնդման հարցերին։

Նման խնդիրներ Միացյալ Նահանգներում այսօր կան` հրեա համայնքի հետ կապված։ Այսօր ԱՄՆ-ի միջոցով բանակցություններ են ընթանում Գերմանիայի հետ, որոշակի գումարներ հատուցվել են, բայց հետագա պայքարը չխոչընդոտելու համար նրանք չեն քաջալերում, որպեսզի առանձին դատական գործեր հարուցվեն կամ հավաքական դատական հայցեր ներկայացվեն ամերիկյան դատարաններին։

Մյուս կողմից պետք է ցավով արձանագրեմ, որ այն հայազգի փաստաբանները, որոնք այդ ապահովագրական ընկերությունների դեմ գործեր են հարուցել, եւ որոնց մի մասն արդեն սկսել է կալվածքների հարցով դատական գործ կառուցել, իրար դեմ դատական գործեր են հարուցել՝ միմյանց մեղադրելով անպարկեշտության մեջ, ինչը ինքնին կասկածի տակ է դնում ողջ գործընթացը։

ՀՅԴ նախաձեռնությամբ չորս տարի առաջ ձեւավորվել է մասնագետների մի խումբ, որոնց հանձնարարվել է ընդհանուր իրավիճակի վերաբերյալ թղթածրարի պատրաստում, որը կընդգրկի նախեւառաջ ազգային եւ հավաքական, ինչ-որ տեղ նաեւ անհատական հայցերի մասին ակնարկ։ Այդ փաստաթղթի նախագիծը անցյալ տարի հրապարակվեց ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Հայաստանում, ներկայացվել է տարբեր շրջանակներում, որոնք իրենց դիտողությունները ներկայացրել են հեղինակներին։ Վերջիններս այժմ պատրաստում են նախագծի վերջնական տարբերակը։ Այդ նախագծում հստակ շեշտվում են այն հիմքերը, որոնցով հայկական կողմը կարող է իր իրավունքները պաշտպանել։ Ազգային իրավունքների հարցը` ներառյալ տարածքային պահանջատիրությունը, պետության իրավունքն է։ Այսօր տեսնում ենք որոշ խմբերի, որոնք երբեմն ոչ շատ հստակ, երբեմն խեղաթյուրված հայտարարություններ են անում արեւմտահայության անունից՝ համագումար կազմակերպելու կոչերով եւ այլն։ Դա, մեղմ ասած, ժամավաճառություն է, որովհետեւ այդ ամենի իրավատերը նույն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար ակտով Հայկական պետությունն է, եւ դրա համար շատ կարեւոր է, որ ՀՀ-ն Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացումով հանկարծ չհրաժարվի այդ իրավունքներից, որովհետեւ որոշ պետություններ` ներառյալ Թուրքիան եւ ԱՄՆ-ն, այդ արձանագրություններն այդպես են մեկնաբանում` համարելով, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջ չունի։ Մենք չենք ասում, որ պետք է այսօր անպայման բարձրաձայնել պահանջատիրության մասին, բայց պետք չէ նաեւ ֆիքսել, որ պահանջ չունենք։

Մասնագետների կողմից պատրաստված փաստաթուղթը խոսում է նաեւ հավաքական եւ անհատական իրավունքների մասին, նրանք հայկական կողմի եւ Թուրքիայի միջեւ նախատեսում են բանակցային գործընթաց, հայկական կողմը դեռ վերջնական ֆիքսված չէ, բայց հավանաբար պետության մասին է խոսքը, որի ընթացքում կշահարկվի ոչ թե տարածքների, այլ ընդհանուր հատուցման հարցը։ Այդ ընդհանուր վնասի հատուցումը ստանալուց հետո հնարավոր կլինի նաեւ առանձին-առանձին հայցեր բավարարել ընդհանուր խմբից։ Բայց, կարծում եմ, դեռեւս վաղ է այդ մասին խոսելը։

Անշուշտ, անցյալում եղել են եւ հիմա էլ կան այնպիսի գործեր, որոնք շատ կոնկրետ անհատների կամ ընտանիքների իրավունքներին են վերաբերում, տարբեր ատյաններում դատական գործեր են հարուցվել։ Նման գործեր կան նույն թուրքական դատարաններում, եվրոպական դատարանում մեկ-երկու հայց կա, եւ ամերիկյան դատարանում մեկ հայց կա, որը վերաբերում է հատկապես Ինջիրլիք ռազմակայանի տարածքին, որի սեփականատիրոջ դերում հանդես են գալիս չորս հայեր։ Սա այլ հարց է եւ չի կարող խոչընդոտել հավաքական իրավունքների վերականգմանը, որովհետեւ նրանք շատ հստակ խոսում են իրենց կալվածքների եւ իրավունքների մասին։ Բայց մտահոգիչ կլինի հատկապես այն դեպքում, եթե ԱՄՆ-ում հավաքական հայց ներկայացված լինի դատարաններում, ինչն ընդհանրապես կբացառի համազգային այլ դատերի հարուցումը։

Հաշվի առնելով այն բոլոր թերությունները, որ պարզվեցին, փոխադարձ մեղադրանքները, որ այսօր առկա են փաստաբանների միջեւ` մենք բոլորս պետք է զգոն լինենք, որպեսզի հանկարծ մեր հավաքական, ազգային ու անհատական շահերը նման անհեռատես գործողությունների հետեւանքով ոտնակոխ չարվեն։

– Խոսենք Ինջիրլիքի դատավարության մասին: Արդեն լրացել է ԱՄՆ դատարանի՝ թուրքական կողմին տրված ժամկետը: Այժմ ի՞նչ զարգացումներ են սպասվում, եւ ինչո՞վ է Ինջիրլիքի դեպքը բացառիկ։

– Բացառիկ է այն իմաստով, որ ամերիկյան դատարանում հայց է ներկայացվում Թուրքիայի դեմ, բայց դա արվում է այնպես, որ ինչ-որ չափով նաեւ ամերիկյան կողմն է հանդես գալիս պատասխանատուի դերում։ Հայց կա նաեւ ամերիկյան գանձապետարանի դեմ՝ հայերի իրավազրկումից օգտվելու մեղադրանքով, եւ այդ գանձապետարանի հայցով է, որ դատարանը դիմել է Թուրքիային` ինչ-որ պատասխան ստանալու ակնկալիքով։ Թե ինչ հետեւանք կարող է ունենալ, դժվարանում եմ պատասխանել ։

Թե՛ հավաքական, թե՛ անհատական իրավունքների վերականգման ուղղությամբ ընտրվե՞լ են արդյոք որոշակի ուղիներ:

– Որոշակի ուղիներ չեն ընտրվել, որովհետեւ ուսումնասիրությունները դեռ գտնվում են նախնական փուլում։ Ակնկալում եմ, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում հնարավոր կլինի ստույգ եզրակացություններ անել` հաշվի առնելով, որ այդ նախագծի մասին իրենց կարծիքը կհայտնեն այդ խնդիրներում անառարկելի հեղինակությունները։ Ի դեպ, մեր խումբը ներառում է ե՛ւ հայ, ե՛ւ այլազգի մասնագետների։ Հայերի պարագայում այս հարցերի արծարծումը համեմատաբար ուշ են սկսվել` ի տարբերություն այլ երկրների։ Օրինակ՝ Կանադայում Առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայից եւ Թուրքիայից հատուցում ստանալու խնդիր է բարձրացվել, եւ երբ հայերը, որոնք մինչ այդ հաստատվել էին Կանադայում, փորձել են դիմեն հայցը ձեւավորող հանձնաժողովին, նրանց հայցը մերժվել է՝ պարզաբանելով, որ հայերի իրավազրկումը պատերազմի հետ կապ չունի։ Երկրորդ աշխարհամարտից հետո հայկական տարածքների հարցով համազգային մասշտաբով դիմում եղել է ՄԱԿ-ին, այդ ժամանակ Խորհրդային Միությունն էլ հողեր պահանջեց Թուրքիայից, սակայն Սառը պատերազմի հետեւանքով, ստեղծված քաղաքական իրավիճակից ելնելով, այդ գործընթացը կասեցվեց։

Այլ փորձեր եւս եղել են, սակայն չեն եղել այնպիսի հաջողություններ, որ ընդհանուր գործընթացի հիմք ծառայեն։ Ընդհանուր ուսումնասիրություն եղել է նաեւ 80-ականներին, նույնիսկ 50-ականներին “լքյալ” գույքերի մասին որոշ հաշվարկներ եղել են։ Սակայն հիմա են կատարվում առավել մանրամասն ուսումնասիրություններ։

Կարելի է ասել, որ Թուրքիան է այսօր հողերի պահանջատիրության հարցը դարձրել արդիական։ Հայաստանը տարածքային կամ այլ հատուցման պահանջ չի ներկայացնում, բայց Թուրքիան ինքն է պահանջում, որ Հայաստանը ասի, որ պահանջ չունի, ինչը հակառակ արդյունքի է բերում։

Բազմիցս նշվեց այդ անհատական հայցերի վտանգի մասին, իսկ կարո՞ղ են նման քայլերը դրական ազդեցություն ունենալ եւ հիմք ստեղծել հավաքական իրավունքների վերականգման համար։

– Եթե չափազանց զգայուն եւ նուրբ ձեւով կատարվի, կարող է չխոչընդոտել եւ ճանապարհ ցույց տալ, սակայն հաշվի առնելով նախաձեռնող փաստաբանների փոխադարձ մեղադրանքները` դժբախտաբար, այդ լավատեսությունը չունեմ։

“Նյու Յորք Լայֆ” ապահովագրական ընկերության հետ կապված գործընթացից հետո մի շարք նման գործեր հարուցվեցին աշխարհի տարբեր երկրներում: Ի՞նչ հաջողություններ են մինչեւ այժմ գրանցվել:

– Դժգոհություն կա նաեւ “Նյու Յորք Լայֆ”-ի ու “Աքսա”-ի վճիռների վերաբերյալ, սակայն գործընթացն այնպիսին է, որ այդ մարդիկ նույնիսկ բողոքարկելու հնարավորություն չունեն։ Ընդհանուր “Նյու Յորք Լայֆ”-ից ստացված մոտ 20 մլն ԱՄՆ դոլար հատուցումից 9 միլիոնը տրվել է 2300 հայցվոր ժառանգորդներից, իրավահաջորդներից 1700-ին, 8 միլիոնը ուղղակի եւ անուղղակի անցել է փաստաբաններին, իսկ 3 միլիոնը նվիրաբերվել է 9 հայկական բարեգործական ընկերությունների։ Այստեղ եւս փաստաբանների միջեւ կա փոխադարձ մեղադրանք, որ գրանցել են ձեւական կառույցներ եւ իրենք՝ փաստաբանները, յուրացրել են այդ գումարը։

“Աքսա” ապահովագրական ընկերությունից ստացված 17.5 ԱՄՆ դոլարից 8.5 միլիոնը հատկացվել է անհայտ քանակով հայցվորների, իսկ մնացածը գործածվել է դատավարության եւ հետազոտության ծախսերի, իրավապաշտպանների եւ այլ ծախսերի համար:

Այս գործընթացը պետք է ավելի թափանցիկ ու հստակ լինի։ Քանի որ այս գործընթացները վերաբերում են անմիջապես այդ ապահովագրական ընկերություններին եւ նրանց հաճախորդների առաջ ստանձնած պարտավորություններին, կարելի է հայերի այս քայլերը ինչ-որ չափով հասկանալ եւ հանդուրժել, սակայն այլեւս անհանդուրժելի են այն գործընթացները, որոնք անմիջապես վերաբերում են Թուրքիային։ Սա կարող է հարվածել մեր հավաքական իրավունքի ձեռքբերմանը, պետք է դաս քաղել կատարված սխալներից։

Աննա Կարապետյան

Տպել Տպել