Թուրքական լրատվամիջոցները շտապեցնում են. Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրենքը դեռ պատրաստ չէ

Հրաչ ՎարժԹուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծ է պատրաստվել, որտեղ չի նշված «Հայոց ցեղասպանություն» եզրը, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախագահ Հրաչ Վարժապետյանը:

Նրա խոսքով՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը դեռ պատրաստ չէ եւ հրապարակված չէ, իսկ ինչ վերաբերում է թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին, ապա «հայոց ցեղասպանություն» եզրի չի եղել նաեւ պատգամավոր Վալերի Բուայեի կողմից ներկայացված նախորդ օրինագծում:

«Ամենայն հավանականությամբ, թուրքական լրատվամիջոցները իրար են խառնվել ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ, կամ էլ նման հրապարակումներով իրենց «անհանգստությունն» են հայտնում թուրք-ֆրանսիական հետագա հարաբերությունների առնչությամբ»,-ասել է Վարժապետյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը սպասում է, որ իր խոստման համաձայն Ֆրանսուա Օլանդը ներկա կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: «Մենք սպասում ենք, որ նախագահը կամ նրա խորհրդականները կհայտնեն, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը պատրաստ է»,-ասել է Վարժապետյանը՝ հավելելով, որ պայմանավորվածության համաձայն Վալերի Բուայեն հետ կանչել իր օրինագիծը, բայց եթե Օլանդի նախաձեռնած օրինագիծը չներկայացվի, Բուայեն իրավունք կունենա ներկայացնել այդ օրինագծի իր տարբերակը:

Տպել Տպել