Լիբանանահայերից շատերն ստանում են Հայաստանի քաղաքացիություն

Շահան NEWS.am-ի հարցազրույցը Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանի հետ:

Օրերս Լիբանանում տեղի է ունեցել միջինարեւելյան երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի ներկայացուցիչների խորհրդաժողովը։ Ի՞նչ ուղիներ նախանշվեցին խորհրդաժողովի ընթացքում։

-Միջինարեւելյան երկրներում գործող 100-րդ տարելիցի հանձնաժողովների ներկայացուցիչների մեկօրյա խորհրդաժողովն առանձնացավ մի քանի առումով: Ձեւաչափի եւ մասնակցության առումով խորհրդաժողովն աննախադեպ էր, այն բաղկացած էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներից, Միջինարեւելյան 9 երկրներում գործող համապատասխան հանձնախմբերի ներկայացուցիչներից, հայ առաքելական, կաթոլիկ, ավետարանչական եկեղեցիների եւ հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։

Իհարկե, թեման նպաստում էր նման համընդգրկուն ձեւաչափով խորհրդաժողով հրավիրելուն, այդուհանդերձ, միջինարեւելյան մասշտաբով նման ներկայացուցչական հավաքը ողջունելի մեկնակետ էր հրատապ խնդիրների քննարկման համար:

Խորհրդաժողովում քննարկվել են տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը, այնտեղ թափանցած նոր օսմանականության տարբեր դրսեւորումները, ժխտողականության յուրովի դրսեւորումներն եւ թուրք-ադրբեջանական տանդեմի մարտավարությունները։

Խորհրդաժողովի ընթացքում ընդգծվել է, որ Անկարայի դասական ժխտողականությունը միջինարեւելյան երկրներում ենթարկվել է որոշակի ձեւափոխումների։ Թուրքիան գնում է ոչ թե ցեղասպանությունը հակափաստարկելու, այլ ավելի շուտ Հայոց ցեղասպանության դեմ հակակշիռ «ցեղասպանության» ճանաչման ճանապարհով։ Անկարա-Բաքու քարոզչամեքենան ակտիվորեն աշխատում է Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» թեզն առաջ տանելու ուղղությամբ։ Նախադրյալները հուշում են, որ այս մարտավարական դրսեւորումը սաստկանալու է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Տարածաշրջանում գերակտիվացել է թուրքական գործոնը։

Սիրիայում հակակառավարական ուժերի ֆինանսավորելով, զինուժ տրամադրելով, քրդական ելույթների զարգացումն արգելակելու տարբեր գործողություններով եւ ընդհանրապես արաբական երկրներում տեղ-տեղ հակաիսրայելյան իմիտացիոն քայլեր ցուցադրելով այլ կարեւոր միջավայրերում ֆինանսատնտեսական խոշոր ծրագրերով`Անկարան թիրախավորել է Միջին Արեւելքը։ Այս ամենի առնչությամբ քննարկվել են հնարավոր հակազդեցության սցենարները։ Խորհրդաժողովին հնչել է նաեւ այն տեսակետը, որ տարածաշրջանում ընթացող կտրուկ զարգացումների ու տեղաշարժերը խիստ հավանական են դարձնում Թուրքիայի դեմ նոր մարտահրավերների եւ վտանգների առաջացումը, որը կարող է նույնիսկ ճակատագրական լինել Թուրքիայի ապագայի համար, ինչը պարտավորեցնում է քրդական զարգացումներին եւ ներթուրքական իրադարձություններին հետեւողներիս այս առումով եւս նախապատրաստվելու:

Հարյուրամյակի միջինարեւելյան հանձնաժողովների այս խորհրդաժողովը, որ իրոք արձանագրել էր նկատելի համընդգրկվածություն,առիթ էր ոչ միայն միջոցառումների համակարգման եւ այս առումով Հայաստանի պետական քաղաքականության շեշտադրումներին ծանոթանալու, այլ նաեւ տարածաշրջանային նորագույն իրադարձությունների լույսի ներքո մեր հակառակորդների շարժումները վերլուծելու եւ մանավանդ հայության վաղվա օրվան համակարգված նախապատրաստվելու քննարկումները համատեղ անցկացնելու:

-Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Լիբանանում ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:

Լիբանանի կենտրոնական մարմինը հարյուրամյակի տարվա համար նախատեսել է հրատարակչական, ցուցադրական, համերգային, գեղարվեստական, քաղաքական միջոցառումներ, ինչպես նաեւ բողոքի ակցիաների անցկացում։

-Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Լիբանանի հայ համայնքն ի՞նչ միջոցառումներ է նախատեսում։

-Ցեղասպանության 100-րդ տարելիցին Լիբանանի երիտասարդական մարմնի նախաձեռնությամբ Պիքֆայայի Եղեռնի հուշարձանի մոտ կանցկացվի երիտասարդական հավաք։ Ապրիլի 24-ին նախատեսվում է համաժողովրդային քայլարշավ եւ բողոքի ակցիա։ Անցկացվելու են նաեւ մշակութային բազմաթիվ միջոցառումներ։

-Խնդրում եմ, ներկայացրեք Լիբանանում հայ համայնքը, համայնքի ներկայացվածությունը երկրի պետական եւ տնտեսական ոլորտներում։

-Լիբանանը միջհամայնքային համակարգի վրա հիմնված երկիր է, եւ պետական հաստատություններում բոլոր համայնքները, այդ թվում նաեւ հայ համայնքը, ունեն իրենց ներկայացվածության չափաբաժինը։ Այսօրվա դրությամբ, մենք ունենք երկու հայ նախարար եւ խորհրդարանի վեց հայ պատգամավորներ։ Լիբանանահայ բազմաթիվ գործարարներ, շինարարներ, ճարատարագետներ ընդգրկված են երկրի ֆինանսատնտեսական դաշտում. Կենտրոնական բանկի փոխկառավարիչի պաշտոնը զբաղեցնում է հայ պաշտոնյա։

-Հիմնականում ի՞նչ խնդիրներ ունի հայ համայնքը։

Լիբանանահայ համայնքը երկրի 7 հիմնական համայնքներից մեկն է եւ, իբրեւ այդպիսին, Լիբանանում ապրող համայնքների դիմագրաված դժվարությունները վերաբերում են նաեւ իրեն՝ տնտեսական տագնապ, քրիստոնյաների արտահոսք, լարված եւ պայթյունավտանգ իրավիճակ, հարեւան երկրում տիրող իրավիճակի ազդեցություն։

Միաժամանակ լիբանանահայ համայնքը համասփյուռքյան կարեւորություն ունեցող համայնք է։ Այստեղ են Սփյուռքի հոգեւոր կենտրոնները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիների համասփյուռքյան կենտրոնները։ Լիբանանում է գտնվում Սփյուռքի միակ հայկական համալսարանը՝ «Հայկազյանը»։ Հայ ավանդական կուսակցությունների համակուսակցական մարմիններն այստեղ ունեն ներկայացուցչական գրասենյակներ։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով՝ լիբանանահայության իրավիճակը, կարծում եմ, պետք է արժանանա ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի զանազան կենտրոնների ուշադրությանը։

Ինչպե՞ս եք գնահատում համայնք-հայրենիք կապը։

-Հայրենիքի նկատմամբ հետաքրքրությունը հետզհետե ավելանում է։ Լիբանանահայերից շատերը ստանում են Հայաստանի քաղաքացիություն։ Եթե «Արմավիա» ավիաըներությունը չդադարեցներ իր գործունեությունը՝ կարծում եմ շաբաթական երկու չվերթի իրականացումն արդարացված կլիներ. մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել հայրենիք, բնակարան գնել, ներդրումներ կատարելու մասին մտածել։

-Շատ սիրիահայեր ապաստանել են Լիբանանում, արդոք ունե՞ն կացարաններ, ապահովվա՞ծ են աշխատանքով։

Այս պահի դրությամբ Լիբանանում անօթեւան սիրիահայ չկա, բնակարանի կամ կեցության վայրի կարիք ունեցողները դիմում են համապատասխան ծառայողական կենտրոններ, որտեղ նրանց աջակցում են բնակարանի վարձակալման կամ աշխատանցի տեղավորման հարցում։

-Հաշվի առնելով սերտ կապը Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքների միջեւ, կարո՞ղ եք նշել նյութական եւ մարդկային կորուստները Սիրիայի հայկական համայնքում։

Վիճակագրական տվյալներ չունենք։ Իհարկե, սիրիահայ համայնքը լուրջ կորուստներ ունեցավ՝ թե մարդկային, թե նյութական առումով։ Երկրում պատերազմ է, որի հետեւանքներն անդրադառնում են նաեւ հայ համայնքի վրա։

-Բոլորովին վերջերս, սալաֆիների շեյխ Յասիր ալ-Աջլվանին հրովարտակ է արձակել, որով թույլ է տվել «ջիհադի զինվորներին» բռնություն կիրառել Սիրիայի ոչ սուննի կանանց նկատմամբ։ Ելնելով այս փաստից, ձեր գնահատմամբ, որքանով են վտանգված Սիրիայում ապրող հայուհիները։

-Խնդիրը չի վերաբերում ուղղակի հայությանը։ Խնդիրը ծայրահեղ իսլամականության վտանգն է, որն ուղղված է ամբողջ տարածաշրջանին։ Ավելին, այն ուղղված է ոչ թե միայն քրիստոնյաների, այլեւ հենց մուսուլմանական համայնքների դեմ։ Ցանկացած ծայրահեղականություն սպառնալիք է կայունությանը, անվտանգությանը, խաղաղությանն ու հասարակության բնականոն կյանքին։ Հայերը բոլորի նման մտահոգ են նման երեւույթի զարգացման հնարավորություններով։

Այստեղ թիրախը հայությունը չէ, ինչպես առհասարակ պատերազմում թիրախը հայերը չեն։

Զրուցեց Մարիա Ասատրյանը

NEWS.am

Տպել Տպել