Գլենդելի իշխանության կազմում հայերը մեծամասնություն են. հայտնի են համաքաղաքային ընտրությունների արդյունքները

GlendelԱպրիլի 2-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում կայացած համաքաղաքային ընտրությունների վերջնական արդյունքներն արդեն հայտնի են: Ընտրատեղամասերից ստացված արդյունքների ամփոփումից հետո հայտնի է, թե քաղաքային մի շարք պաշտոններում առաջադրված ազգությամբ հայ թեկնածուներից ովքեր են ստանձնելու այդ պաշտոնները: Ապրիլի 2-ին քաղաքի բնակչությունը քաղաքային խորհուրդ, Գլենդելի միավորված դպրոցական շրջանի խորհուրդ, քաղաքապետարանի քարտուղար և քաղաքապետարանի գանձապահ է ընտրել:

Քաղաքային խորհրդի ընտրություններում առաջադրված հայ թեկնածուներից Արա Նաջարյանը, Զարեհ Սինանյանը և Շահեն Քյորօղլյանը, ստացել են բավականին շատ ձայներ: Արա Նաջարյանը ստացել է 10 165, Զարեհ Սինանյանը՝ 7379, իսկ Շահե Քյորօղլյանը՝ 7023 ձայն:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և հայ համայնքի կողմից պաշտպանվող թեկնածուներն ընտրվել են՝ բացառությամբ Շահե Քյորօղլյանի և երկու այլ թեկնածուների՝ Արամ Գազազյանի, Ռոլանդ Կեդիկյանի, որոնք պաշտպանություն չէին ստացել հայ համայնքի կողմից: Եթե հաշվի առնենք այն, որ քաղաքապետի պաշտոնը երկու տարին մեկ ռոտացիայի սկզբունքով փոխանցվում է խորհրդի մի անդամից մյուսին, համոզված կարելի է ասել, որ առաջիկա տարիներին Գլենդելի քաղաքային իշխանությունը կղեկավարեն մեծամասամբ հայեր՝ քաղաքապետի պաշտոնը միմյանց փոխանցելով:

Քաղաքային գործավարի պաշտոնում առաջադրված Արտաշես Քասախյանը հեշտությամբ հաղթել է՝ ստանալով 12 319 ձայն: Նշենք, որ նա ևս ստացել էր հայ համայնքի աջակցությունն այս ընտրություններում: Քաղաքային գանձապահի պաշտոնում ևս հայ թեկնածու է ընտրվել: Րաֆֆի Մանուկյանը, ով միակ թեկնածուն էր, ստացել է 14 560 ձայն: Ապրիլի 2-ին ընտրվել են նաև Գլենդելի միավորված դպրոցական շրջանի խորհրդի անդամները: Այս կազմում ընդգրկվելու համար պայքարում էին յոթ թեկնածու, իսկ պետք է ընտրվեին միայն երեքը: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից պաշտպանվող երկու թեկնածուները՝ Գրեգ Գրիգորյանը և Արմինա Կարպետյանն ընտրվել են: Գրեգ Գրիգորյանը ստացել է 12850, իսկ Արմինա Կարպետյանը՝ 9 195 ձայն:

Նշենք, որ այս ընտրություններում հայ համայնքը նպատակադրվել էր որակապես փոխել քաղաքային խորհրդում հայ անդամների ներկայության պատկերը: Անցած տարիների բոլոր ընտրություններում միմյանց դեմ պայքարող հայ թեկնածուները կիսել էին հայ ընտրողների քվեները՝ դրանով ճանապարհ հարթելով ոչ հայ թեկնածուների համար: Այս անգամ ընտրություններից առաջ ամբողջ հայ համայնքը՝ ԱՄՆ Հայ դատի գրասենյակի առաջարկով, փորձել է պահպանել ազգությամբ հայ թեկնածուների ձայները՝ միավորվելով և պաշտպանելով առաջադրվող բոլոր հայ թեկնածուներին՝ լինի նա կուսակցական, թե՝ ոչ:

Արաքս Մարտիրոսյան
1in.am

Տպել Տպել