Ելք չունե՞ն, ներքին խնդիրնե՞ր ունեն…

ԱղվանԵրեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնի համար։

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար այս որոշումն անակնկալ չէր: Yerkir.am-ի հետ զրույցում նա մեջբերեց թերթերից մեկի այսօրվա հրապարակման վերնագիրը` «Տրամաբանական չէր, անակնկալ չէր»:

«Մեր երկրում կա քաղաքական մեծամասնություն: Նա է որոշում` ով ինչով պետք է զբաղվի. ՀՀԿ-ն, ՀՀ նախագահի գլխավորությամբ, նպատակահարմար է գտել, որ առաջիկա տարիներին եւս կառավարության ղեկավարը մնա նույնը` Տիգրան Սարգսյանը:

Մենք կարող ենք միայն դատել արդյունքներով` նախորդ 5 տարվա արդյունքները հուսադրող չեն, 2008-ի այս կառավարության ծրագիրը ձախողվել է, խնդիրները լուծված չեն: Պատճառաբանություն միշտ հնարավոր է գտնել, բայց ակնհայտ է` մեր երկրում ե’ւ տնտեսական, ե’ւ սոցիալական, ե’ւ, որ շատ կարեւոր է, բարոյահոգեբանական մթնոլորտը շատ ավելի ծանր վիճակում է` արտագաղթ, աղքատություն, վաղվա օրվա հանդեպ անվստահություն, երկրի ընդհանուր դիմադրողականության թուլացում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ մենք ունենք ներքին եւ արտաքին լրջագույն խնդիրներ: Հիմնավորումն էլ, թե ՀՀ նախագահի` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու հանձնարարականը կատարվել է, լավագույն փաստարկը չէ:

«Ես չեմ պատկերացնում, երբ տնտեսական աճի ցուցանիշը կատարում են հանձնարարականներով: Տնտեսության վիճակը չի բարելավվել, բիզնես միջավայրը նույնն է, եւ այս կառավարության կատարած հիմնական քայլերի միակ արդյունքը բնակչությունից հնարավորինս առավելագույն գումարներ հավաքելն է, որոնց մի մասն էլ ոչ թե գնում է պետական բյուջե, այլ մասնավոր բիզնեսների գրպանը»,- նշեց նա եւ հիշեցրեց, որ ՀՅԴ-ի գնահատականն այս կառավարության գործունեությանը բացասական է, բայցեւ կրկնեց` քաղաքական պատասխանատվությունը կրում է մեծամասնությունը:

Առաջիկայում կառավարությունը ԱԺ կբերի հաջորդ 5 տարիների իր ծրագիրը, եւ ՀՅԴ-ն կտա իր գնահատականը:

Դիտարկմանը, որ առկա խնդիրները, ենթադրվում է, գիտակցում են նաեւ իշխանությունները, այդ դեպքում ո՞րն է նրանց քայլերի տրամաբանությունը, Վարդանյանը նախ արձագանքեց, որ չի ցանկանում իշխանության տրամաբանությամբ առաջնորդվել, բայց զուտ մարդկայնորեն ինքն էլ է մտածում` հնարավոր չէ, որ իշխանություններն այդ ամենը չգիտակցեն, չտեսնեն, չարձանագրեն:

«Թերեւս ելք չունե՞ն, մարդիկ չունե՞ն, ներքին խնդիրնե՞ր ունեն… Սրանք միայն ենթադրություններ են: Ես չեմ ուզում գնահատականներ տալ, կա քաղաքական մեծամասնություն, պատասխանատվությունը նրանցն է, եւ մենք դատելու ենք արդյունքներով: Նախորդ արդյունքները բացասական են: Կարծում եմ` մեր հանրությունն այդ գնահատականը տվել է նախագահական ընտրությունների ժամանակ, կարծում եմ` գնահատական կտա նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ»,- եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը:

yerkir.am

Տպել Տպել