Պետք չի ակնկալել, որ մենք հրապարակում պետք է լինենք զուտ հրապարակում լինելու համար

ArsenՄեր հարցին, թե ի՞նչ է ակնկալում ՀՅԴ-ն այսօրվա ֆորումից, Արսեն Համբարձումյանը պատասխանեց. «Մենք ակնկալելու ենք, որ նախընթաց երկամսյա այս ժամանակահատվածի որդեգրած մարտավարության մեջ համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության գիտակցում կլինի, եւ նաեւ որոշումները կայացնելու մեխանիզմների հետ կապված փոփոխություններ լինեն։

Մենք մշտապես ասել ենք եւ այսօր էլ այդ կարծիքին ենք, որ ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ պիտի տեր կանգնի այն որոշումներին, որոնց քննարկմանն ու որոշումների կայացմանը մասնակից է եղել։ Եթե մենք մասնակից չենք որոշումների կայացմանը, թե ինչ ճանապարհով ենք գնում, ինչ հանգրվաններով, ինչ ճանապարհային քարտեզով, այդ պարագայում բնականաբար պետք չի ակնկալել, որ մենք հրապարակում պետք է լինենք զուտ հրապարակում լինելու համար»:

Դաշնակցությունը, ԳՄ փոխներկայացուցչի խոսքով, պատրաստ է իր ուժերի ներածին չափով աջակցելու, որպեսզի Շարժումը հզորանա եւ պարտադրվի իշխանություններին՝ գնալ արմատական, լուրջ համակարգային փոփոխությունների։

ՀՅԴ-ն իր մոտեցումներն ու մարտավարությունը բարձրաձայնել է Ազատության հրապարակում հնչեցված ելույթների ժամանակ եւ դրանք ներկայացրել պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգություն» կուսակցության վարչությանը։

«Մենք այսօր էլ պատրաստ ենք տանդեմով գնալ մինչեւ վերջ։ Իսկ եթե որոշումները կայացվում են առանց մեզ, կամ կայացված որոշումների հետ կապված մենք ունենք տարբեր մոտեցումներ, բնականաբար դրա մասին նաեւ ասում ենք եւ որեւէ թաքցնելու բան չունենք»,- ասաց Արսեն Համբարձումյանը։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
aravot.am

Տպել Տպել