ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր հիմնարկները և գործի չգնալ

ապրիլ 24ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է անում ապրիլի 24-ին փակել սեփական բոլոր հիմնարկները և գործի չգնալ

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ամերիկահայերին կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ապրիլի 24-ին, ի նշան հարգանքի, փակել սեփական բոլոր ձեռնարկությունները և աշխատանքի չհաճախել:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարկվող Asbarez պարբերականը, կառույցը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ ապիլի 24-ը պետք է տարբերվի մյուս օրերից. մարդիկ պետք է մի կողմ դնեն իրենց առօրյա հոգսերն ու զբաղմունքը և հարգանքի տուրք մատուցեն Ցեղասպանությանը զոհ դարձած 1, 5 միլիոն հայերի հիշատակին:

«Հայոց ցեղասպանության տարելիցը մոտենում է, և յուրաքանչյուր հայ ևս մեկ անգամ պատրաստվում է ոգեկոչելու սարսափելի այդ հանցագործության զոհերի հիշատակը, ոգեկոչման միջոցառումների կամ բողոքի ակցիաների մասնակցելու միջոցով իրենց հավատարմությունը հայտնելու մեր պահանջատիրությանը:

Ապիլի 24-ը բոլորիս համար այն օրն է, երբ մենք պետք է հարգենք մեր նահատակների սուրբ հիշատակը, այն օրն է, երբ մենք գնահատում ենք մեր անձնական և համընդհանուր կորստի չափը, այն ժամանակն է, երբ մենք պետք է վերանայենք մեր ներկան և ուղեգծենք մեր պայքարի հետագա ընթացքը՝ հանուն արդարության և մեր իրավունքների վերականգնման:

Ապրիլի 24-ին անձնական նպատակով արձակուրդ ձևակերպելով և աշխատանքի չհաճախելով, կամ սեփական ձեռնարկությունները փակելով՝ մարդիկ համազգային սգո օրվան վայել դիրքորոշում են արտահայտում: Այդուհանդերձ, որոշ հայեր շեղվել են այդ ավանդույթից, և այդ օրը սովորականի նման հաճախում են աշխատանքի:

Ապրիլի 24-ը որևէ հայի համար սովորական օր լինել չի կարող… այդ պատճառով մենք մեր համայնքին հորդորում ենք հավատարիմ մնալ մեր նահատկված նախնիների հիշատակը հարգելու ավանդույթին և այդ օրը փակել սեփական բոլոր ձեռնարկությունները և մասնակցել հիշատակի միջոցառումներին»,-ասված է հայտարարությունում:

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է. այն իրականացվել է 1915-1923թթ-ին՝ Օսմանյան Թուրքիայի կողմից: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա և այլն), այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն:

Թուրքիայի Հանրապետությունը, սակայն, առ այսօր ոչ միայն կտրականապես հերքում են Առաջին աշխարհամարտի տարիներին 1,5 մլն հայերի ցեղասպանության մասին մեղադրանքները, այլև հնարավոր ամեն ինչ անում են՝ մյուս պետությունների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը և դատապարտումը խոչընդոտելու համար:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը (այդ թվում՝ Մասաչուսեթսը), դաշնային իշխանությունները, սակայն, առ այսօր պաշտոնապես չեն ընդունել այն:

tert.am

Տպել Տպել