Երուսաղեմում ապրիլի 24-ին թուրքական դեսպանատան առջեւ բողոքի ցույց կկազմակերպվի

ԵրուսաղեմԻսրայելի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ համատեղ մի շարք միջոցառումներ է իրականացնելու Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ:

Այս մասին հաղորդում է Երուսաղեմում «Արմենպրես»-ի թղթակից, Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Ապրիլի 23-ի երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի առջեւ տեղի կունենա մոմավառություն եւ հսկման արարողություն: Ապրիլի 24-ի առավոտյան ժամը 9:00-ին Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ պատարագ, որի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Եղեռնի բյուրավոր նահատակների հոգու հանգստության համար:

Նույն օրը Սուրբ պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն կկատարվի նաեւ Հայ Կաթողիկե Տիրամոր եկեղեցում:

Ապրիլի 24-ին Ժամը 11:00-ին պատրիարք սրբազան հոր հանդիսապետությամբ եկեղեցական թափորը կշարժվի դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարրձան, որտեղ եւս կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Արարողության ավարտին ներկաներին օրվա պատգամը կփոխանցի ՀՕՄ (Հայ օգնության միություն) ներկայացուցիչը:

Բացի դրանից, այժմ բանակցություններ են տարվում Հայ դատի գրասենյակի եւ «Մերեց» կուսակցության միջեւ՝ ցեղասպանությանը նվիրված արարողությանը կուսակցության նախագահ Զահաւա Գալոնի մասնակցության վերաբերյալ: Եթե Գալոնը մասնակցի արարողությանը, ապա նա եւս ելույթ կունենա:

Ժամը 12:00-ին կկազմակերպվի բողոքի ցույց Երուսաղեմում թուրքական դեսպանատան առջեւ: Իսկ երեկոյան Ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի կունենա հուշ-երեկո, որի ընթացքում դասախոսություն կկարդա Սյուզան Խարդալյանը, իսկ դասախոսության ավարտին կցուցադրվի Խարդալյանի նկարահանած Grandmam’s Tatoo (Տատկիս դավածքները) վավերագրական ֆիլմը:

Ապրիլի 28-ին Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտական ամբիոնի կազմակերպմամբ համալսարանի Բրոնֆման սրահում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված սիմպոզիում: Երեկոյի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչը, համալսարանի հումանիտար բաժնի տնօրեն պրոֆեսոր Ռուվեն Ամիտայը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Երուսաղեմում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ցոլակ Մոմճյանը: Սիմպոզիումի հիմնական բանախոսը կլինի Մերեց կուսակցության նախկին առաջնորդ Հաիր Ցաբանը, ով կխոսի «Հայոց ցեղասպանության ուրացումը. խիղճ եւ անձնական շահ» թեմայով:

Բանախոսությունից հետո գեղարվեստական հայտագրով հանդես կգա Թել-Ավիվի «Charlotta Chorale» երգչախումբը:

20-րդ դարի մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը կարելի է համարել Հայոց Մեծ ցեղասպանությունը: Մեծ ոճիրի արմատները ավելի վաղ էին ձևավորվել: Դրա առաջին կազմակերպիչն ու իրագործողը եղավ Թուրքիայի սուլթանական վարչակարգը: Սուլթան Աբդուլ Համիդի 1894-1896թթ. կազմակերպած արևմտահայերի ցեղասպանության ժամանակ զոհ գնացին 300000-ը, բռնությամբ մահմեդականացվեցին շուրջ 100 հազար հայ, 300 հազար արևմտահայեր էլ արտագաղթեցին Ռուսաստան, Պարսկաստան, Ֆրանսիա, Բալկանյան երկրներ և Ամերիկա:

1915թ. ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի հայ մտավորականների, նրանց մեծ մասը դաժանորեն սպանդի ենթարկվեց: Իթթիհատականները չխնայեցին նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապին և Վարդգես Սերենկյուլյանին: Ավելին` Թալեաթի հրամանով Գրիգոր Զոհրապն առանձնակի դաժանությամբ սպանվեց:

armenpress.am

Տպել Տպել