«Եթե մենք հիասթափվենք, մտածենք, որ ամեն ինչ անիմաստ է, ընտրություններն անիմաստ են, միեւնույն է, այս իշխանություններից ընտրություններով ազատվել հնարավոր չէ, մի կողմ քաշվենք, կամ ասենք` այս ընտրությունները որեւէ բան չեն նշանակում` սրանք թաղային հարցեր լուծող ինչ-որ միջոցառում են, մենք մեծ ծառայություն մատուցած կլինենք այս իշխանություններին եւ ինքներս էլ կերկարաձգենք մեր այս դժբախտ, թշվառ վիճակը»,- Ավանում այսօր, բնակիչների եհտ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Երեւանի ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ Դաշնակցությունն Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին գնում է Երեւանի քաղաքապետին փոխելով Հայաստանում իրավիճակ փոխելու կարեւորությամբ, այլ ոչ թե պարզապես միայն Երեւանում ինչ-որ հարցեր լուծելու նպատակով կամ Երեւանի ավագանիում մեկ-երկու մանդատ ունենալու ակնկալիքով: Արմեն Ռուստամյանն ասաց նաեւ, որ Դաշնակցական, ընդդիմադիր քաղաքապետը կանի այն, ինչ մյուսները մինչ հիմա չեն անում` իսկապես կպաշտպանի երեւանցիների շահերը նույն կառավարության առջեւ, նույն իշխանությունների առջեւ, որոնք այսօր միահեծան են իշխում եւ թույլ չեն տալիս, որ այսօրվա իրենց քաղաքապետն անգամ իր լիազորություններն իրականացնի.
«Դա իրենց ձեռնտու չէ, քանի որ նշանակում է այդ միահեծան կառավարման մոնոլիտը խարխլել, իսկ դա չի մտնում խաղի` իրենց կանոնների մեջ: Սա է հիմնական հարցը, որ մենք իսկապես կարեւորելով այս ընտրությունները, ասում ենք` ընդդիմադր քաղաքապետ ընտրելով փոխհատուցենք այն կորուստը, որ ունեցանք նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք չենք սպասի եւս հինգ տարի` փոփոխությունների համար: Մենք այսօրվանից դրա հիմքը կդնենք»,- կարեւորեց ՀՅԴ համամասնական ցուցակի առաջատարը:
Արմեն Ռուստամյանը կոչ արեց այս ընտրությունները վերածել իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի` ընտրության օրը 5-10 րոպես տրամադրեն ապագա խնդիրների լուծմանը: Իսկ ՀՅԴ-ն, հավաստիացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, ամեն ինչ կանի, որ իր օգտին քվեարկված ձայները պահպանվեն եւ նշեց, որ այս ընտրություններում ՀՅԴ-ն բոլոր տեղամասերում այդ վերահսկողությունը լիարժեք վերահսկմամաբ իրականացնելու է:
«Եթե իրար աջակցենք, իրար օգնենք, որ իշխանությունները չվերարտադրվեն, հավաստիացնում ենք, որ Երեւանը փոխելով, կփոխվի նաեւ Հայաստանը»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Ռուստամյանը:
Արծվիկ Մինասյան. Սա Տարոնին եւ հետագա քաղաքապետերին նշանակողի ընտրություն է
Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններն են, սա վճռական փուլի հերթական սկիզբն է, երեւանցիները պետք է ընտրեն Երեւանի ապագա 4 տարիների կառավարումն իրականացնող քաղաքական ուժին. Ավանում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը նշեց, որ իշխանությունները երեւանցիներին փորձում են ներկայացնել, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն ընդամենը Երեւանի սոցիալ-կենցաղային հոգսերը հոգալու ընտրություններ են: Բայց, նշեց Ա. Մինասյանը, դրանով նրանք փորձում ենք նսեմացնել Երեւանի ավագանու դերն ու նշանակությունը եւ չեն ուզում քաղաքական պայքարի մեջ մտնել կուսակցությունների հետ:
«Մայիսի 5-ին քվեաթերթիկի վրա գրված են լինելու կուսակցությունների անուններ, եւ դուք պետք է քվեարկեք այս կամ այն կուսակցության օգտին: Այսինքն` այս ընտրությունները քաղաքական են: Քաղաքական են նաեւ այն առումով, որ թե’ Երեւանի քաղաքապետը, թե’ ավագանին քաղաքական պաշտոններ են: Եւ նրանք հաշվետու պետք է լինեն բնակչությանը, երեւանցիներին, իրենց քաղաքական կեցվածքի, ծրագրավորած եւ իրականացրած միջոցառումների համար: Եվ նաեւ այն արդյունքներով դուք պետք է գնահատեք, թե առաջիկա 4 տարիների ընթացքում իրենց ծրագրային դրույթներին համապատասխան որ ուժն է, որ կարողացել է կյանքի կոչել իր տված խոստումները»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը, դիմելով ավանցիներին ու խնդրելով նրանցից, որ Երեւանի առաջիկա 4 տարիների կառավարումը վստահի իրեն, ասաց, որ այդպիսով ՀՅԴ թիմը հնարավորություն կունենա նաեւ հակակշռելու երկրում ստեղծված քաղաքական մենաշնորհը.
«Այն, որ ՀՀԿ-ն վերից վար` նախագահից մինչեւ ամենաներքեւի պաշտոնական անձը զբաղված են մեկ բանով, այն է` սեփական նեղ անձնական կլանային շահերով առաջնորդվելով, դա փաստ է: Քվեարկելով Դաշնակցության օգտին, դուք քվեարկում եք հանուն այն բանի, որ փոխվի այդ վիճակը, որ երկրում վերջապես հաստատվի արդարություն, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իսկապես իրացնել իր իրավունքները, ունենա աշխատանք, արժանապատիվ վաստակելու հնարավորություն, ապրել ապահով, պաշտպանված երեւանում, եւ որպեսզի Հայաստանի մյուս մարզերը կարողանան օրինակ վերցնել Երեւանից: Այնպես որ ձեր գործողությունից կախված է նաեւ Հայաստանի հետագա զարգացումը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, թե իշխանությունները փորձում են բոլորին համոզել, թե սա Տարոն Մարգարյանի ընտրություններն են, սակայն այդպես չէ ու հավելեց` «Տարոն Մարգարյանը շատ լավ տղա է, լավ անձնավորություն, լավ մարդու զավակ, բայց սա Տարոնի ընտրությունը չէ: Սա Տարոնին եւ հետագա քաղաքապետերին նշանակողի ընտրություն է»:
Իսկ ՀՅԴ-ի օգտին պետք է քվեարկել, նշեց պատգամավորը, որովհետեւ իրենց համար գերակա արժեքը Հայաստանի քաղաքացին է, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում հիմնական խնդիրը երեւանցու արժանապատվությունը վերադարձնելն է:
yerkir.am







