Բրյուսելում ապրիլի 24-ին հայերն իրենց պահանջատիրությունը կներկայացնեն ԵՄ-ին և Թուրքիային

ԲրյուսելԱպրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստյան արարողություններ տեղի կունենան նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:

Ապրիլի 24-ին Բրյուսելի հայ առաքելական Սբ. Մարիամ Մագդալենացու եկեղեցում հոգեհանգստի պատարագի մատուցումից հետո սգո երթ է տեղի ունենալու դեպի Հայոց եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքար: Այստեղ միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին` կարևորելով Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրությունում կատարված ոճրագործության դատապարտումը:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ դատի Բրյուսելի գրասենյակի պատասխանատուներից Պետո Դեմիրճյանը: Նա նշեց, որ բացի ոգեկոչման արարողություններից, տեղի են ունենալու նաև բողոքի ակցիաներ ինչպես Բրյուսելում թուրքական դեսպանատան առջև, այնպես էլ ԵՄ խորհրդի շենքի մոտ, որտեղ էլ օրվա միջոցառումներն ավարտվելու են:

«Ժողովուրդը հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո քայլերթով կուղղվի թուրքական դեսպանատուն, ապա Եվրոպական միության խորհրդի հրապարակ, որտեղ ցույցը կավարտվի: Սրա նպատակը Եվրամիությանը 1987թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հիշեցնելն է, նաև պահանջելը, որ եթե Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ պետություն, պետք է անպայմանորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Միջոցառումները կազմակերպողներից են Բելգիայի Հայ դատի հանձնախումբը և Բելգիայում գործող հայկական կազմակերպությունները, «Հայասա» երիտասարդական միությունը: Սովորաբար այս միջոցառումները բավականին հայաշատ են լինում, հույս ունենք, որ առաջիկա միջոցառումները ևս մարդաշատ կլինեն»,- ասաց Պետո Դեմիրճյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԵՄ-ի անդամ պետություն՝ Բելգիան ևս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Այս երկու առումով այստեղ Հայոց ցեղասպանության ուղղությամբ քաղաքական աշխատանքներ եղել են, ներկայումս աշխատանքների ուղղությունն այլ վեկտոր ունի, աշխատում ենք առավել լայն շրջանակների հետ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:

Հիշեցնենք, որ այսօր աշխարհի շատ երկրներ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: Երկրները տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրներից մեկն է նաև Բելգիան: Բելգիայի Սենատը 1988 թվականին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և դիմել է Թուրքիայի կառավարությանը` Ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված՝ 45 հազար եվրո տուգանքից մինչև մեկ տարվա ազատազրկում։

1in.am

Տպել Տպել