Մոսկվայի համար Հայաստանի անկայունությունը «գունավոր հեղափոխությունների» վտանգ է

Յուրա«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

– Պարոն Նավոյան, նոյեմբերին Վիլնյուսում սպասվում է Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման պայմանագիր ստորագրումը: Ըստ Ձեզ Ռուսաստանի շահերը հաշվի առնվե՞լ են այս գործընթացում: Կարո՞ղ է արդյոք Մոսկվան իր համար վտանգ տեսնել և Հայաստանում գործել այդ դիրքերից:

– Հայաստանի առաջընթացը պայմանավորված է տարածաշրջանային միավորների հետ բազմակողմանի համագործակցության ծրագրերը համատեղելով: Դա է պահանջում հայկական պետականության շահը, դա է թելադրում աշխարհում մեր ժողովրդի տեղաբաշխումը, որը հենց լրացուցիչ հնարավորություն է ստեղծում տարբերակված համագործակցության զարգացման համար:

Միջազգային հարաբերությունների ժամանակակից տրամաբանությունը հիմնականում հենվում է գլոբալ համագործակցության և հավասարակշռության ապահովման վրա, այլ ոչ թե՝ հակադրության: Իհարկե, դրա մնայուն ուղեկիցն է նաև աշխարհաքաղաքական մրցակցությունը:

Բայց Հայաստանի առաջընթացի ուղին գլոբալ երկխոսության և համագործակցության ընձեռած հնարավորությամբ իր շահերին անմիջապես առնչվող տարածաշրջանային միավորումների հետ համագործակցության զարգացումն է: Վիլնյուսի գագաթաժողովում ԵՄ-ի հետ համագործակցության կարգավիճակի ամրագրումը եվրոպական ուղղությամբ տարիների գործընկերության տրամաբանական շարունակությունն է հանդիսանալու:

Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների բնույթն այնպիսին է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ իր ռազմավարական գործընկերոջ նախաձեռնած տարածաշրջանային միավորների հետ համագործակցության ծրագրերից: Խոսքը պետք է գնա դրանց հետ համագործակցության պայմանների, հնարավորությունների և որոշակի կարգավիճակի ճշգրտման, այլ ոչ թե՝ բացառման մասին:

-Ինչի՞ է պատրաստ Ռուսաստանը պայմանագիրը վիժեցնելու համար։ Ձեր կարծիքով՝ կլինե՞ն քայլեր։

– Հայաստանն ինքնիշխան պետություն է՝ իր քայլերն ինքն է որոշում: Այլ հարց, որ դրանց արդյունավետության համար այդ քայլերը պետք է կանխատեսելի, ընկալելի դարձնել հիմնական գործընկերների համար:

Արտաքին քաղաքականության աշխատանքները և Սփյուռքում կազմակերպված կառույցների ջանքերը հենց պետք է ուղղված լինեն ինչպես տարբեր ուղղություններով ՀՀ համագործակցության զարգացմանը, այնպես էլ արվող քայլերի ապահովագրմանը: Այդ դեպքում որևէ ուղղությամբ համագործակցության խորացումը հետաքրքիր կարող է լինել նաև մյուս ուղղության գործընկերների համար: Այնպես որ, ճիշտ համադրման դեպքում դա կարող է հանգեցնել Հայաստանի հնարավորությունների բազմապատկմանը և, իբրև գործոնի, ուժեղացմանը:

– Շատ է խոսվում նաև, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում ապակայունությամբ, համամի՞տ եք:

– Հակառակը՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ: ՌԴ արտաքին քաղաքականության բոլոր հայեցակարգերում ԱՊՀ երկրների հետ համագործակցությունը համարվում է առաջնահերթություն` ողջ սահմանի երկայնքով բարեկամական գոտու ձևավորման նպատակով: Իսկ բարեկամական գոտու առկայությունը պայմանավորված է նախևառաջ կայունությամբ: Այստեղ անկայունությունը Ռուսաստանի համար նշանակում է գունավոր հեղափոխությունների և իրեն հակադրվելու վտանգ, ինչպես որ եղավ Ուկրաինայում և Վրաստանում: Հատկապես Սոչիի օլիմպիադայի նախօրեին տարածաշրջանում Ռուսաստանը շահագրգռված է ինչպես առանձին երկրների ներքին կայունությամբ, այնպես էլ ընդհանուր հավասարակշռության պահպանմամբ:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2015 թվականից այն երկրները, որոնք չեն հանդիսանա Մաքսային միության անդամ, Ռուսաստան կարող են գնալ միայն արտասահմանյան անձնագրով, սա, ըստ Ձեզ՝ նաև Հայաստանին ուղղված սպառնալիք չէ՞:

Միգրացիոն հոսքերի կարգավորումը բավական լուրջ հարց է Ռուսաստանի համար և, ինչպես գիտեք, ըստ իրավիճակի՝ այս ուղղությամբ պարբերաբար փոփոխություններ են լինում և դեռ էլի կլինեն: Վերջին նախագահական ընտրություններում թեկնածուներից ոմանց ծրագրերում նույնիսկ Միջին Ասիայի երկրների հետ վիզային ռեժիմի անցման դրույթներ կային, իսկ Պուտինի ծրագրում` խստացում ենթադրող մասեր: Այս տարի Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը երկու երկրների միջև աշխատանքային միգրացիայի կարգավորմանը մեծ ուշադրություն դարձրեց: Օրերս էլ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի անցման պահանջով ցույցեր եղան: Այս տրամաբանությունը հանգեցրեց օրերս հայտարարված որոշմանը, համաձայն որի՝ ԱՊՀ երկրների քաղաքացիներն առաջիկայում Ռուսաստան կարող են մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով: Այս նոր կարգը որևէ կերպ չի խոչընդոտի Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը, որովհետև Հայաստանն ի սկզբանե որդեգրել է մեկ նմուշի անձնագրի տարբերակը: Օտարերկրյա պետություններում հինգ տարի վավերական լինելու մասին դրանում ՀՀ համապատասխան մարմինները նշում են կատարում, ժողովրդական լեզվով ասած` «վիզայի երկարացման» կնիք են դնում:

Իսկ ինչ վերաբերում է Մաքսային Միության անդամ երկրների քաղաքացիների արտոնություններին, ապա դա բնական է, որովհետև նման գործընթացները առավելություններ են ենթադրում:

Այնպես որ, Հայաստանի քաղաքացիներին այս նոր կարգը չի առնչվում և, կարծում եմ, որ ամեն ինչում մեզ թիրախ տեսնելը վտանգավոր հոգեբանություն է:

– Իսկ որքանո՞վ է Հայաստանի ներքաղաքական կյանքին այսօր միջամտում Ռուսաստանն՝ ըստ Ձեզ:

– Հայաստանի ներքաղաքական կյանքը զարգանում է իր ներքին տրամաբանությամբ, անշուշտ` ենթակա այն բոլոր ազդեցություններին, որ տեղի են ունենում մեր շուրջը և աշխարհում: Իհարկե, Հայաստանի քաղաքական համակարգի դերակատարները իրենց ազդեցության ապահովման համար ի ցույց են դնում տարբեր ուղղությունների իրենց արտաքին կապերը, բայց այստեղ դեր ունի համագործակցության օրակարգի ձևավորումը, որը միջամտություն չես կարող դիտարկել: Հայաստանի ներքաղաքական կյանքի` իր ներքին տրամաբանությամբ զարգանալու մասին են խոսում նաև վերջին նախագահական ընտրությունների արդյունքները:

– Ռոբերտ Քոչարյանը շարունակո՞ւմ է մնալ Հայաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնելու հարմար տարբերակ, թե՞ ոչ:

-Հայաստանը և Ռուսաստանը կապված են ընդհանուր ռազմաքաղաքական և այլ կենսական շահերով որոնց փոխադարձ ապահովումը կարգավորվում է միջպետական պայմանագրերով, այլ ոչ թե առանձին անձերի կամ նրանց շուրջ հյուսված հոգեբանական գործոններով:

– Պարոն Նավոյան, մի քանի օր հետո Ցեղասպանության 98-րդ տարելիցն է։ Ի՞նչ է, Ձեր կարծիքով, արվել Հայաստանի արտգործնախարարության կողմից այս տարիների ընթացքում, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Հայաստանը և հայ ժողովուրդը իրենց ներկա վիճակով դեռ ենթակա են մնում Ցեղասպանության հետևանքներին, ինչը ենթադրում է պետության և հայության համապատասխան գործողություններ բարոյական և քաղաքական հարթություններում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս տարիներին գործել է քաղաքական հստակեցումների և պետական ընդհանուր կազմակերպվածությանը համապատասխան: Ցեղասպանության հետևանքների վերացման համար ակադեմիական, քաղաքական, դիվանագիտական բնույթի աշխատանքների հետևողականության ապահովումը, Պետության և Սփյուռքի միջև ճիշտ աշխատանքի բաժանումն ու փոխլրացված գործունեությունը մշտական կատարելագործման կարիք ունեն: Այս իմաստով իրենց նշանակությունն ունեն նաև Ռուսաստանում տարվող աշխատանքները:

– Իսկ ի՞նչ միջոցառումներ է նախատեսում իրականացնել այդ օրը Ձեր կազմակերպությունը:

– «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնած հիմնական միջոցառումները սկսվել են երեկ՝ երբ Մոսկվայի կենտրոնում, Կառավարության տանից ոչ հեռու տեղի ունեցավ բազմամարդ ակցիա` «Թուրքիա՛, չես կարող շրջանցել ճշմարտությունը» խորագրով: Այն կազմակերպվում էր Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության հետ համատեղ՝ համաձայնեցված Մոսկվայի իշխանությունների հետ:

Ապա, ապրիլի 23–ին տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քաղաքական մեր ավանդական երեկոն, որին մասնակցում են ՌԴ Պետական դումայի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչները: Նույն օրը Մոսկվայի կենտրոնական շրջաններից մեկի` Պրեսնիայի պատգամավորների շրջանային խորհրդի հետ համատեղ մենք կիրականացնենք Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն այս շրջանում տեղակայված «Համատեղ խաչ» հուշարձանի մոտ, որը խորհրդանշում է մեր ժողովուրդների հոգևոր միասնությունը: Դրանով մի նոր ավանդույթի հիմք կդրվի:

Իսկ ապրիլի 26–ին «Արգումենտի ի ֆակտի» գործակալության մամուլի սրահում կազմակերպում ենք քաղաքագիտական կլոր սեղան` «Համաշխարհային քաղաքական ու հումանիտար միտքը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով: Դրա շրջանակում տեղի կունենա նաև «Սև գիրք. նշանավոր արտասահմանցիները թուրքական վայրագությունների և հայերի ցեղասպանության մասին» արժեքավոր ժողովածուի շնորհանդեսը, որը ռուսերենով կազմել և հրատարակել է Ալբերտ Իսոյանը:

Միմյանց լրացնող և ռուսաստանյան հասարակայնության լայն շրջանակների հասցեագրված այս միջոցառումները միտված են Ցեղասպանությանն առնչվող հարցերը լուսաբանելուն, այսօր հայերիս առաջ ծառացած պետական ու քաղաքական խնդիրները ներկայացնելուն, ինչպես նաև Ռուսաստանում հայկական համայնքային կառույցները ամրապնդելուն:

Մարիամ Գրիգորյան
1in.am

Տպել Տպել