Տիգրան Սարգսյանի թիմը պատրաստ չէ հիմնարար բարեփոխումների

Արծվիկ ՄինասյանՏիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերնշանակումը քաղաքական մեծամասնության որոշելիքն է, սակայն ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի թիմը պատրաստ չէ հիմնարար բարեփոխումների:

Tert.am –ի հետ զրույցում, անդրադառնալով նոր կառավարության ղեկավարի նշանակմանը, նա նշեց, որ ՀՅԴ–ն արտահայտել է իր վերաբերմունքը նախորդ երկու կառավարությունների նկատմամբ։

«Եվ, բնականաբար, որևէ այլ վերաբերմունք չէր կարելի սպասել։ Մենք գտնում ենք, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքը վատթարացել է ներկա կառավարության օրոք և որ այս թիմը պատրաստ չէ երկրում հիմնարար բարեփոխումների»,– ասաց նա:

ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ մնացած հարցերի պատասխանը, մասնավորապես, թե ինչու է իշխող մեծամասնությունը որոշել, որ «այս տարբերակով պետք է շարժվի», պետք է ակնկալել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, այլ ոչ թե Դաշնակցությունից:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վարչապետին վերանշանակելուց առաջ Սերժ Սարգսյանը, համաձայն սահմանադրական պահանջների, հանդիպեց ԱԺ խմբակցությունների հետ՝ խորհրդակցելով վարչապետի նշանակման հարցով:

Ի պատասխան հարցի, թե ո՞րն է եղել ՀՅԴ դիրքորոշումը, Արծվիկ Մինասյանն ասաց.«Նախագահի հետ հանդիպմանը ներկայացվել է մեր տեսակետը, և հատկապես ներքին կյանքի վերաբերյալ, և ասվել է, որ մենք դեմ ենք իշխանության այս գործողություներին, որովհետև սրանով լուրջ փոփոխություններ, որոնք կբերեն տնտեսական և սոցիալական բարեփոխումների, տնտեսական մենաշնորհը ջարդելուն, ազատ տնտեսական մրցակցության պայմաններ ապահովելուն, և որ ամենակարևորն է՝ ընդդիմությանը դերակատար դերին երկրի զարգացման գործընթացներում, չեն կարող լինել: Եվ քանի դեռ այս մոտեցումը չկա, չենք կարող ողջունել նման քայլը»:

Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ իշխանությունն ընդդիմությանը, ի վերջո, կտա վերահսկողական լծակներ, ինչը, ըստ նրա, առայժմ մերժվում է: Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը կոալիցիա կազմի և, ի վերջո, առաջարկ եղե՞լ է, դաշնակցական պատգամավորը արձանագրեց, որ իրենք ասել են, որ միասնական քաղաքական օրակարգ նշանակում է, որ ընդդիմությունը և իշխանությունը արմատական փոփոխությունների շուրջ ունեն նույն մոտեցումներ, բայց դա երբեք չի նշանակում կոալիցիա։

Ըստ պատգամավորի՝ դա նշանակում է, քաղաքակիրթ և կազմակերպված երկրի իշխանություն, որտեղ ընդդիմությունն իր վերահսկողությունն է իրականացնում, իսկ իշխանությունն իր գործողություններն է ձեռնարկում։

«Եվ ընտրությունից ընտրություն ընտրողները կտեսնեն, որ ընդդիմությունը կարողանում է պատշաճ վերահսկողություն իրականացնել … Կոալիցիոն համաձայնության մասին չի խոսքը, և երբեք որևէ ընդդիմություն չի կարող կոալիցիոն համաձայնության մեջ մտնելով, ընդդիմություն դառնալ։ Սա աբսուրդ է և մենք չենք պատրաստվում նման վարքագիծ դրսևորել»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը։

tert.am

Տպել Տպել