ՀՅԴ-ն անելու է հնարավոր ամեն ինչ որ այս երկրում միակուսակցական համակարգը կոտրվի

Աղվան«Հայաստանում քաղաքացիները փոփոխություններ են ցանկանում, բոլորը գիտակցում են, որ այսպես շարունակվել չի կարող»,- այսօր, Ապրիլի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ եւ հավելեց, որ առանց այդ փոփոխության մեր քաղաքացիներն այս երկրում ապագա չեն տեսնում:

«Մեր երկրում նախագահը չի փոխվել, վարչապետը չի փոխվել, կառավարությունը չի փոխվելու, Հանրապետական կուսակցության մենիշխանությունը շարունակվում է: Կա մեկ հնարավորություն` Երեւանում Հանրապետականին զրկել իշխանությունից: Ով ուզում է, որ Երեւանում ու Հայաստանում ոչինչ չփոխվի, թող քվեարկի ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի օգտին: Ով փոփոխություն է ուզում մայրաքաղաքում, երկրում, մայիսի 5-ին պետք է քվեարկի ընդդիմության` ՀՅԴ-ի օգտին: Հարցն այսքան պարզ է այսօր դրված»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմիցս ասել է, որ ՀՀԿ-ն 4 տարում 3 քաղաքապետ է փոխել, իսկ այսօր Տարոն Մարգարյանին են դեմ տալիս եւ ամաչում են նույնիսկ ասել, որ ընտրողները պետք է ձայն տան Հանրապետականին: Նա հայտնեց, որ նույնիսկ քարոզիչներին հանձնարարել են, որ քարոզելու գնալիս կրծքանշանները հանեն:

«Ես մի բան գիտեմ` Տարոն Մարգարյանը պատահական քաղաքապետ է. 2009 թվականին, երբ ավագանի էինք ընտրում, իրենց առաջին համարը Գագիկ Բեգլարյանն էր, Տարոն Մարգարյանը երկրորդն էր: Երբ Դոմինգոն Բեգլարյանին «հեռացրեց», Տարոն Մարգարյանին չնշանակեցին քաղաքապետ` երկրորդ համարին: Որովհետեւ գիտեին, որ սա մայրաքաղաք է` Հայաստանի հսկա մասն է, ու քաղաքապետ նշանակեցին հինգերորդ համարին` Կարեն Կարապետյանին: Երբ նա թողեց ու գնաց, եւ մինչեւ հիմա էլ չեն ասում, չգիտենք, թե ինչու թողեց-գնաց, նոր արդեն, ճար չունենալով, նշանակեցին Տարոն Մարգարյանին: Այնպես որ` թող այսօր այնպես չներկայացնեն, թե նա իրենց չգիտեմ` ինչ քաղաքապետ է: Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չէ, նա լավ ֆոն է Հանրապետականի մենիշխանության համար»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Բանախոսն ասաց, որ նույնն է պատկերը նաեւ ՕԵԿ-ի` Արմեն Երիցյանի պարագայում, եւ երեւանցիներն Արմեն Երիցյանին չեն ընտրելու, այլ ՕԵԿ-ին` դրանից բխող բոլոր հետեւանքներով, իսկ Արմեն Երիցյանը վաղը նորից նախարար է աշխատելու…

«Ասել ենք ու ասում ենք, որ Երեւանը պետք է ընդդիմադիր ղեկավարություն ունենա, եւ համոզված եմ ասում, որ լավագույնը կլինի Արմեն Ռուստամյանը` սկզբունքային, հսկայական կենսափորձով, ինքնուրույն, ազնիվ, որոշումներ կայացնելու ունակ, պարզ մարդկանց կողքին կանգնող: Եվ այդ դեպքում մենք իսկապես կունենանք փոփոխություններ Երեւանում ու երկրում»,- ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը:

Աղվան Վարդանյանը շեշտեց, որ երեւանցիները մայիսի 5-ին քվեարկելու են կուսակցությունների ցուցակների օգտին ու կոչ արեց այս անգամ վստահել Դաշնակցությանը եւ նրա թիմի ու Արմեն Ռուստամյանի օգտին քվեարկել: Նա ասաց, որ միայն իրենք կարող են համախմբել ընդդիմադիր մյուս ուժերին եւ Երեւանում ընդդիմադիր ղեկավարություն ստեղծել: Իսկ ՀՅԴ-ն մտել է այս պայքարի մեջ իր ամբողջ ներուժով, իր քաղաքական ղեկավարությամբ եւ հնարավոր ամեն ինչ անելու է, որ այս երկրում բան փոխվի, միակուսակցական համակարգը կոտրվի:

Կռապաշտությունից պետք է դուրս գալ

Դաշնակցությունը ոչ միայն այս վերջին տարիներին, այլեւ Հայաստանում գործունեության բոլոր տարիներին փորձել է առավելագույնը անել, միշտ եղել է ինքնուրույն, անկախ կուսակցություն, որեւէ մեկի աշտարակից չի կառավարվել, չի ղեկավարվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ի առաջարկած փոփոխություններին ի՞նչ հիմքերով պետք է վստահել, պատասխանեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն միշտ հստակորեն արտահայտել է իր տեսակետներն ու դիրքորոշումները, եղել է արմատական ընդդիմություն ու 10 տարին պայքարել գործող իշխանության դեմ, 7-8 տարի եղել է իշխանության մեջ եւ փորձել է բան փոխել:

«Եթե նույնիսկ միայն վերջին մեկ տարվան անդրադառնանք, կտեսնեք, որ անցյալ տարվա ամառվանից սկսած` մենք հստակ խնդիր էինք դրել ընդդիմադիր դաշտում ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, թե որ հարցերն են մեր երկրի համար առաջնահերթ, եւ որոնք լուծելով են մեր երկրում հնարավոր փոփոխություններ»,- ՀՅԴ գործունեությունը վերապատմեց Աղվան Վարդանյանը:

Ներկա քաղաքական գործընթացների մասին էլ նա նշեց, որ այսօր ՀՅԴ-ն նորից փորձեց ամբողջ ընդդիմությանը, առանց ամբիցիաների, համախմբել միասնական, մեկ ցուցակով Երեւանի ավագանու ընտրություններին գնալու գաղափարի շուրջ, ինչը չհաջողվեց:

«Հիմա, փառքԱստծո, 4 ընդդիմադիր ուժերն ընտրություններին գնում են առանձին-առանձին: Ամեն մեկը կփորձի առավելագույն ձայն հավաքել, եւ բոլոր շանսերը կան, որ դրանից հետո կկարողանանք միավորվել, եւ միավորողը կարող է միայն ՀՅԴ-ն լինել»,- ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը` նշելով նաեւ, թե իշխանությունն ինչպես է փորձում կռիվ գցել ընդդիմության մեջ:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի մեջ կռիվ գցելու իշխանության փորձերին` Աղվան վարդանյանն ասաց, որ ինչ-որ առումով տխուր պատկեր է, քանի որ ընդդիմադիրները պետք է կարողանան հասկանալ գիտակցել, թե հիմնական խնդիրը որն է: Բանախոսն անդրադարձավ նաեւ Անահիտ Բախշյանի` Աջափնյակում արած հայտարարությանը, թե որն է ընդդիմությունը, խոսեց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» փոխհրաձգությունների մասին եւ այլն. նշելով` «Այս կռապաշտությունից պետք է դուրս գալ»: Աղվան Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության համար կարելի է խնդիրը դնել, որ Երեւանում իշխանությունը դառնա ընդդիմադիր:

Լրագրողները հաց ուղղեցին Աղվան վարդանյանին, թե ինչպե՞ս պետք է ընդդիմությունը ընտրություններից հետո որոշի, թե ընդդիմադիր որ ուժի ներկայացուցիչը պետք է երեւանի քաղաքապետարանում դառնա ընդդիմադիր ուժերի «լիդերը», որին պատասխանելով, Աղվան Վարդանյանը նշեց, որ ընտրությունների պատկերը պարզ կլինի, եւ ընդդիմադիր ուժերն այդ հարցը կքննարկեն:

«Ու թե ով կլինի ընդդիմության ներկայացուցիչը, պարզ, թափանցիկ կքննարկենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի մեջ կռիվ գցելու իշխանության փորձերին` Աղվան վարդանյանն ասաց, որ ինչ-որ առումով տխուր պատկեր է, քանի որ ընդդիմադիրները պետք է կարողանան հասկանալ գիտակցել, թե հիմնական խնդիրը որն է: Բանախոսն անդրադարձավ նաեւ Անահիտ Բախշյանի` Աջափնյակում արած հայտարարությանը, թե որն է ընդդիմությունը, խոսեց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» փոխհրաձգությունների մասին եւ այլն. նշելով` «Այս կռապաշտությունից պետք է դուրս գալ»: Աղվան Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության համար կարելի է խնդիրը դնել, որ Երեւանում իշխանությունը դառնա ընդդիմադիր:

Լրագրողները հաց ուղղեցին Աղվան վարդանյանին, թե ինչպե՞ս պետք է ընդդիմությունը ընտրություններից հետո որոշի, թե ընդդիմադիր որ ուժի ներկայացուցիչը պետք է երեւանի քաղաքապետարանում դառնա ընդդիմադիր ուժերի «լիդերը», որին պատասխանելով, Աղվան Վարդանյանը նշեց, որ ընտրությունների պատկերը պարզ կլինի, եւ ընդդիմադիր ուժերն այդ հարցը կքննարկեն:

ՀՅԴ ծրագրերը պրոֆեսիոնալ թիմ է կազմում

Երեւանը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ ՀՅԴ-ն նախընտրական ծրագիր է մշակել, բայց իշխանությունը երբեւէ ծրագրային բանավեճերի, քննարկումների չի գալիս. խոսելով ՀՅԴ ծրագրի առանձնահատկությունների մասին` ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նա, ներկայացնելով այդ առանձնահատկությունները, հիշատակեց մի քանի կարեւորագույն խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումներ են պահանջում: Մանսավորապես, ինչպես նշեց Աղվան Վարդանյանը, բազմաբնակարան շենքերից անհապաղ պետք է դուրս բերել բոլոր այն հանգստի ու զվարճանքի օբյեկտները, որոնք քաղաքացիներին խանգարում են: Հետո` Երեւանում կան 7500 առեւտրային կրպակներ, որոնց բացաձակ մեծամասնությունն արդեն իրենց դարն ապրել է, ու այդ կրպակներում աշխատող մարդկանց համար պետք է ստեղծել նորմալ աշխատելու, ընտանիք պահելու պայմաններ` մոդելային կրպակներ: Աղվան Վարդանյանը նշեց նաեւ աղբահանության, գերեզմանատների պրոբլեմները: Եվ ամենակարեւորը, շեշտեց նա, պետք է փոխվի վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ:

«Պրոբլեմները հսկայական են, եւ մեր նախընտրական ծրագիրը բոլոր ոլորտներին անդրադառնում է: Ամենակարեւորը` մենք ունենք թիմ` պրոֆեսիոնալ, որը կարող է այդ բոլոր պրոբլեմները լուծել»,- ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը:

ՀՅԴ-ն ընտրատեղամասերում լիակատար վերահսկողություն է իրականացնելու

Իշխանությունները հրաժարվում են բանավեճերից, որովհետեւ չեն կարող բանավիճել. խայտառակ կլինեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նա ավելացրեց, որ իշխանություններն, ընտրություն ասելով, չեն հասկանում ընտրապայքար, չեն հասկանում պարզ, անկեղծ քննարկումներ, հրապարակային բանավեճեր, այլ ընտրությունները կեղծելու իդեալական մեխանիզմների կիրառում: Սակայն, նշեց Աղվան Վարդանյանը, դա լավ տեղ չի տանելու, քանի որ երեւանցիների նկատմամբ չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել, ու նրանք ընտրությունների օրը իրականում փակ ու գաղտնի քվեարկությամբ, իրենց կամքով են քվեարկելու, ինչքան էլ աշխատանք կորցնելու եւ այլ սպառնալիքների ներքո խոստացած լինեն իշխնությունների օգտին քվեարկել:

«Եվ մենք տեղամասերում տեր ենք կանգնելու նրանց ձայներին: Դրա համար աշխատում ենք, չենք ուզում ինչ-որ արհեստական կառույցներ ստեղծել, այլ զուտ կազմակերպական գործիքներով վերահսկողություն ենք իրականացնելու»,- ասաց Աղվան Վարդանյանը` նշելով, որ այս անգամ ՀՅԴ-ն ե’ւ հանձնաժողովի անդամներով, ե’ւ վստահված անձանցով ընտրությունների վեահսկողությունն ապահովելու է, եւ ընտրատեղամասերում լուրջ խախտումները բացառվելու են:

yerkir.am

Տպել Տպել