Արդեն պետք է բարձրացնենք մեր իրավունքների և հատուցման հարցը

20130423-Patark-NewAm-04Այսօր մեծ հավանականություն կա, որ իսրայելյան Կնեսետում կքննարկվի Ցեղասպանության հարցը, սակայն, հաշվի առնելով, որ Թուրքիան և Իսրայելը սկսել են բարելավել հարաբերությունները, հարցը կտեղափոխվի այնպիսի հանձնաժողով, որտեղ քննարկումը փակ կլինի: Այս մասին, այսօր ապրիլի 23-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ նրա` Ցեղասպանության ճանաչման փուլը կարելի է համարել անցած: «Մենք արդեն պետք է բարձրացնենք մեր իրավունքների և հատուցման հարցը»,- ասաց նա և հավելեց, որ շուտով կհրապարակվի իրենց մասնագիտական ուսումնասիրությունը, որը կներառի նաև մեր տարածքային իրավունքների խնդիրը:

Մանոյանը չբացառեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրություններից մեկը. «Հնարավոր է վավերացնի այն արձանագրությունը, որը կոնկրետ ժամկետներ չի առաջարկում և ի վնաս Հայաստանի կարող է օգտագործվել»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին պատրաստվելու համար ստեղծված պետական հանձնաժողովին` նա նշեց, որ հանձնաժողովի առաքելությունն է գոնե մինչև 2015 թվականը պատրաստել բոլոր իրավական փաստաթղթերը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե 2011-ից ի վեր հանձնաժողովն ընդամենը 2 նիստ է գումարել, կարո՞ղ է արդյունավետ գործունեություն ծավալել, Մանոյանը, ով այդ հանձնաժողովի անդամ է, պատասխանեց. «Կարելի էր ավելի հաճախ նիստեր գումարել, ակնկալում ենք որ 3-րդ նիստի ժամանակ (մայիսի 30-ին) գլխավոր ռազմավարությունը կլինի իրավական թղթածրարի ստեղծումը»:

Yerkir.am-ի հարցին` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի այն հայտարարությունը, թե 2015 թվականը ընդամենը Ցեղասպանության տարելից է, նոր հիասթափությո՞ւն չի առաջացնի ժողովրդի շրջանում, չէ՞ որ մարդիկ ակնկալիքներ ունեն, Մանոյանը պատասխանեց. «Պարզ է, որ 2015-ն ինչ-որ բանի վերջ չէ, ընդհակառակը` այն պետք է լինի սկիզբ` իրավունքների ձեռքբերման համար: Պետական հանձնաժողովից ակնկալիքը մեծ է, ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդի շրջանում նոր հիասթափության ալիք չլինի»:

yerkir.am

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարելի է համարել ավարտված

«2015թ. ընդառաջ՝ կա՛մ պետք է հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից, կա՛մ վավերացնել այնպիսի մեկնաբանությամբ, որով ստորագրվեցին նախագահի կողմից»,- ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին:

Ըստ նրա՝ ճանաչման գործընթացը կարելի է համարել ավարտված, և ժամանակն է բարձրացնել Հայոց ցեղասպանության զոհերի հատուցման և հայ ժողովրդի իրավունքների ձեռք բերման հարցը: Բանախոսը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ իրենք ուսումնասիրություն են հրապարակելու, որը կդրվի հանրային քննարկման, և հասարակության տարբեր շերտեր իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն կունենան:

«Այդ ուսումնասիրության մեջ կա հատուցման երեք մակարդակ՝ տարածքային իրավունքներ, հավաքական ազգային ունեցվածքի հատուցում և անհատական հատուցում: Անհրաժեշտ է չսպասել Թուրքիայի կողմից որևէ քայլի, այլ սկսել բարձրացնել հատուցման հարցը»,- նշեց Կիրո Մանոյանը:

Վերջինս նաև ոչ այնքան կարևոր համարեց այն, թե ԱՄՆ նախագահ Օբաման կարտասանի՞ հայերի համար շատ սպասված խոսքերը, թե՞ ոչ. «Կասի՝ լավ, չի ասի՝ էլի ոչինչ, նրա չասելն աշխարհի վերջը չէ»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ասաց, որ 2015-ը ոչ մի բանի վերջ չէ, ավելին՝ սկիզբն է: Նրա խոսքով՝ պետք է լինի իրավունքների ձեռք բերման սկիզբը: Կիրո Մանոյանի որակմամբ՝ 2015-ը չպետք է լինի հանդեսների կազմակերպման շարան, այլ լուրջ գործընթացի սկիզբ, իսկ մինչև 2015թ. ձևավորված հանձնաժողովը պետք է պատրաստի բազմակողմանի անելիքների իրավական թղթածրարը, որը դեռևս արված չէ: Նրա գնահատմամբ՝ հանձնաժողովը կարող էր առավել ակտիվ աշխատել, առավել հաճախակի նիստեր գումարել, որի արդյունքում աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլիներ:

Անդրադառնալով Թուրքիայից եկող արձագանքներին՝ Կիրո Մանոյանն ասաց, որ մինչև 2015թ. Թուրքիայում լուրջ մտահոգություն կա, թե ինչ են անելու այդ ժամանակ Հայաստանում, ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի իրենց կողմից այդ հնարավոր քայլերը չեզոքացվեն: Ուստի Կիրո Մանոյանը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս՝ կա՛մ ընդհանրապես հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից, կա՛մ վավերացնել այնպիսի մեկնաբանությամբ, ինչպիսին այն հայկական կողմից ստորագրվեց: Նրա խոսքով՝ նման դեպքում ճնշում կլինի Թուրքիայի նկատմամբ, իսկ վտանգները կլինեն չեզոքացված:

1in.am

Պետք չէ Թուրքիայից ակնկալել Հայոց ցեղասպանության ճանաչում

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհեշտացնի հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործընթացը, սակայն դա գլխավոր նախապայման չի հանդիսանում: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` այստեղ խոսքը ոչ միայն փոխհատուցման, այլ նաեւ իրավունքների վերականգնման մասին է: «Եթե ամեն ինչ սահամանափակվի միայն 1948 թվականին ընդունված Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայով, ապա դա կնշանակի, որ մինչեւ դրա ընդունումը մենք ոչ մի իրավունք չենք ունեցել, սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ»,- ընդգծել է Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ թեեւ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որոշ գործընթացներ կհեշտացնի, բայց, անհրաժեշտ է այդպիսի քայլ թուրքական կողմից չակնկալելով` արդեն բարձրացնել փոխհատուցման եւ իրավունքների վերականգնման վերաբերյալ հարցերը:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավունքների եւ փոխհատուցման երեք մակարդ գոյություն ունի

Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններն ապացուցել են, որ իրավունքների եւ փոխհատուցման վերաբերյալ երեք մակարդակ գոյություն ունի եւ դրանցից մեկը տարածքային իրավունքն է: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Թուրքայի եւ Հայաստանի միջեւ ներկայիս սահմանը որպես իրավական սահման մենք չենք ճանաչում: Իրավական տեսանկյունից մեզ համար ընդունելի է Վուդրո Վիլսոնի` 1920 թվականի նոյեմբերի 23-ին գծած սահմանը»,- նշել է Կիրո Մանոյանը` ընդգծելով, որ հայկական կողմը կամ պետք է հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, կամ էլ վավերացնի դրանք բոլոր նախապայմաններով, որոնց մասին հայտարարել են երկրի նախագահն ու Սահմանադրական դատարանը:

Կիրո Մանոյանի խոսքով` իրավունքների եւ փոխհատուցման երկրորդ մակարդակը` դա ազգային ունեցվածքի հարցն է` մասնավորապես հայկական եկեղեցիների հարցը: «Ընդ որում այդ կարողությունն ընդգրկում է ոչ միայն եկեղեցիները: Անհրաժեշտ է հնարավորինս արագ բարձրացնել այդ ունեցվածքի հանդեպ իրավական առումով հիմնավորված իրավունքների հարցը»,- պարզաբանել է Հայ դատ գրասենյակի ղեկավարը:

Նա նշել է, որ պահանջների երրորդ մակարդակը հադիսանում է անձնական փոխհատուցման հարցը, սակայն այդ դեպքում էականն այն է, որ անձնական փոխհատուցումների վերաբերյալ հարցերը ոչ մի կերպ չպետք է խոչնդոտեն ազգային փոխհատուցումների եւ իրավունքների հարցերին:

news.am

Թուրքիան միշտ կարող է իր նախաձեռնություններով նեղ դրության մեջ դնել Հայաստանին

«Այսօր խոսում ենք Հայոց ցեղասպանության խնդրի մասին, որովհետև վաղն ապրիլի 24-ն է, բայց սա չի նշանակում, որ դա մեր երկրի թիվ մեկ խնդիրն է»,- ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա հայտնեց, որ հնարավոր է՝ վաղը Կնեսետում կրկին քննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, բայց հաշվի առնելով Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների սերտացմանն ուղղված բանակցությունների մեկնարկը՝ հարցի քննարկումը, Կ.Մանոյանի խոսքով, կազմակերպվելու է Կնեսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովում, որի նիստերը հրապարակային չեն։

Կ.Մանոյանը նշեց, որ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փուլն արդեն կարելի է անցած համարել։ Նրա հավաստմամբ՝ ժամանակն է բարձրացնելու հայերի իրավունքների և Ցեղասպանության հատուցման հարցերը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ շուտով կհրապարակվի մասնագիտական մի ուսումնասիրություն, և այն կդրվի հանրային քննարկման։ Կ.Մանոյանի պարզաբանմամբ՝ այդ նախագծում շեշտադրված է իրավունքի և հատուցման երեք մակարդակ՝ առաջին` տարածքային իրավունքն, այն է, որ մենք չենք ճանաչում այսօրվա հայ-թուրքական սահմանը, մեզ համար ճշմարտացի է Վիլսոնի իրավարար վճռով հստակեցված սահմանը։ Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմը պետք է կա՛մ հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, կա՛մ չսպասելով Թուրքիային՝ վավերացնի այն բոլոր վերապահումներով։ Երկրորդ մակարդակն, ըստ նրա, ազգային ունեցվածքի հարցն է՝ մասնավորապես եկեղեցիների, իսկ երրորդ մակարդակն անհատական հատուցման հարցն է, բայց այն չպետք է խոչընդոտի պետական հատուցման գործընթացներին։ Նա գտնում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը պետք է որդեգրի այդ մոտեցումները, քանի որ, ըստ նրա, պետական հանձնաժողովի գործունեությունից հասարակության սպասելիքները շատ մեծ են։

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի կարծիքով՝ 2015թ. ոչ թե ինչ-որ բանի վերջն է, այլ սկիզբը։ Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը պետք է լինի մեր իրավունքների ձեռքբերման գործընթացի մեկնարկը։

Կ.Մանոյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին պատրաստվում է նաև Թուրքիան։ Նա նշեց, որ Թուրքիայում ավելի շատ մտահոգված են հայերի անելիքներով, և նրանք փորձելու են չեզոքացնել դրանք։ Նրա հավաստմամբ՝ Թուրքիան դարձել է ավելի ճկուն և նրա քայլերի մեջ նկատվում է որոշակի հավաստիություն, բայց, ըստ նրա, թուրքական կողմը միշտ կարող է իր նախաձեռնություններով նեղ դրության մեջ դնել Հայաստանին։ Կ.Մանոյանը գտնում է, որ Թուրքիան կարող է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վավերացնել հայ-թուրքական արձանագրություններից մեկը՝ ցույց տալով աշխարհին, որ իրենք ընդառաջ են գնում հայկական կողմին։

Նա հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով միջազգային դատարան դիմելն անշնորհակալ գործ է, եթե հայկական կողմը պիտի պարտադրի թուրքական կողմին ճանաչել Ցեղասպանությունը, բայց եթե դիմելու է միջազգային դատարան իրավունքների ձեռքբերման հարցով, ապա դա այլ խնդիր է։ «Եթե Թուրքիան խնդիր ունի, թող ինքը դիմի դատարան, մեզ համար Հայոց ցեղասպանության իրողությունը քննարկման առարկա չէ»,- ընդգծեց նա։

Պատասխանելով ավանդական հարցին՝ կարտասանի՞ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը, Կ.Մանոյանն ասաց. «Եթե ասի, լավ կլինի, ինքն իրեն հարգող մարդ կլինի, եթե չասի՝ աշխարհի վերջը չի»։

mardik.am

Տպել Տպել