Երեւանում տեղի ունեցավ ավանդական Ջահերով երթ

jaherov ert Երեւանի «Ազատության» հրապարակում մեկնարկեց ավանդական Ջահերով երթը։

Դրանից առաջ ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի պահանջը ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը պետք է լինի, այլեւ հատուցումը։ Հայ ժողովրդին զրկել են պատմական հայրենիքի մի մասից եւ այսօր պատասխանը պետք է լինի համարժեք՝ հատուցման առումով։

«Առավել եւս, ըստ Վահան Հովհաննիսյանի, որ մեր ժողովրդի համար Ցեղասպանությունն ավարտված չէ: Մենք ապրում ենք Ցեղասպանության պայմաններում, մեր երկրի այն վիճակը, որ հիմա կա, նաեւ արտաքին այդ ճնշումների եւ շրջափակման հետեւանքն է։

Մեր դեպքում հանցագործությունն անցյալում չէ, Ցեղասպանությունը տեղի է ունենում ամեն օր»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

«Ուրախալի է, որ ջահերով երթին մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ՝ անկախ քաղաքական պատկանելությունից, քանի որ այնտեղ, ուր սկսվում է ազգային պայքարը, դադարում են կուսակցական վեճերը, Հայաստանի Հանրապետության սահմանից մեկ մետր այն կողմ այլեւս չկան կուսակցություններ»,-ջահերով երթը սկսելուց առաջ իր ելույթում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` շեշտելով, որ հպարտանում է հավաքված երիտասարդներով:

Վահան Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ այսօր Թուրքիայի կողմից միայն ներողություն խնդրելը եւ Ցեղասպանության ճանաչումը բավարար չէ, քանի որ ներողությունը կբավարարեր, եթե հանցագործությունն անցյալում լիներ: «Սակայն այսօր մենք դեռ զգում ենք Ցեղասպանության ծանր հետեւանքները, եւ մեր խնդիրների մեծ մասը հենց այդտեղից են գալիս, իսկ մեր պատմական հայրենիքում Ցեղասպանությունը դեռ շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ սոսկ ներողությունը բավարար չէ: Ուստի մենք պետք է պահանջենք հատուցում»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը ներկաներին խնդրեց հասկանալ, որ «Հայ Դատ» հասկացությունը կուսակցական հասկացություն չէ եւ իսկական միասնության գաղափարն է` մեր քաղաքական օրակարգը:

Այնուհետեւ՝ արդեն ավանդաբար, երիտասարդներն այրել են Թուրքիայի դրոշը, որից վառելով ջահերը՝ սկսել են երթը դեպի Ծիծեռնակաբերդ։

Տպել Տպել