Անհրաժեշտ է ձեւավորել Համազգային համախոհություն. 100-րդ տարելիցը վերջը չէ

ԿիրոԸստ Կիրո Մանոյանի, պետք է գիտակցել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ձեռնարկվող քայլերը շարունակական են լինելու. «100-րդ տարելիցը վերջը չէ: Այն մեր իրավունքների ձեռքբերման գործընթացի սկիզբը պետք է լինի: Այսինքն՝ այդ նախաձեռնությունները միջոցառումների ու հանդեսների շարան չեն, որ 2015-ի վերջին ավարտվելու են:

Այդ նախաձեռնությունները պետք է լինեն շարունակական, քանի որ 100 տարին, հատկապես ցեղասպանության հարցում, իրավական տեսակետից ոչինչ չի նշանակում: Պետք է այստեղ հստակություն լինի, որովհետեւ ոմանք հարց են տալիս, թե 100 տարի անց կարելի՞ է իրավական հարց բարձրացնել: Այո, իրավական հարց 100 տարի անց կարելի է բարձրացնել»:

Հայոց ցեղասպանության ճանաչման փուլը, ըստ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, կարելի է արդեն ինչ-որ առումով անցած համարել, եթե խոսքը վերաբերում է միջազգային հանրության կողմից ճանաչմանը: Ժամանակն է արդեն բարձրացնել հատուցման եւ հայ ժողովրդի իրավունքին վերաբերող հարցերը:

Ինչպես տեղեկացրեց Կ.Մանոյանը, շուտով կհրապարակվի մասնագիտական մի ուսումնասիրություն, որի նախագիծն արդեն ներկայացվել է 2010 թվականին: Այն դրվելու է ընդհանուր հանրային քննարկման, որպեսզի հայ հասարակության տարբեր հատվածներ, խմբեր իրենց տեսակետները հայտնեն եւ հնարավոր լինի ձեւավորել համազգային համախոհություն, թե ինչ ենք բոլորս հասկանում հատուցում կամ հայ ժողովրդի իրավունք ասելով:

Իսկ ուսումնասիրության մեջ նշված հարցերը դիտարկվում են երեք տարբեր մակարդակում: Դրանցից մեկը տարածքային իրավունքին է վերաբերում. «Դրա իրավատերը պետությունն է: Մենք Հայաստանի եւ Թուրքիայի իրավական սահման ենք համարում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռով ճշտված սահմանագիծը:

Կարծում ենք, այս ուղղությամբ պետության անելիք քայլը պետք է լինի կամ հրաժարվելը հայ-թուրքական արձանագրություններից կամ չսպասելով Թուրքիային` վավերացնելն այն բոլոր վերապահումներով ու մեկնաբանություններով, որոնց մասին նշեց Սահմանադրական դատարանը եւ երկրի նախագահը նախքան արձանագրությունների ստորագրությունը հայտարարեց»:

Երկրորդ մակարդակում հավաքական կամ ազգային ունեցվածքին վերաբերող հարցերն են, որոնցում հիմնականում շեշտը դրվում է որոշ տարածքների նկատմամբ Հայ Առաքելական եկեղեցու ունեցած իրավունքների վրա. «Մեր եկեղեցու նվիրապետական աթոռները` սկսած Պոլսո պատրիարքությունից մինչեւ Ամենայն Հայոց կաթողիկոսությունն ունեն իրավունքներ որոշ կալվածքների նկատմամբ եւ անհրաժեշտ է այդ կալվածքների հարցը իրավականորեն ձեւակերպված արդեն բարձրացնել»:

Կա նաեւ անհատական հատուցման խնդիրը. «Այս դեպքում ամենաէականն այն է, որ անհատական հատուցման խնդիրները չբարձրացվեն այնպես, որ խոչընդոտեն ազգային հավաքական եւ պետական իրավունքներին ու հատուցման գործընթացներին:

Մենք տեսանք, որ նման բաներ կարող են պատահել: Երբ որոշ շահախնդիր անձինք, խոսքը փաստաբանների մասին է, բարձրացրին ապահովագրական ընկերությունների բաժանորդների ժառանգների իրավունքների հարցը, 11 հազար մարդ դիմեց որպես իրավատեր, որից 7 հազարն ինչ-որ բան ստացավ, նույնքան ստացան փաստաբանները, սակայն 4 հազար մարդ մնաց դժգոհ, համարելով, որ իր իրավունքը չի հարգվել: Նման քայլեր չպետք է ձեռնակվեն, իսկ դրա համար գլխավոր երաշխիքը պետք է լինի հասարակությունը»:

Հայոց ցեղասպանության հատուցման եւ մեր ժողովրդի իրավունքներին վերաբերող հարցերի շուրջ համահայկական համախոհություն ձեւավորելու առաքելությունը, ըստ Կ.Մանոյանի, ունի նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, որը մինչեւ 2015 թվականը նույնպես պետք է կարողանա ներկայացնել նշված հարցերում իր մոտեցումները. «Պետք է հրապարակավ սկսենք արծարծել նաեւ այդ հարցերը եւ ոչ թե միայն ցեղասպանության ճանաչման հարցը, որը, իհարկե տարբեր ձեւերով շարունակվելու է»:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհեշտացներ հատուցման խնդիրների հետ կապված գործընթացը, սակայն հայկական կողմի քայլերը պետք է պայմանավորված չլինեն այդ հարցում թուրքական դիրքորոշմամբ. «Մանավանդ երբ խոսքը վերաբերում է իրավունքի խնդրին: Եթե ամեն ինչ պետք է սահմանափակվի կամ հիմնավորվի 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայով, ապա ինքնաբերաբար նշանակում է, որ մինչեւ այդ կոնվենցիան մենք ոչ մի իրավունք չունեինք: Սակայն բարեբախտաբար այդպես չէ: Դրա համար էլ անհրաժեշտ է, առանց սպասելու Թուրքիայի կողմից ճանաչման, արդեն սկսել բարձրացնել հատուցման եւ իրավունքների հարցերը»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հաջորդ նիստը, որի անդամ է նաեւ Կ.Մանոյանը, նախատեսվում է հրավիրել մայիսի վերջին:

«Ակնկալում ենք, որ երրորդ նիստի ժամանակ կարծարծվեն հարցեր այն մասին, թե որն է լինելու հանձնաժողովի ռազմավարությունը: Մեր առաջարկը ես արդեն ներկայացրի: Համարում ենք, որ հանձնաժողովը պետք է, մի կողմից, հովանավորի իրավական թղթածրարի պատրաստումը, մյուս կողմից՝ այդ թղթածրարի շուրջ համահայկական համախոհություն ձեւավորի:

Մեր տեսակետին հակառակ տեսակետ շատ չենք լսել հանձնաժողովում, բացի իշխանության ներկայացուցիչների արտահայտած որոշ զգուշավորության: Մենք կարծում ենք, որ այդ իրավական թղթածրարը պարտադիր չէ, որ ամբողջությամբ հրապարակվի, մանավանդ պարտադիր չէ, որ համահայկական համախոհությունն իր բոլոր մանրամասնություններով հրապարակվի»,- նշեց նա:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

armworld.am

Տպել Տպել