Արծվիկ Մինասյան. Քաղաքական կամքը բավարար չէ


Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցը «Հայաստանի Զրուցակցին»:

-Ինչո՞ւ հնարավոր չեղավ մեկտեղել իշխանության եւ ընդդիմության տեսակետները` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

-Կոալիցիոն ուժերը որոշել էին առանձին հանդես գալ եւ ներկայացնել մեկ տարբերակ` դա չքննարկելով խորհրդարանական ընդդիմության հետ: Սկզբնական շրջանում դա ներկայացվում էր որպես միասնական տարբերակ: Իսկ հետո, երբ Եվրախորհրդում Դաշնակցության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դա խորհրդարանական ընդդիմության հետ քննարկված չէ, իշխանությունն այն վերաձեւակերպեց որպես նախնական տարբերակ, որը պետք է անցնի ներպետական քննարկումների ճանապարհով: Երբ հայտնի դարձավ, որ այդպիսի նախագիծ է ներկայացված Եվրոպայի խորհրդին, խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը ստեղծեցին միասնական սկզբունքների փաթեթ, այն հիմա քննարկման փուլում է: Սկզբունքներն ուղարկվել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին` Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու նպատակով: Սա բավականին բարդ ընթացակարգ է, որովհետեւ գործող կարգի համաձայն այդպիսի փորձաքննություն կարող են հայցել միայն իշխանությունները: Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարողացավ համապատասխան իրավունք ստանալ: Սա հույս է ներշնչում, որ եվրոպական փորձագետները փաթեթը լրջորեն կքննարկեն:

– Իշխանության ներկայացրած դրույթներից որի՞ն համաձայն չեք:

– Մեր անհամաձայնությունը հիմնականում կապված է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների օրենսդրական ձեւակերպումների հետ: Մեր պատկերացմամբ թե ընդդդիմությունը, թե իշխանությունը նախընտրական շրջանում պետք է հավասար հնարավորություններ ունենան, եւ ընտրողների կամարտահայտությունը լինի չեզոք, որեւէ ուժ հնարավորություն չունենա վարչական կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լծակներն օգտագործել: Մենք համամիտ կլինենք, եթե լինի մի այնպիսի պետական անկախ մարմին, որն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ամբողջ բեռը վերցնի իր վրա: Բայց այն պետք է լինի անկախ, քաղաքականապես չեզոք, իշխանության եւ ընդդիմության կողմից չվերահսկվող: Նման պարագայում մենք կողմ կլինենք, որ քաղաքական կուսակցությունները մասնակցեն ոչ թե ընտրական վարչարարությանը, այլ բուն ընտրական քարոզչությանը, որպեսզի լավ արդյունք ապահովեն: Բայց քանի որ անկողմնակալ մարմնի ձեւավորումն այս պայմաններում անհնարին է, մնում է երկրորդ տարբերակը` քաղաքական կազմավորման սկզբունքով հանձնաժողովների աշխատանքը: Մենք առաջարկում ենք անաչառություն ապահովել հանձնաժողովներում իշխանության եւ ընդդիմության անդամների հավասար հարաբերակցությամբ: Այդ դեպքում իշխանական թեւը չի կարողանա վերահսկել ընտրության ընթացքը` իր ուզած հունով տանել կամ կեղծել:

– Այդ տարբերակը որքանո՞վ է արդար, եթե հաշվի առնենք խորհրդարանական ուժերի ներկա հարաբերակցությունը:

– Արդար է այնքանով, որքանով յուրաքանչյուր հաջորդ ընտրություն պայմանավորված է արդյունքների ճշգրիտ արտացոլմամբ: Եթե քաղաքական որեւէ ուժ նախորդ ընտրություններում հավաքել է 51 տոկոսից ավելի ձայն, դա չի նշանակում, որ նա պետք է հաջորդ ընտրություններում ունենա նույնքան լծակ: Մեր առաջարկած տարբերակով կերեւա նաեւ իրական կամարտահայտությունը: Անշուշտ եթե արտախորհրդարանական ընդդիմության մասնակցության ձեւաչափ ընտրվեր, մենք դրան կողմ կլինեինք, բայց քանի որ դա չկա, մնում է խորհրդարանական ընդդիմությունը: Այսինքն մեր պահանջը ոչ միայն արդար է, այլեւ բխում է իրականությունից: Սա հնարավորություն կտա հանձնաժողովի աշխատանքը դարձնել ավելի թափանցիկ, անկողմնակալ ու վստահելի:
Մեր մյուս առաջարկն է, որ տեղամասային հանձնաժողովներում արձանագրություններ կազմելը եւ բոլորի ստորագրելը, իսկ չստորագրելու դեպքում բացատրություն տալը լինեն պարտադիր:

– Ընդդիմության` քվեարկությանը մասնակցածների ցուցակները հրապարակելու առաջարկի մերժումը հիմնավոր չէ՞:

– Իշխանությունը մեջտեղ է բերում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների կարծիքը եւ հայտարարում, թե դա քվեարկության գաղտնիության խախտում է, մինչդեռ դրանում տրամաբանություն չկա: Եթե հասարակության առնվազն 25 տոկոսը տեղյակ է, թե ով է գալիս ընտրության, դրա գաղտնիությունը ո՞րն է: Մեր խորին համոզմամբ` ընդդիմախոսները քվեարկողի կամարտահայտության գաղտնիությունը շփոթում են քվեարկության մասնակցության հետ եւ այդ շփոթն ուզում են տեղափոխել քվեարկության հարթություն: Մի շարք երկրներում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակի հրապարակումը պարտադիր է: Անգամ կան երկրներ, որտեղ քվեարկության չմասնակցելը վարչական պատասխանատվություն է ենթադրում: Սա նշանակում է, որ նույն Եվրոպայի խորհրդում միասնական սկզբունք չկա:

Քննարկումներից մեկի ժամանակ Վենետիկի հանձնաժողովի փորձագետը նշեց, որ միասնական համակարգ չկա, եւ եթե մենք ընտրում ենք այդ ձեւը, ապա ընդամենը պետք է հետեւենք, որ դա կատարվի:

– Առաջարկը մերժելով` իշխանությունն ի՞նչ նպատակի է ձգտում:

– Կարծում եմ, որ ընտրախախտումների զգալի մասը տեղի է ունենում հենց այս ճանապարհով` չքվեարկողների փոխարեն քվեարկելով կամ քվեաթերթիկների թիվը կեղծելով: Այն անձինք, ովքեր ուզում են ընտրությունների անվան տակ իշխանությունը նորից նվաճել, չեն ուզում այդ ձեւը կորցնել:
Մեր առաջարկի մյուս մասը վերաբերում է տեսանկարահանումներին` քվեարկության ընթացքը վերահսկելուն, բացառությամբ բուն քվեարկության պահից: Այստեղ նույնպես մեր ընդդիմախոսները վկայակոչում են գաղտնիության սկզբունքը: Բայց դա եւս անհեթեթ է, քանի որ գործող օրենքի համաձայն ցանկացած մեկը կարող է տեղամասից 50 մետր հեռավորությամբ նկարահանել: Այսինքն կա մերժում` առանց ողջամիտ բացատրության: Մյուս առաջարկը վերաբերում է նախընտրական քարոզչության սահմանմանը, դրա հավասարության ու հասանելիության ապահովմանը: Ցավոք այսօր նախընտրական քարոզչություն հասկացությունը մեզանում ոչ միայն սահմանված չէ, այլեւ հաճախ լինում են դեպքեր, երբ իշխանության ներկայացուցիչը, ով նաեւ թեկնածու է, պետական կամ հանրային դիրքն օգտագործում է, բայց դա ներկայացնում է որպես ի պաշտոնե գործունեություն: Սա նուրբ հարց է, բայց պահանջում է հստակ մոտեցում: Կամ պետք է արգելվի այդ մարդկանց եթեր դուրս գալը, կամ նրանց լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն: Մյուսը վերաբերում է բարեգործություն երեւույթի` որպես թաքնված ընտրակաշառքի բացառմանը: Դրա համար մենք առաջարկում ենք նախընտրական եւ ընտրական փուլում օրենսդրությամբ կարգավորել բարեգործական հիմնադրամների եւ կուսակցությունների գործունեությունը: Մեր առաջարկություններից մեկն այն է, որ ընտրություններին նախորդող երեք օրերին բարեգործությունն արգելվի: Կյանքը ցույց է տալիս, որ հենց այդ ժամանակ է ընտրակաշառքն իր գործն անում:

– Ինչո՞ւ եք պնդում բացառապես համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտությունը:

– Մեր սկզբունքային դիրքորոշումն է, որ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ անցում կատարի համամասնական ընտրակարգին` դրանով մեծացնելով թե կուսակցությունների դերակատարությունը, թե նվազեցելով օլիգարխների, մեծահարուստների, առանձին դեպքերում նաեւ կլանային համակարգի ազդեցությունը ընտրական գործընթացի վրա: Սա ոչ վերջնական, բայց անհրաժեշտ քայլ է: Առարկությունը, թե մեծամասնական ընտրակարգն ավելի ժողովրդավարական եւ ներկայացուցչական է, այլ կերպ ասած` ընտրողները ճանաչում են մեկին, ով պետք է իրենց խնդիրները հասցնի Ազգային ժողով, ես չեմ ընդունում: Որովհետեւ համաձայն կուսակցությունների մասին օրենքի` յուրաքանչյուր կուսակցություն պետք է մարզերում ունենա գրասենյակներ, ուրեմն նաեւ պատասխանատու լինի իր գործունեության համար: Եթե քաղաքացին ունի խնդիրներ, կարող է բարձրաձայնել այդ ճանապարհով, ոչ թե գործ ունենա մեկ անձի հետ, ով կարող է սիրաշահել, անցնել խորհրդարան, իր հարցերը լուծել եւ մոռանալ ընտրողին: Նման դեպքերի շատ ենք ականատես լինում:

– Օլիգարխների, քրեականների մեծ մասը համամասնականով է խորհրդարան մտել:

– Իհարկե, սա միայն առաջին քայլն է լինելու, ամբողջությամբ չենք կարողանա փակել դրա ճանապարհը: Հաջորդ առաջարկը վերաբերում է կուսակցական կամ քաղաքական կոռուպցիայի դրսեւորումները սահմանափակելուն: Պետք է մարդկանց գիտակցությունից աստիճանաբար դուրս մղենք այն մտայնությունը, թե գործարարը պետք է ԱԺ-ում անպայման տեղ ունենա:

– Այդ ընտրակարգն առանձին մարդկանց ընտրվելու իրավունքի խախտում չէ՞, կուսակցականացում չի՞ պարտադրում:

– Պարտադրանք չկա, որ այս կամ այն ցուցակում ընդգրկվելու համար պետք է կուսակցական լինես: Նման սահմանափակումը հակասում է մեր երկրի Սահմանադրությանը:

– Ձեր առաջարկներից ո՞րը Վենետիկի հանձնաժողովի կողմից հավանություն ստանալու հնարավորություն ունի:

– Մեր սկզբունքային առաջարկություններն ուղղակիորեն պայմանավորված են անկողմնակալ, վստահելի ընտրականոնակարգի ձեւավորմամբ, եւ եթե դրանք չանցնեն` մենք պետք է արձանագրենք, որ իշխանությունները պատրաստ չեն ընտրություններ կազմակերպել եւ անցկացնել: Այդ դեպքում մեր պայքարը կտեղափոխենք քաղաքացիների հետ շփումների հարթություն, եթե պետք լինի` նաեւ կընդվզենք այդ իրավիճակի դեմ: Կան քաղաքական ուժեր, որոնք չեն կարեւորում ընտրական օրենսդրությունը եւ ասում են, թե անհրաժեշտ է միայն քաղաքական կամք: Անշուշտ, քաղաքական կամքը պետք է, բայց դա բավարար չէ: Անհրաժեշտ է օրենսդրական այնպիսի համակարգ, որը սահմանի այդ քաղաքական կամքից շեղվելու դեպքում կիրառվելիք քայլերը:

– Իսկ ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ 1991 թվականին կար ամենավատ օրենսգիրքը, բայց տեղի ունեցան ամենալավ ընտրությունները:

– Ես չեմ կարծում, թե 91-ի ընտրություններն ամենալավն են եղել: Եթե խոսում ենք ժողովրդական ալիքով ձեւավորված խորհրդարանի մասին, ապա նաեւ նշենք, որ ժամանակի ոչ մի իշխանություն չէր կարող ընդդիմանալ այդ ալիքին: Եթե հիշում եք` շատ կոմունիստներ նույնիսկ իրենք էին օգնում ՀՀՇ-ին` անհրաժեշտ ձայներ ստանալու` ներքին խարդավանքների, սեփական կուսակցության սկզբունքներին դավաճանելու միջոցով: Այդ ընտրություններն արտացոլել են հասարակության տրամադրությունը, բայց ամենալավը չեն եղել: Երբեք չենք ունեցել այնպիսի ընտրություն, որի առիթով ՀՀ քաղաքացին կարող է հպարտ զգալ: Եթե 1991 թվականին լավ ընտրություններ լինեին եւ իշխանությունը հասկանար դրա իմաստը, չէր կատարի 1995 թվականի այլանդակությունները: Նրանք եկան ժողովրդական ալիքի վրա, մսխեցին ժողովրդական էներգիան եւ սկսեցին վերարտադրվել` օգտագործելով սեփական լծակները:

– Վատ ընտրությունների պատճառը միայն լավ օրենսգրքի բացակայությո՞ւնն է, ընտրական մշակույթի բացակայությո՞ւնը, թե սոցիալական վիճակը, երբ մարդը կարիք ունի նրան, ինչը տալիս են:

– Գլխավոր խնդիրները երկուսն են` արդար ընտրության ցանկություն եւ ընտրական լավ օրենսդրություն: Երբ հասարակության 35 տոկոսն աղքատ է, այդ երկու գործոնների բացակայության պայմաններում հասարակության իրական տրամադրություններն արտացոլող ընտրություն չի լինի: Աղքատ մարդուն լավ իշխանության հեռանկար պետք չէ, պետք է օրվա հաց: Այդ պատճառով էլ նրանց ձայնը խոստումներով ու փոքր գումարներով գնելը հեշտ է: Իշխանության բոլոր քայլերը միտված են վերարտադրմանը, փորձում են միջզգային հանրությանը ցույց տալ, որ տեսեք, ընտրություն անցկացրինք: Բայց չեն հասկանում որ ի վերջո ժողովո՛ւրդը պետք է արդյունքներն ընդունի:

§ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ¦

Տպել Տպել