Ֆրանսիայի հայ համայնքն աշխատում է նոր օրինագծի ուղղությամբ

Մուրադ Ֆրանսիայի հայկական համայնքը, երկրի կառավարության հետ համագործակցելով, շարունակում է աշխատանքները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակման ուղղությամբ: «Կառավարական ծրագիր մըն է այս անգամ, խորհրդարանի նախաձեռնություն պիտի չըլլա: Դեռ ընթացքի մեջ է, որովհետև դժվար է, աշխատում ենք, որպեսզի չունենանք այն պրոբլեմը, որ Սահմանադրական դատարանը մերժի, երկրորդ անգամ ձախողման ենթարկվինք»,- Lragir.am-ին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Նա նշեց, որ մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի օրինագծի տեքստը լավ պատրաստվի, և իրավական դաշտում խնդիրներ չլինեն: Ըստ Փափազյանի` Ֆրանսիայի հայ համայնքի նպատակն է, որպեսզի արդեն այս տարի օրինագիծը մտնի երկրի Ազգային ժողով ու Սենատ և քվեարկության դրվի:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախորդ օրինագիծը, որը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, հեղինակել էր ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն:

Մուրադ Փափազյանը նաև տեղեկացրեց, որ այսօր Փարիզում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում:

Նրա խոսքով` քիչ առաջ Փարիզի քաղաքապետարանում, քաղաքապետի մասնակցությամբ, մեծ միջոցառում է անցկացվել: Իսկ այսօր երեկոյան` տեղական ժամանակով ժամը 19:00-ին հայկական համայնքը բողոքի ակցիա կանցկացնի Փարիզում, որին կառավարության կողմից կմասնակցի կրթության նախարարը, ով միաժամանակ երկրի նախագահի աշխատակազմի անդամ է:

lragir.am

Տպել Տպել