Մամլո հաղորդագրություն

ACG Ապրիլի 25-26 – ին Իվ.Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի երկրորդ շենքի ճեմասրահում կանցկացվի Հայոց եղեռնը պատկերող վավերագրական լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի նպատակն է վրացի ուսանողների իրազեկության մակարդակի բարձրացումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ: Ցուցահանդեսի նախաձեռնողն ու կազմակերպիչն է «Վրաստանի Հայ Համայնք» – ի ուսանողական միությունը:

Երկօրյա ցուցահանդեսը նվիրված է 1915-23թթ. Հայոց ցեղասպանության 98 – րդ տարելիցին:

Հիշեցնենք, որ ապրիլի 23 – ին Թբիլիսիում «Վրաստանի Հայ Համայնք»-ի նախաձեռնությամբ անցկացվեց ջահերով երթ, իսկ ապրիլի 24 – ին Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց տեղի ունեցավ, որին մասնակցեց ավելի քան հազար մարդ:

Բացի այդ, Վրաստանում գործող հայկական աշխարհիկ եւ կրոնական կազմակերպությունները ապրիլի 15 –ին դիմեցին Վրաստանի պառլամենտ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով:

Ընթացիկ տարվա ապրիլի 24 – ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգի, իրենց իսկ պատմական հայրենիքում պետական մակարդակով նախատեսված համընդհանուր ոչնչացման ծրագրի – ցեղասպանության 98 – րդ տարելիցը: 1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետեւանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակից եւ իր հայրենիքի մեծ մասը: 1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 20 պետություն, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտն եւ Եվրոխորհուրդը:

«Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայություն

Տպել Տպել