Ամերիայի Հայ դատի հանձնախումբը մեղադրում է Օբամային թուրքական ժխտողական քաղաքականությանը մեղսակից լինելու մեջ

EghsoԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ապրիլ 24-յան ելույթով ցույց տվեց, որ մեղսակից է Հայոց ցեղասպանության մերժման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, նախագահ Օբաման, փաստորեն, որոշեց հետեւել թուրքական կառավարության ցուցումներին` փոխանակ լինելու այն ղեկավարը, ինչպիսին սպասում էր ԱՄՆ-ի ժողովուրդը, տեղի հայկական համայնքը:

«Չնայած ցեղասպանություն գործած պետության հետ ԱՄՆ-ն դաշնակցում է, սակայն Հայոց ցեղասպանությունը հստակ եւ ճշգրիտ ձեւով դատապարտելու պարագայում Օբաման կարող էր ազդանշան ուղարկել, որ ամեն ցեղասպանություն պետք է դատապարտվի անգամ դաշնակից երկրների կողմից,»,- ընդգծեց նա:

Էլիզաբեթ Չուլջյանն ընդգծում է, որ Օբամայի այս քայլը ցույց է տալիս, թե որքան հեռու է նա երկրի նահանգային եւ քաղաքային մակարդակի վրա առկա ընկալումից: «Ապրիլի 24-ին արդեն մի քանի նահանգներ եւ քաղաքներ են ճանաչել ցեղասպանությունը եւ ոգեկոչում են: Փոխանակ Օբաման այդ դրական քայլերին հետեւի, թուրքական կառավարությանն է հետեւում: Այստեղ կա մեծ մտահոգություն»,- նշեց նա:

Էլիզաբեթ Չուլջյանն ավելացրեց, որ իրենք կշարունակեն աշխատել կառավարութան բոլոր մակարդակներում, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը:

Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում կրկին օգտագործել է Մեծ եղեռն ձեւակերպումը` խուսափելով Ցեղասպանություն եզրից: «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը եւ հարգում նրանց հիշատակը, ովքեր նահատակվել են 20-րդ դարի ամենասարսափելի վայրագությունների ժամանակ: Իննսունութ տարի առաջ 1,5 միլիոն հայեր կոտորվեցին եւ տեղահանվեցին ու գերեզման գտան Օսմանյան կայսրության վերջին օրերին: Մենք կանգ ենք առնում հարգելու խորտակված կյանքերի հիշատակը եւ հիշում ենք այն աննկարագրելի տառապանքները, որ նրանք կրել են»,- ասել է Բարաք Օբաման:

Էլիզաբեթ Չուլջյան. ԱՄՆ տարբեր քաղաքների կողմից ԼՂՀ ճանաչումը շարունակական աշխատանքի արդյունք է

ԱՄՆ տարբեր նահանգների կամ քաղաքների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը շարունակական աշխատանքի արդյունք է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Նրա խոսքով` որքան շատ երկրներ կամ նահանգներ ճանաչեն Արցախի ազգային ինքնորոշումն ու անկախությունը, այնքան Արցախի հիմնախնդիրը եւ արցախցու ազատատենչ իղձերը միջազգային քաղաքական քննարկումներում կհայտնվեն:

Ֆրեզնոն դարձել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի անկախությունը): Քաղաքային կառավարիչների խորհուրդն ապրիլի 23-ին ընդունել է խորհրդի անդամ Անդրեաս Բորգեասի հեղինակած բանաձեւը, որը պաշտոնապես ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. տարածք, որն էթնիկ հայկական է եւ տեղակայված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Բանաձեւով կոչ է արվում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն: Ապրիլի 10-ին Միացյալ Նահանգների Մեյն նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը եւս համատեղ բանաձեւով ճանաչել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը` կոչ անելով ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` «աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը, ժողովրդավար անկախությանը եւ միջազգային հանրության կառուցողական ջանքերին` ուղղված ԼՂՀ-ի ներգրավմանը` այդ կարեւոր տարածաշրջանում հասնելու տևական հակամարտության արդար եւ երկարաժամկետ լուծմանը»: Մեյնը Միացյալ Նահանգների երրորդ նահանգն է, որ նման բանաձև է ընդունել: 2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև: Իսկ 2012 թվականի օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն է ընդունել նույնանման որոշում:


armenpress.am

Տպել Տպել