Սալոնիկում ապրիլքսանչորսյան երթն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով

բախումՀունական Սալոնիկ քաղաքում ապրիլքսանչորսյան երթն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։ Սալոնիկի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում 1915-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կատարված հոգեհանգստյան արարողությունից հետո, ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնությամբ, մեկնարկել է բողոքի երթ դեպի թուրքական հյուպատոսարան:

Միջոցառմանը ներկա են եղել Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետը եւ Սալոնիկիի այլ պաշտոնյաներ: Ոստիկանների շղթան ու ոստիկանական մեծ ավտոբուսները փակել են փողոցը՝ արգելելով ցուցարարներին մոտենալ հյուպատոսարանի շենքին: Հունահայ ցուցարարները պաստառներով եւ դրոշներով շարժվել են քաղաքի թուրքական հյուպատոսարանի ուղղությամբ։ Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական արգելափակոցը` պահանջելով թույլ տալ դիմում հանձնել հյուպատոսության աշխատակիցներին: Ոստիկանությունը, սակայն, արգելել է, նաեւ արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ՝ փորձելով ցրել հանրահավաքը։

Հայ համայնքի երեք ներկայացուցիչների` ոստիկանության հետ բանակցություններից հետո, թույլատրվել է մոտենալ հյուպատոսարանին, որտեղ անպատասխան դռան զանգեր հնչեցնելուց հետո, պատին փակցվել է թուրքական կառավարությանն ուղղված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Ոստիկանները մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել` ցուցարարներին հետ մղելու համար:

Երիտասարդների մի խումբ հանել է Թուրքիայի դրոշը եւ այրելու փոխարեն, նետել ոստիկաններին` առաջարկելով պաշտպանել այն: Հարկ է նկատել, որ սա առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանի մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրում ապրիլի 24-ին ոստիկանության եւ բողոքի ցույցի դուրս եկած հայերի միջեւ բախումներ են արձանագրվում։

Տպել Տպել