ՀՅԴ-ն առաջարկում է բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների արտոնություններն ընդլայնել

Artcvik-asotyan«Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովում ներկայում քննարկվող նախագծերի փաթեթի նպատակն է ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային Ժողովի ապրիլի 29-ի նիստի ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ փաթեթն արժանացել է կառավարության հավանությանը:

«Լավ կլիներ, եթե ընդդիմության շատ նախագծերի վերաբերյալ նման դրական մոտեցումներ լինեին: Դա մեր երկրում շատ-շատ խնդիրներ կլուծեր»,-ասաց Մինասյանը` հավելելով, որ կառավարությունը մինչ այժմ արտոնություններ է տրամադրում միայն այն դիմումատուներին, ովքեր միաժամանակ և՛ սահմանամերձ, և՛ բարձրլեռնային բնակավայրից էին։ Իսկ ներկայացված փոփոխություններով շեշտվում է, որ այդ արտոնությունից կօգտվեն և՛ սահմանամերձ, և՛ բարձրլեռանային գոտում, և’ սահմանամերձ բարձր լեռնային գոտում բնակվողները:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն իր ելույթում առարկեց Մինասյանի այն դիտարկմանը, որը վերաբերում էր կառավարության և ընդդիմության «պրոդուկտիվ» աշխատանքին: «Ընդդիմության բոլոր այն առաջարկությունները, որոնք եղել են իրատեսական, միշտ արժանացել են կառավարության դրական եզրակացությանը»,-շեշտեց Աշոտյանը։

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը սահմանում է, որ կրթական արտոնությունից կօգտվեն և՛ սահմանամերձ գոտում, և՛ բարձր լեռնային գոտում, և’ սահմանամերձ բարձր լեռնային գոտում բնակվողները:

armenpress.am

Տպել Տպել