Իշխանափոխությունը պետք է սկսել Երեւանից եւ Երեւանը կփոխի Հայաստանը

VahanՄարդիկ, ովքեր մինչեւ հիմա իշխանության գլուխ են Հայաստանում, ինչպես եկան իշխանության գլուխ կոմունիստներից հետո, այնպես էլ իշխանությունը չի փոխվել. այսօր Կենտրոնում Երեւանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

Նա հորդորեց երեւանցիներին չխափվել կուսակցությունների անունների փոփոխությանը, որովհետեւ դեմքերը նույնն են, մոտեցումները նույնն են եւ ագահությունը եւս նույնն է:

«Այն ինչ մենք այսօր տեսնում ենք Երեւանում, պարզապես ագահության եւ քաղաքի քաղաքային մշակույթ չունենալու հետեւանք է: Որովհետեւ շուկայական քաղաքականությունը, ազատ տնտեսությունը երբեք ու երբեք չեն կարող ավելի վերադաս նպատակ լինել` նրանք ընդամենը ծառայում են, ընդամենը ենթակա են եւ պետք է ծառայեն` մարդկանց համար ստեղծելու նորմալ պայմաններ: Այնինչ մեր երկրում լիբերալ տնտեսությունը դարձել է մի արքա, մի թագավոր, որին ենթարկված է ամբողջ Հայաստանի բնակչությունը եւ երեւանցիները` հատկապես»,- ասաց Վահան Հովհաննեսյանը:

Նա իր ասածը պարզաբանեց, որ երեւանցիներից խլում են կանաչ տարածությունները, բակային տարածությունները, օդը, ազատ շարժվելու հնարավորությունը, եւ Երեւանը դադարում է լինել հաճելի մայրաքաղաք, այլ դառնում է պարզապես քաղաք, որտեղ մարդիկ պարզապես ապրում են, եւ գնալով սկսում են զգալ, որ ստիպված են ապրում: Վահան Հովհաննեսյանը շեշտեց, որ այս վիճակը հարկավոր է փոխել, եւ դա դժվար չէ անել:

Ու այն հարցին, թե ինչ կանի ՀՅԴ-ն, երբ Երեւանում ստանձնի իշխանությունը, մշեց Հովհաննեսյանը, պատասխանը շատ պարզ է` «նախեւառաջ ռաբիզներն ու անգրագետները կվռնդվեն երեւանյան իշխանության բոլոր մակարդակներից` թաղապետարան, քաղաքապետարան, վարչություններ, կանաչապատում, տրանսպորտ, աղբահանություն եւ այլն ու բոլոր տեղերում, որոնք դարձել են հարստանալու տեղ եւ դադարել են ծառայել երեւանցուն, այդ բոլոր տեղերում լուրջ լվացք է սպասվում»,- հայտարարեց բանախոսը:

Վահան Հովհաննեսյանն ասաց, որ այնտեղ, իհարկե, կան մարդիկ, ովքեր լավ մասնագետներ են, բայց աշխատում են այս կանոններով, որովհետեւ նրանց պարտադրում են այսպես աշխատել:

«Նայե’ք Ազգային Ժողովին` նույն բանն է, որովհետեւ այնտեղ էլ են մարդիկ գնացել ու իբր ընտրվել են Ձեր քվեներով, եւ այնտեղ են գնացել, որ ծառայեն ձեր շահերին` ծառայո՞ւմ են սակայն. բացարձակապե’ս, որովհետեւ երկիրը կառավարվում է միահեծան ձեւով` վերեւից, ու մի կուսակցություն վերցրել է ամբողջ իշխանությունը` բացարձակապես պատրաստ չլինելով, նույնիսկ կադր չունենալով ղեկավարելու համար, եւ փորձում է ամեն ինչ անել` իշխանության գլուխ մնալու համար»,- նշեց Վահան Հովհաննեսյանը` շարունակելով, որ Հայաստանում ոչ մի պաշտոնյա չի նշանակվում իր պաշտոնին, որպեսզի իրեն վստահված աշխատանքը կատարի ավելի լավ, քան իր նախորդը, կամ ընդհանրապես կատարի:

Նա հավելեց, որ ցանկացած նշանակում կատարվում է միայն մեկ տրամաբանությամբ` իրենց մարդուն նշանակեն պաշտոնի, որ հաջորդ ընտրություններում ապահովի իրենց վերարտադրվելը: Դրա համար, պարզաբանեց ՀՅԴ ներկայացուցիչը, քաղաքապետն էլ է ՀՀԿ-ական, թաղապետներն է են ՀՀԿ-ական, կամ իշխանությանը պատկանող, ու նրանց բոլորի խնդիրը ոչ թե Երեւանը բարգավաճ քաղաք դարձնելն է, այլ որպեսզի Երեւանից եկած քվեներով ՀՀԿ-ն` պառլամենտում, ՀՀԿ ներկայացուցիչը` նախագահական ընտրություններում անպայման հաղթեն:

«Իշխանությունը փոխելը պետք է սկսել հիմա` սկսելով Երեւանից, եւ Երեւանը կփոխի Հայաստանը, Երեւանում իշխանության փոփոխությունը բավական է, որ ամբողջ Հայաստանում դա հնարավոր լինի անել հանգիստ, առանց որեւէ բախումների, առանց որեւէ ջղագրգռությունների եւ մեր պետական ու ազգային շահերը չվտանգելով: Դրա համար միայն մեկ բան է պետք»,- ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորը ու շարունակեց, որ ճիշտ է Երեւանում իշխանությունը փոխել Դաշնակցությունով, որովհետեւ, շեշտեց Վ. Հովհաննեսյանը, ՀՅԴ թիմն ավելի գրագետ է, պատրաստված ու ավելի պրոֆեսիոնալ կարող է հարցերը լուծել:

Նրա համոզմամբ՝ սխալ է որեւէ քաղաքական ուժի թշնամաբար վերաբերելը: «Մենք տեսնում ենք հակառակորդների, տեսնում ենք մրցակիցների, սխալվողների, ցավոք նաեւ հիմարների, սակայն չի կարելի նրանց թշնամի համարել, որովհետեւ թշնամին դա դավաճանն է»,-ասել է նա՝ ընդգծելով, որ թշնամու եւ դավաճանի հետ խոսելու միայն մեկ ձեւ կա եւ Հայաստանում նման ձեւի կիրառումն անթույլատրելի է:

«Մեր զուսպ դիրքորոշումն այլ քաղաքական ուժերի նկատմամբ պետք է ճիշտ հասկանալ: Մենք միշտ այդպիսին ենք եղել եւ դրա պատճառով մեզ միշտ ասել են, որ ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, իսկական ընդդիմությունը նրանք են, ովքեր հայհոյում են»,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին բոլորից բարձր հայհոյում էր Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը: «Հիմա նրանք որտե՞ղ են: Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որտեղ են, բայց մենք նույնիսկ նրանց հասցեին ոչ մի վատ բան չենք ասում»,-ընդգծել է ՀՅԴ բյուրոյի անդամը՝ շարունակելով, որ իրենց կուսակցությունը փորձում է չանել մի բան, որի համար հետո փոշմանելու է:

ՀՅԴ-ն միշտ հանդես է գալիս, որպես թիմ

Խայտառակություն է` եթե երեւանցիներին հասցրել են այն վիճակին, որ նրանք վախենում են ազատ շարժվել, դա վտանգավոր է. Կենտրոն համայնքում այսօր այն դիտարկմանը, թե բնակիչները վախենում են իջնել ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների, քանի որ վախենում են, որ ցուցակագրողները իրենց անունները կներառեն «սեւ ցուցակներում», ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

Նա նշեց, որ դա մայրաքաղաքի բնակչի վերաբերմունք չէ, որովհետեւ մայրաքաղաքը միշտ առաջատարն է լինում, ցանկացած երկրում ու ցանկացած ժամանակ այդպես է եղել` մայրաքաղաքի բնակչությունն ամենակիրթն ու ամենաըմբոստն է լինում եւ չի վախենում:

Լրագրողների այն հարցին, թե Վահան հովհաննեսյանը նույնպես ՀՅԴ-ի ամենահեղինակավոր եւ հարգանք վայելող գործիչներից է, ինչո՞ւ նրա անունը տեղ չի գտել Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակում, պատգամավորը պատասխանեց, որ ամեն մեկն իր ոլորտն ունի, որ ինքը Դաշնակցության Բյուրոյի անդամ է, եւ որպես Բյուրոյի անդամ, ինքը առնչվում է ավելի շատ միջազգային խնդիրների հետ` Արցախի ճանաչում, Ցեղասպանության հատուցման առաջ քաշում եւ հնարավորր չէ հասցնել ամեն ինչ:

Իսկ դիտարկմանը, թե նախորդ ընտրություններում Արծվիկ Մինասյանն էր գլխավորում ՀՅԴ համամասնական ցուցակն, այս անգամ` Արմեն Ռուստամյանը եւ որն է այդ դեպքում տարբերությունը, Վահան Հովհաննեսյանը պատասխանեց, թե մեծ տարբերություն, իրականում, չկա, որովհետեւ ՀՅԴ-ն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, միշտ հանդես է գալիս, որպես թիմ:

«Դաշնակցության մեջ չկա մի այնպիսի հասկացություն` ինչ-որ «թագավոր ախպեր», կամ «շեֆ ջան», մեր մեջ «շեֆ ջան» չկա, պարզապես շեֆ` առանց ջանի էլ չկա, ի տարբերություն այլ ուժերի: Մնացած բոլոր ուժերում կա»,- շեշտեց Վահան Հովհաննեսյանը:

Անդրադառնալաով «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությանը, թե «Ժառանգությունն» ամենամաքուր ուժն է, քանի որ երբեք իշխանության մաս չի կազմել, Վահան Հովհաննիսյանը մեկնաբանեց. «Մաքուր» համարել միայն այն քաղաքական ուժին, որ երբեւէ չի եղել իշխանության կազմում, կոռեկտ չէ :

«Հայաստանում բազմաթիվ մանր կուսակցություններ կան, որոնք երբեւէ իշխանության մաս չեն կազմել, սակայն դա չափորոշիչ չէ, որ նրանք մաքուր լինեն»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ եթե քաղաքական ուժը երբեւէ չի եղել իշխանության կազմում, աշխատանքի համապատասխան փորձ չունի: «Եթե իշխանության մեջ չլինելը առավելություն են համարում, թող չձգտեն իշխանության, այդպես մաքուր էլ մնան»:

Տպել Տպել