Պետք է անել այն, ինչ չարվեց նախագահական ընտրություններին

ArmenRustamyan3Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին, ու հատուկ այդ ընտրապայքարի վերջին հանդիպումներից մեկը ՀՅԴ-ն ուզեց անցկացնել Զեյթունում, ուր արդեն 43 տարի է, ինչ բնակվում է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, այսօր Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց հենց ինքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը:

Նա նշեց, որ ինքն իսկապես այս ընտրություններին շատ մեծ նշանակություն է տալիս, քանի որ նրանք, նախեւառաջ, շատ մեծ քաղաքական նշանակություն ունեն: Բացի այն բոլոր խնդիրներից, որոնց մասին խոսվել ու ու դեռ կխոսվի, նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը` տարբեր կենցաղսպասարկման, թաղային հարցերի, խնդիրների լուծումը մեկ կարեւոր հարցի մեջ է` այս բոլոր հարցերը չեն լուծվի, ու այն դժգոհությունը, որը կա, կպահպանվի, եթե ժողովուրդը չազատվի գոյություն ունեցող, բոլորին արդեն խեղդող մթնոլորտից, որ առաջացել է մենիշխանության պատճառով:

«Այս երկրում կա մի իրողություն, որից չենք կարողանում տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն ազատվել` կա միահեծան իշխանություն, գործող, իշխող կուսակցության ու պետության նույնացում: Սա բերել է նրան, որ մի 3-5 տոկոսը Հայաստանում, ովքեր մոտ են կանգնած նախագահի աթոռին, ապրում են լավ` գերհարստություն, ունեցվածք կուտակած, իսկ մնացածը հանձնված են բախտի քմահաճույթին: Այս միահեծան իրավիճակը, ամեն ինչի մոնոպոլիզացումը բոլոր ոլորտներում արտահայտված են: Սա տարածվել ու հասել է մինչեւ թաղեր, եւ ամենապարզ խնդիրները` աղբահանություն կասենք, ասֆալտապատում կասեք թե տրանսպորտի խնդիր կասենք, հավատացե’ք, որ բոլորը կապված են այդ մոնոպոլիզացված վիճակի հետ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա կոչ արեց, չհավատալ իշխանությունների այն ասածներին, թե իբր շատ են ուռճացբում ընդդիմադիր ուժերն ու թեկնածուները` այս քաղաքապետական, Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը, եւ սա շատ-շատ պետք է լուծի ասֆալտապատման, կենցաղսպասարկաման հարցեր: ՀՅԴ ցուցակի առաջատարը պարզաբանեց, որ դրա նպատակը շատ պարզ է` ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը զրոյացվի, իսկ դա նշանակում է` մարդիկ իրենց դժգոհությունը, բողոքը չեն տեսնի կապված այս ընտրությունների հետ, չեն մասնակցի ընտրություներին, կառաջանա մի իրավիճակ, որ ընտրազանգվածը կձեւավորվի բարեկամա-խնամիական, ծանոթ-ընկերական հարաբերությունների միջոցով: Իսկ այդտեղ կսկսեն աշխատել այն վարչա-ֆինանսական միջոցները, որ իշխանություններն ունեն, եւ հեշտությամբ կվերարտադրվեն, սահուն կերպով, անխափան կպահպանեն իրենց իշխանությունը Երեւանում:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Երեւանի ավագանու ընտրություններն այն ընտրություններն են, որով հնարավոր է հասնել նրան, ինչին չհասանք նախագահական ընտրություններում` իրավիճակը փոխել:

«Ես ձեզ իսկապես պատասխանատվությամբ ու համոզումով ասում եմ` այդ նույնը կարելի է անել` փոխելով քաղաքապետին»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Այնուհետեւ նա մանրամասն բացատրեց, թե ինչպես է դա հնարավոր ու իրատեսական: Վերջում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ ստում են նրանք, ովքեր ասում են, թե բոլորը նույն բանն են խոստանում, նույն ծրագրերն ունեն:

«Սուտ են ասում` նույնը չեն: Մեկը թող ասի, որ գալու են միանգամից մունիցիպալ ոստիկանություն ստեղծեն` չեն ասում` միայն մենք ենք ասում: Մեկը թող ասի` ես եկա իշխանության, ինձ ընդդիմադիր քաղաքական ուժին կտրամադրեմ ինձ վերահսկելու լծակներ` չեն ասում: Մեկը թող գա ու ասի, որ երեւանցիների համար կարեւոր, գլխավոր հարցերը ես կդնեմ հանրաքվեի եւ երեւանցիների միջոցով այդ հարցերը կլուծեմ. չեն ասում: Եվ այդպես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել»,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել