Ժողովուրդը պետք է հստակ տեսնի ընդդիմությանը իշխանությունից տարբերակող բաժանարար գիծը

Արմեն1Եթե Երեւանի ավագանու ընտրություններն արդար անցնեն, կհաղթի Դաշնակցությունը, այս մասին այսօր, մայիսի 2-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ ներկա դրությամբ քաղաքական դաշտում ՀՅԴ-ն միակն է, որ խնդիրներ չունի ընդդիմադիր ուժերից որեւէ մեկի հետ՝ ո՛չ «Բարգավաճ Հայաստանի», ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ էլ «Ժառանգություն» կուսակցության հետ։

«Ոչ մի այլ կուսակցություն ընտրություններին չի մասնակցում այն մակարդակով, որով մասնակցում ենք մենք։ Անձամբ ես պայքարելու եմ հանուն երկրում իշխանափոխության՝ քանի դեռ ուժ ունեմ»,- նշել է քաղաքապետի դաշնակցական թեկնածուն։

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները նսեմացնի: Մեր խնդիրն է ապացուցել, որ այս ընտրությունները քաղաքական լուրջ նշանակություն ունեն, շեշտել է պատգամավորը:

«Տեսել ենք, թե իշխանությունները սովորաբար ինչ ջանասիրությամբ են պայքարում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ամեն ինչ անում են, որ ոչ մի գյուղում ուրիշ կուսակցության ներկայացուցիչ չանցնի», -ասել է Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը հերթական անգամ ընդգծել է, որ իրենց խնդիրն ընդդիմադիր քաղաքապետ ունենալն է: «Բոլորը հասկանում են, որ ընդդիմության հաջողությունը կախված է ժողովրդի ակտիվության հետ: Ավագանու կազմում լինելը հնարավորություն կստեղծի իշխանության դեմ պայքարելու համար: Ընդդիմադիր քաղաքապետի առկայությունն այս միահեծան համակարգի վերջը կդնի: Կձևավորվի հակակշիռ, օգտակար մրցակցություն»,- հավելել է նա:

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իրավիճակին` Ռուստամյանն ասել է. «Այսօր երկրում իրավիճակը փոխվել է: Ժողովրդի ձայնը գնելը հեշտ չի լինի. մարդիկ այնքան են զզվել, որ այսօր կորցնելու բան չունեն: Իսկ ելքը միակն է` երկրում հասնել ամբողջական իշխանափոխության»:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն ընդօրինակում է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, պատգամավորը պատասխանել է,-«Բարևը հո Րաֆֆունը չէ, բարևն Աստծունն է: Եթե ուզում եք իմանալ առաջին բարև տվողը մեր Արծվիկ Մինասյանն էր, որ 2009-ին բոլորին բարևում էր: Մեր խնդիրը բարև տալը չի, այլ իշխանափոխութան հասնելը»:

Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը՝ քաղաքապետի թեկնածուն գտնում է, որ պետք է երկու հստակ հայտարարություն անել. առաջինի բովանդակությունը պետք է լինի այն, որ ընդդիմադիր ուժերը Երեւանի ավագանիում ընտրվելու դեպքում՝ չեն միանա իշխանության հետ:

Նա նշել է, որ առաջին հայտարարությունում պետք է նաեւ ամրագրել, որ ընդդիմադիր ուժերը պետք է համագործակցեն Երեւանի ավագանիում: Այսինքն, եթե ընդդիմադիր ուժերի ոչ մեկը մեծամասնություն չստանա, ապա նրանք պետք է միավորեն իրենց մանդատներն ու ընտրեն ընդդիմադիր քաղաքապետ։:

«Երկրորդ հայտարարությունում պետք է նշվի, որ ընդդիմադիր ուժերը կհամագործակցեն ընտատեղամասերում՝ ժողովրդի տված ձայները պահելու նպատակով»,-ասել է Արմեն Ռուստամյանն՝ ընդգծելով, որ ժողովրդի պասիվությունը ի հայտ է գալիս այն պատճառով, որ մարդիկ չեն հավատում, որ իրենց ձայնը նշանակություն է ունենալու, որ նորմալ ընտրություններ են տեղի ունենալու:

«Մենք պետք է ժողովրդին արդար ընտրությունների երաշխիքներ տանք: Դա քաղաքական ուժերի խնդիրն է, ընտրողներից ոչ ոք պարտավոր չէ հետեւել մյուս ընտրողների ձայների պահպանմանը»,-ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ընդդիմության շահերից է բխում ընտրողների ակտիվացումը եւ նրանց համոզելը, որ Երեւանի ավագանու ընտրությունները եւս մեկ շանս են իշխանություններին «ոչ» ասելու համար: «Դրա համար անհրաժեշտ է գծել այն բաժանարար գիծը, որի օգնությամբ կարելի է տարբերակել ընդդիմությունն իշխանությունից: Եթե ժողովուրդը հստակ չտեսնի այդ գիծը, նորից խճճվելու է եւ իշխանությունների նկատմամբ անվստահության հանրաքվեն տեղի չի ունենալու այն բարձր մակարդակով եւ չի ունենալու այն ազդեցությունը, որը ցանկանում ենք»,-եզրափակել է Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել