Գետաշենի վերքը չի սպիանալու Որովհետեւ պայքարը շարունակվում է

Հրայր 1Հայոց Աշխարհի հարցազրույցը Հրայր Կարապետյանի հետ

-Պրն Կարապետյան, լրացավ Գետաշենի անկման 22 տարին, երբ տխրահռչակ «Կոլցո» օպերացիան իրականացնելով՝ խորհրդային բանակը ադրբեջանցիների հետ հայաթափեցին Գետաշենն ու Մարտունաշենը։ Դուք որպես ականատես ի՞նչ կպատմեք այդ օրերի մասին։

-Նախ պետք է հիշել, որ մինչ այդ արդեն հայաթափվել էին Շամխորի եւ Դաշքեսանի շուրջ 50-ից ավելի հայաբնակ գյուղեր, տեղի էր ունեցել Գանձակի հայերի սպանդն ու տեղահանումը։

1989-90թթ. ադրբեջանական օմոնը, մի քանի անգամ կիրառելով նաեւ ծանր տեխնիկա, գրոհեց Գետաշենից վերեւ՝ Ազատ եւ Կամո գյուղերի ուղղությամբ, բայց հետ շպրտվեց։ Ի դեպ, տեղացիներին, որոնք միայն որսորդական հրացաններ ունեին, օգնության էին հասել Գավառի ջոկատը եւ «Միացումի» տղաները՝ զինված հիմնականում ինքնաշեն զենքերով։ Ադրբեջանցիները, թողնելով մեծ թվով զոհեր (մեր կողմից զոհվել էր միայն մեկ տեղացի), նահանջեցին։

Փաստորեն մինչեւ 91-ի ապրիլի վերջը գետաշենցիների կազմակերպված ինքնապաշտպանության եւ Հայաստանից մեկնած մի քանի ջոկատներով փակված էր «դարպասը» դեպի Արցախ, եւ, կարծում եմ, հենց Գետաշենի ինքնապաշտպանության պատմական դերն էլ այն է, որ շուրջ երկու տարի իր վրա վերցնելով բոլոր հարվածները, չթողին, որ թշնամին ներխուժի Արցախ։ Արցախը այդ ժամանակն օգտագործեց շատ արդյունավետ՝ ամեն առումով պատրաստվելով պատերազմի։

Պետք է ասել, որ թույլ էր աջակցությունը Հայաստանի այն ժամանակվա թե՛ իշխանությունների, թե՛ շարժման ղեկավարների կողմից։ Ուղղաթիռների անկանոն թռիչքների պայմաններում փաստորեն միակ ամենօրյա կապը ռադիոկապն էր Հայաստանի հետ։ Շահումյանի հետ կապող ճանապարհներն արդեն փակել էին ադրբեջանցիները՝ հայաթափելով Կուշչի Արմավիրն ու մյուս գյուղերը։

Գետաշենի տղաների կազմակերպած հատուկ գործողության շնորհիվ այդ օրերին ադրբեջանցի բարձրաստիճան գերի ընկած պաշտոնյաների հետ փոխանակվեց եւ Շահումյան վերադարձավ պատանդ վերցված Շահեն Մեղրյանը։ Որոշ հայրենասեր գործարարներ կարողացան կազմակերպել Գետաշենին լուրջ տնտեսական ու նյութական աջակցությունը (լուսահոգի Ալբերտ Հովհաննիսյան եւ ուրիշեր)։ Գետաշենի ինքնապաշտպանական ուժերը ճանապարհներով ստանում էին ռազմական եւ մարտուժի օգնություն։ Յուրաքանչյուր գետաշենցի, որն ի վիճակի էր զենք բռնելու, հստակ գիտեր իր պարտականությունը՝ հերթապահության վայրն ու ժամը։

Եվ այս կազմակերպված ինքնապաշտպանությունը միայն կարող էր կոտրվել խորհրդային բանակի միջամտությամբ, որն էլ Գորբաչովի նենգ նախաձեռնությամբ կազմակերպվեց (հետագայում նա ստացավ Նոբելյան մրցանակ) «Կոլցո» օպերացիան՝ ձեզ հայտնի ընթացքով։

-Պրն Կարապետյան, Հյուսիսային Արցախի հայաթափումը քաղաքական շարունակությունը չէ՞ր այն ժամանակվա խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության, եւ ինչո՞ւ Հայաստանի արդեն փաստացի նոր իշխանությունները չհակազդեցին դրան։

-Անշուշտ, «Կոլցո» օպերացիան քաղաքական որոշում էր հայության դեմ եւ Հյուսիսային Արցախի պատմական հայապատկան հողերի բռնազավթման ու հայության դեմ իրականացված սպանդի համար դեռ պատասխան պիտի տան։ Սակայն ցավալին այն է, որ մինչեւ 90-ականների վերջը Հայաստանի իշխանությունները երբեք նույնիսկ չփորձեցին հարցը բարձրացնել դիվանագիտական հարթություններում՝ հակառակ նրա, որ Ադրբեջանը ցանկացած հնարավորություն ու առիթ դարձնում է վայնասունի առարկա։

Մեզ համար Գետաշենի հերոսական ինքնապաշտպանությունը բացառիկ նշանակություն ունեցավ հետագա ազգային ազատագրական պայքարում։ Բացի նրանից, որ երկու տարի փակեց ադրբեջանցիների մուտքը Արցախ, եւ ժամանակ շահվեց, Գետաշենում ի հայտ եկան հայության պարծանքը դարձած հերոսներ՝ Թաթուլ Կրպեյան, որ իր զոհաբերությամբ փրկեց հարյուրավոր տեղացիների կյանքը, Սիմոն Աչիկգյոզյան՝ Մարտունաշենի հերոսը, Արթուր Կարապետյան, Զարզանդ, Վալերի Նազարյան եւ շատ ու շատերը։

Գետաշենով անցան եւ իրենց առաջին ռազմական մկրտությունը ստացան բազմաթիվ հերոսներ ու ջոկատներ, որոնք հետագայում դարձան հայոց բանակի հիմքը։ Բացառիկ էր եւ հերոսական գետաշենցիների եւ «Գետաշեն» հասարակական միության (նախագահ՝ Բենիկ Սիսյան) դերը ինքնապաշտպանության կազմակերպման գործում։

Վստահ եմ, որ հայ պատմագրությունը դեռ իր արժանի գնահատականն ու արժեւորումը կտա Գետաշենի եւ Հյուսիսային Արցախի իրադարձություններին, որովհետեւ վերքը դեռ թարմ է, այն չի սպիացել եւ չի սպիանալու, որովհետեւ պայքարը շարունակվում է։

Կարեն Նահապետյան

Տպել Տպել