Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Միացյալ Նահանգներում բնակվող հայ ընտանիքին ահաբեկելու փաստը եւ կոչ արել ամերիկյան իշխանություններին կատարել լիարժեք հետաքննություն դեպքի առնչությամբ:
Միացյալ Նահանգներում բնակվող Արա և Սալբե Սահակյանները մի քանի օր առաջ փոստով տարօրինակ ծրար են ստացել, որում եղել է Բոստոնի ահաբեկչության մասին պատմող թերթերից մեկի հոդվածից հատված` կողքին ձեռագրով գրված՝ «Եվս մեկ հայ սրիկա» արտահայտությունը: Գրվածը սլաքով միացված էր հոդվածում տեղ գտած Միշա անունը պարունակող նախադասությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը, հանձնախումբը կոչ է արել տեղական եւ դաշնային իշխանություններին անհապաղ հետաքննություն սկսել փաստի կապակցությամբ եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: «Ատելություն և անհանդուրժողականություն ներկայացնող եւ ահաբեկող այս նամակը զանգվածային լրատվամիջոցների համար պետք է դաս լինի, քանի որ Միշայի մասին հրապարկված սխալ տեղեկությունների պատճառով կարող են տուժել անմեղ մարդիկ»,- նշել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սևան Քոլեջյանը:
«Ասպարեզ» պարբերականի տեղեկացմամբ` Արա և Սալբե Սահակյանները Մերիլենդում բնակվում են երկար տարիներ: Արան մոտ 40 տարի աշխատել է ԱՄՆ ռազմածովային նախարարությունում որպես ինժեներ, իսկ Սալբին եղել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աշխատակից, նաեւ` խորհրդարանական Մայք Մենսֆիլդի օգնականը:
Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող Ցարնաև եղբայրների հորեղբայրը` Ռուսլան Ցարնին, ով մեղադրում էր հայազգի նորդարձ մուսուլման Միխայիլ Ալախվերդովին` հայտնի որպես Միշա, կասկածյալ եղբայներից ավագին արմատական իսլամի ուղու վրա դնելու մեջ, ներողություն էր խնդրել հայկական համայնքից իր մեղադրանքների համար: Ռուսլան Ցարնին կապվել էր Mirror-Spectator հայկական անգլալեզու շաբաթաթերթի հետ և հայտնել, որ ներողություն է խնդրում Բոստոնի մարաթոնի ահաբեկչության հետ կապված իր վերջին հայտարարություններում հայերին խառնելու համար: «Հայաստանը ունի շատ հզոր մշակույթ, ուստի ցանկանում եմ շեշտել, որ իր (Միշայի) ազգությունը որևէ կապ չունի այս ամենի հետ: Կցանկայի, որ երբեք նման բան ասած չլինեի», – ասել է Ցարնին` ևս մեկ անգամ ներողություն խնդրելով, որ հայ համայնքին խառնել է «այս չարագործությանը»:
Բացահայտվել էր Բոստոնի ահաբեկչության կազմակերպման ու ահաբեկիչներին արմատական իսլամի ուղու վրա դնելու մեջ մեղադրվող առեղծվածային «Միշայի» ինքնությունը` Միխայիլ Ալախվերդով: Ալախվերդովի հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը ուկրաինուհի: Նրանց ընտանիքը Միացյալ Նահանգներ էր գաղթել` փախելչելով Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող հետապնդումներից: The New York Review ամսագրի թղթակից Քրիստիան Քարլը, ով միակն է, որ զրուցել է Միշայի` Միխայիլ Ալախվերդովի և նրա ընտանիքի հետ, պատմել էր.
«մարդը, որին հանդիպեցի հաստատապես չէր համընկնում մարդկանց մանիպուլյացիայի ենթարկող հրեշավոր իսլամիստի նկարագրություններին, որ շրջանառվում էին»: Քրիստիան Քարլը պարզաբանել է նաև, որ Միշան երբեք չի հանդիպել Ցարնաեւ եղբայրների հորեղբոր` Ռուսլանի հետ, ով մեղադրում էր նրան Թամերլանին արմատական իսլամի ուղու վրա դնելու մեջ: Միշան ճանաչել է կասկածյալների մորը և չի հերքել դա, բայց, հերքել է, որ ինչ-որ ազդեցություն է ունեցել Թամերլանի վրա, որը նրան արմատական իսլամիստ կդարձներ:
Ամերիկահայ հեղինակավոր իրավաբան Մարկ Կիրակոսը CNN-ում` ուղիղ քննարկման ժամանակ, դատապարել է միջազգային հեռարձակողին և մյուս լրատվամիջոցներին` Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ցարնաև եղբայրներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած հավատափոխ եղած հայի մասին բամբասանքները շարունակաբար լուսաբանելու համար:
armenpress.am







