Շուշիի Ազատագրումը – Երեւի բոլոր պետութիւնների մայրաքաղաքներում նոյն ժամին այսպէս են սկսւում բոլոր զինուորական շքերթները

shushi6Ժամը 10ին մարտական տեխնիկան (սարքերը-Խմբ.) ու անձնակազմը կենտրոնացել են հրապարակի յարակից փողոցներում:

Ժամը 10:15ից մինչեւ 10:20ը միացեալ նուագախումբը շարային քայլերգի կատարմամբ փողոցից շարժւում է դէպի հրապարակ եւ զբաղեցնում ելման դիրքերը:

Շուշիի Ազատագրումը.- Երեւի բոլոր պետութիւնների մայրաքաղաքներում նոյն ժամին այսպէս են սկսւում բոլոր զինուորական շքերթները: Սովորաբար միանման են լինում նաեւ իրադարձութիւնները, որոնց նուիրուած է լինում զինուորական շքերթը: Իսկ այս անգամ…

Պատմում է պահեստի գեներալ-մայոր Արկադի Տէր Թադէոսեանը. «Շուշիի ազատագրման մասին խօսելիս կարեւոր է համադրել, թէ կողմերից իւրաքանչիւրն ինչ խնդիր էր կատարում: Շուշին մեր հարազատ քաղաքն էր, որը սիրում էինք ու կարօտում, իսկ նա մահ ու աւեր էր սփռում մեզ վրայ եւ մինչեւ 1992ի Մայիսի 8ը հասցրեց աւերել Ստեփանակերտի շուրջ երեք չորրորդը: Թշնամին ոչ միայն զինական, այլեւ օպերատիւ (գործողութիւնների-Խմբ.)-դիրքային բացարձակ առաւելութիւն ունէր, իսկ միջոցների՝ զէնք-զինամթերքի յարաբերակցութեան մասին խօսելն ուղղակի անիմաստ է, որովհետեւ Շուշի-Լաչին աւտոճանապարհն անխափան գործում էր՝ ի տարբերութիւն Հայաստան-Արցախ ուղղաթիռային կապի: Ճիշդ է՝ մեր օդաչուներն ուղղակի հրաշքներ էին գործում՝ թռչելով ոչ թէ դասական առումով օդային տարածքով, այլ ձորերով ու բարձունքների միջեւ ընկած միջանցքներով, բայց դրա համար գոնէ պարզ եղանակ էր պէտք, որը լեռնային բարձրադիր տեղանքում, որտեղ ձմեռը շատ շուտ է գալիս ու բաւական ուշ հեռանում, միշտ չէ, որ լինում է»:

Ժամը 10:20ին նուագախումբը կատարում է տօնական շեփորականչը, որը աւարտուելուն պէս սկսւում է զինուորական շքերթին մասնակից շարասիւների մուտքը դէպի հրապարակի նախանշուած տեղերը:

Շուշիի Ազատագրումը.- Շարասիւները եկել են հեռու-մօտիկ՝ հանրապետութեան մայրաքաղաքում ու մերձակայքում 20 տարի առաջ մահ ու աւեր սփռող թշնամական յենակէտերում տեղակայուած զօրամասերից ու նաեւ Արաքսի ափից, Տօնաշէնի անտառապատ բարձունքներից: Ստեփանակերտի հրապարակ հասնելու համար իւրաքանչիւր շարասեան ամէն մի զինուոր երկար ճանապարհ է անցել: Սկզբում քայլել է զօրամասի շարահրապարակում, ապա զինուորական մեքենաներով հասել կենտրոնական զօրավարժարան, որտեղ տեղի են ունեցել զօրահանդէսի գլխաւոր փորձերը, յետոյ նոր եկել հրապարակ: Եթէ բոլոր այդ ճանապարհների երկարութիւնը գումարենք իրար, գուցէ կը ստանանք զգալի մասն այն ճանապարհի, որը 1992 թուականին արդէն բռնել էին նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնապաշտպանութեան ուժերի ստորաբաժանումներն ու հայաստանեան կամաւորական ջոկատները, իսկ աւելի ճիշդ՝ արցախահայութիւնն ու ողջ հայ ժողովուրդը: Քսան տարի առաջ ետդարձի ուղի այլեւս չկար, ու դժուարին այդ ճանապարհը միայն առաջ էր տանում՝ դէպի բարձունքում գտնուող անմատչելի բերդաքաղաքը, դէպի մեզ պարտադրուած պատերազմի հրդեհների կիզակէտը, որի այն կողմում արցախահայութեան հզօր ու պաշտպանուած ապագան էր:

Պատմում է պահեստի գեներալ-մայոր Արկադի Տէր Թադէոսեանը. «Շուշին պաշտպանում էր 2,800 հոգուց բաղկացած ադրբեջանական ուժեղ զօրախումբը: Ըստ ռազմական տեսութեան՝ յարձակման գնացող կողմը պիտի կարողանայ ապահովել ուժերի եւ միջոցների եռապատիկ, իսկ լեռնային տեղանքում՝ քառապատիկ առաւելութիւն: Մեր տրամադրութեան ներքոյ այդքան ուժեր բնականաբար չկային, եւ Շուշիի ազատագրմանը՝ ոչ թէ բուն գրոհին, այլ ողջ գործողութեանը (ներառեալ ռեզերվային (պահեստային-Խմբ.), ապահովման եւ այլ խնդիրներ կատարող ստորաբաժանումները) մասնակցել է հէնց 2,800 մարտիկ, իսկ բուն յարձակմանը՝ 1200:

Ունեցած ուժերով ու զինամթերքով մենք կարող էինք առաւելագոյնը եռօրեայ յարձակողական գործողութիւն իրականացնել: Այնինչ Շուշիի մէկ պաշտպանին, նուազագոյն հաշուարկներով, բաժին էր ընկնում աւելի քան երեսուն մարտահամալիր, այսինքն՝ առանց լրացուցիչ օգնութեան եւ մատակարարման, քաղաքն առնուազն մէկ ամիս կարող էր պաշտպանուել: Իսկ «Գրադների» (հրթիռարձակների-Խմբ.), անխափան մատակարարման ու մէկ զինուորին բաժին ընկնող երեսուն մարտահամալիրների փոխարէն մենք ունէինք միայն կամաւորական ջոկատներ:

Բայց նրանց ոգին բարձր էր, քանի որ նախընթաց մարտերում ռազմական ու ֆիզիկական առումով մեծապէս կոփուել ու հմտացել էին, մարտական փորձ ձեռք բերել: Մինչ Շուշիի գրոհն արդէն եղել էին օպերատիւ-դիրքային առումով ծանրագոյն, դժուար գործողութիւններ, թէկուզ միայն Տողի ու առանձնապէս Սարուշէնի ազատագրումը: Վերջինս առաւել անմատչելի դիրք ունէր եւ պաշտպանութեան ինժեներական աւելի հզօր ապահովում, քան Շուշին, ու մինչեւ 1991ի Նոյեմբերի 14ը երկրորդ Շուշի էր Հադրութ աւանի համար: Նման իւրաքանչիւր գործողութիւնից յետոյ մեր կամաւորները մարտի կազմակերպման ու վարման մեծ փորձ էին ձեռք բերում, իսկ հրամանատարները կարողանում էին առաւել լաւ կազմակերպել հրետանու, կապի, ինժեներական եւ միւս ստորաբաժանումների համագործակցութիւնը, գրագէտ իրականացնել օպերատիւ քօղարկումն ու դիմել ռազմական խորամանկութիւնների»:

Շուշիի Ազատագրումը.- Այսպիսի մի հասկացութիւն կայ՝ «կարմիր գիծ»: Այլ կերպ ասած՝ «անդառնալիութեան կէտ»: Այն անցնելուց յետոյ կողմերի համար այլեւս վերադարձ չկայ: Ու հիմա դժուար է ասել, թէ երբ գծուեց ու խախտուեց այդ «կարմիր գիծը». անցած դարասկզբի հայ-թաթարական ընդհարումների ընթացքում 1905 թուականի Օգոստոսի 16ից 22ի Շուշիի առաջի՞ն, յաջորդ տարուայ Յուլիսի 12ից 22ի երկրո՞րդ կռիւների ժամանակ, թէ՞ 1920ի Մարտին Շուշիի մեծ հրդեհի օրերին: Իսկ գուցէ 1988ի Սեպտեմբերի՞ն, երբ Շուշիից հեռացան վերջին հայերը, թէ՞ 1989ի Դեկտեմբերի 20ին, երբ հրդեհուեց քաղաքի Ս. Ղազանչեցոց եկեղեցին:

1991ի Նոյեմբերից մինչեւ 1992ի Մայիսի 8ը Շուշիից ու մերձակայ կրակակէտերից Ստեփանակերտի վրայ արձակուած շուրջ 15,000 արկերից ու հրթիռներից ո՞ր մէկի պատճառած աւերածութիւններում ի յայտ եկաւ այդ «անդառնալիութեան կէտը», եւ պարզ դարձաւ, որ «ադրբեջանաբնակ» Շուշին ու հայկական Ստեփանակերտն այլեւս կողք կողքի չեն կարող գոյատեւել…

Մի կողմից Շուշիի բնական դիրքը, միւս կողմից՝ ԼՂՀ ինքնապաշտպանութեան ուժերի աղքատիկ սպառազինութիւնը գրեթէ անհնար էին դարձնում պատասխանի կամ հակառակորդին փոքրիշատէ զսպող գործողութիւնների իրականացումը: Արդիւնքում աւերուեցին հարիւրաւոր բնակելի ու հասարակական շինութիւններ, հարիւրաւոր մարդիկ զոհուեցին, վիրաւորուեցին, դարձան խեղանդամ: Թշնամու բանակի լիակատար շրջապատման մէջ գոյութեան կռիւ մղող երիտասարդ հանրապետութեան մայրաքաղաքն ուղիղ կէս տարի ապրեց նկուղային կեանքով: Նկուղում վիրաւոր էին վիրահատում, ծնունդ ընդունում…
Շուշիի Ազատագրումը.- Նկատի առնելով Շուշիի մատոյցները երիզող կրակակէտերի շուրջ 35 կիլոմետր ձգուածութիւնը, ինչն անհնար էր դարձնում ողջ ճակատով յարձակողական մարտերի ծաւալումը, որոշուեց քաղաքը գրոհել չորս ուղղութիւններով:

Դարձակետային այդ գործողութիւնը նախատեսուել էր իրականացնել Ապրիլին, բայց եղանակային պայմանների ու այլ գործօնների պատճառով մի քանի անգամ յետաձգուեց: Ապրիլին Ստեփանակերտ եկան Գուրգէն Դալիբալթայեանը, Լէօնիդ Մարտիրոսովը ու այլ բարձրաստիճան զինուորականներ՝ նախապատրաստելու դժուարին, ուղղակի անհաւանական թուացող այս գործողութիւնը:

Եթէ լրիւ հրապարակուի գրոհի նախօրէին Ինքնապաշտպանութեան ուժերի ունեցած հրթիռահրետանային սպառազինութեան ու զինամթերքի անուանացանկը, երեւի ոչ ոք չհաւատայ, թէ Շուշիի ազատագրմանը պատրաստուելիս լոկ այդքան արկ ու հրթիռ կար, որոնց մի մասն էլ լրիւ կոմպլեկտաւորուած (համալրուած-Խմբ.) չէր: Բայց իրականութիւնն այն է, որ Շուշիի գործողութեան ժամանակ հայկական զինուած ուժերում առաջին անգամ ստեղծուեց հրետանու խմբաւորում:

Գրոհի նախօրէին ստացուեցին նաեւ առաջին քսան «Ալինկօ» գերկարճալիք ռադիօկայանքները, որոնցով կապ էր ապահովուում վերադաս հրամանատարութեան, իսկ խորհրդային «Ռ-159»ներով՝ ենթակայ ստորաբաժանումների հետ:
Ինքնապաշտպանութեան ուժերի ինժեներական ծառայութիւնը նախընթաց օրերին Զառիսլուի եւ Քոսալար-æանհասանի ուղղութիւններում յարձակման ինժեներական ապահովման մեծ աշխատանքներ էր իրականացրել: Սակրաւորները գրոհից մէկ շաբաթ առաջ այնտեղ էին, իսկ երկու օր առաջ՝ յարձակման ուղղութիւնների ելման դիրքերում:

Վիրաւորներին որակաւորուած բժշկական օգնութեան շուտափոյթ ցուցաբերման նպատակով ռազմադաշտային հոսպիտալներն (հիւանդանոցներն-Խմբ.) Ինքնապաշտպանութեան ուժերի ռազմաբժշկական ծառայութեան հիմնադիր, մեզնից անժամանակ հեռացած Վալերի Մարութեանի նախաձեռնութեամբ առաւելագոյնս մօտեցուեցին մարտական գործողութիւնների գօտուն, եւ Սղնախի ու Քարինտակի միջեւ առաջին գծից երկու կիլոմետր հեռաւորութեան վրայ դաշտային հոսպիտալ բացազատուեց: Հայաստանեան բժիշկներին ղեկավարում էր Մարատ Բոյաջեանը, իսկ Ստեփանակերտի ախտորոշիչ կենտրոնում մնացած բուժանձնակազմին՝ Արամայիս Գրիգորեանը:

Ոչ ոք կենդանի մնալու յոյս չունէր, բայց այլ ելք չկար. գրոհի չգնալը դանդաղ մահ էր, եւ մարտիկները համբուրուեցին, հրաժեշտ տուեցին միմեանց ու գնացին, հաւատացած, որ յաղթելու են, բայց շատ մեծ զոհերով, ու քչերն են տեսնելու յաղթանակը…
Շուշիի Ազատագրումը.- Զօրահանդէսի հրամանատարն իրականացնում է անձնակազմի զօրատեսը: Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բոլոր հեռուստառադիոկայաններով հնչում են նոյն խօսքերը.

Ստեփանակերտ,
9ը Մայիսի, 2012 թուական,
Զօրահանդէս՝ նուիրուած Շուշիի ազատագրման 20րդ տարեդարձին:
Ուշադրութի՛ւն, ուշադրութի՛ւն,

Քսան տարի առաջ, Մայիսի 8ի գիշերը, ժամը 2.30ին տրուեց յարձակման հրամանը, եւ չորս ուղղութիւններով սկսուեց բերդաքաղաքի գրոհը:
Պատմում է պահեստի գեներալ-մայոր Արկադի Տէր Թադէոսեանը. «Եթէ այս մարտիկները սովորական զօրքերի կազմում լինէին, ես եւ միւս հրամանատարները նրանց պիտի ստիպելով տանէինք գրոհի: Բայց ես այնպիսի ուժերի հրամանատար էի, որ ենթարկւում էի մարտիկների կամքին, որովհետեւ նրա՛նք էին պահանջում գնալ խելայեղ գրոհի, գնալ անհնար թուացող ազատագրման: Ես երբեք չեմ մոռանայ Խոջալուի ազատագրման յաջորդ առաւօտը, երբ երիտասարդ մարտիկը, որին բոլորս «Ճուտ» էինք կոչում, քարտէզը փռեց դիմացս ու հրամայաբար հարցրեց. «Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»: Շուշին այդպէս գրաւուեց: Գործում էր Նապոլէոնի հանրայայտ դրոյթը՝ բարձր մարտական ոգին եռապատկում ու քառապատկում է եղած ուժերը: Շուշիի ազատագրումը դրա դասական արտայայտութիւնն էր, երբ ոգու բարձրութիւնն ու արիութիւնը փոխհատուցեցին ուժերի ու միջոցների մեծ պակասը»:

Շուշիի Ազատագրումը.- Ստեփանակերտի (հիւսիսային) ուղղութիւնը ղեկավարում էր մեզնից անժամանակ հեռացած գնդապետ Վալերի Չիթչեանը, Շօշ գիւղի (արեւելեան) ուղղութիւնը՝ Արկադի Կարապետեանը, Լաչինի (հարաւային) ուղղութիւնը՝ Ինքնապաշտպանութեան ուժերի հրամանատարի տեղակալ Սամուէլ Բաբայեանը, իսկ Քէօսալարի (հիւսիս-արեւմտեան) ուղղութիւնը՝ այսօր ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը: Պահեստազօրի հրամանատարն էր Իւրա Յովհաննիսեանը:

40 րոպէանոց հրետանային նախապատրաստութիւնը կատարեալ անակնկալ էր թուրքերի համար: Շուտով կարգադրուեց Աղդամի վրայ 40 հրթիռ կրակել, որ սկսուեն եւ չփորձէն շեղող յարձակում ձեռնարկել:

Թշնամին բետոնէ բլոկներով (արհեստական քարէ կտորներով-Խմբ.) փակել էր գլխաւոր ճանապարհը, շուրջը հող լցրել ու ականապատել: Բայց շտապել էին, ու որոշ ականներ անգամ երեւում էին: Մինչեւ սակրաւորները կ՛աշխատէին, տանկերը սարերով շրջանցեցին այդ հատուածը:
Ամէն ինչ հարթ էր ընթանում, մինչեւ տանկը խփուեց, ապա ՀՄՄն շուռ եկաւ, եւ գործողութիւնը վտանգուեց: Բայց Արկադի Տէր Թադէոսեանը պնդեց դիմանալ ու սպասել: Իսկոյն այդ ուղղութիւն մեկնեց Ինքնապաշտպանութեան ուժերի շտաբի պետ, այսօր պահեստի գեներալ-մայոր Ֆելիքս Գզողեանը, որ մարտիկների ոգին բարձրացնելու համար հետը տարաւ նաեւ… 13ամեայ որդուն:

Ինքնապաշտպանութեան ուժերի կապի պետ Արթուր Փափազեանը թէեւ ձեռքի լուրջ վէրք ունէր, գործողութեան կապի ապահովումը ղեկավարելուն զուգընթաց նաեւ անձամբ ապահովեց կապը գրոհող ստորաբաժանումների ու բարձր հրամանատարութեան միջեւ: Եւ միայն վերջին գրոհի հրամանն Արկադի Տէր Թադէոսեանը բոլոր զօրքերին անձամբ հաղորդեց. հայերէն փոքր ինչ դժուարութեամբ արտայայտուելով, պարզ, հասարակ բառերով ասում էր, որ վերջին մի ճիգ է պէտք Շուշին գրաւելու համար, գործի կէսն արդէն արուած է, ու նաեւ բացատրում էր, որ այլեւս հետդարձի ճանապարհ չկայ, ու հիմա եթէ անգամ յաջողուի հետ դառնալ բերդաքաղաքի մատոյցներից, այլեւս անհնար կը լինի նման յարձակում կազմակերպել: Ու զօրքերը վերստին առաջ գնացին:

Առաւօտեան ազատագրուեցին Քոսալարի ու Ջանհասանի բարձունքները: Կէսօրին քաղաքի պաշտպանութիւնը հիւսիսից ու արեւելքից ճեղքուեց, եւ արդէն կռիւներ էին մղւում շուկայում ու քաղաքի կենտրոնական մասում, ինչպէս նաեւ բանտի մերձակայքում: Քիրս լեռան ուղղութեամբ գործող ջոկատները, գրաւելով կարեւոր բարձունքները, սկսեցին վերահսկել Շուշի-Լաչին աւտոճանապարհը, ինչը վերջնական խուճապ առաջացրեց հակառակորդի շարքերում: Ադրբեջանական մէկ ինքնաթիռ, ապա երկու ուղղաթիռ, գնդակոծեցին Ասկերանի ու Մարտունու մի շարք բնակավայրեր, բայց ապարդիւն… թշնամին արդէն տարբեր ճանապարհներով փախչում էր ազատագրուող քաղաքից: Հակառակորդը շեղող խոշոր յարձակում ձեռնարկեց նաեւ Հադրութի շրջանի Տող գիւղի ուղղութեամբ, բայց հետ շպրտուեց դէպի ելման դիրքեր: Մայիսի 9ի առաւօտեան Շուշին լրիւ ազատագրուած էր:

Յաջորդ օրը Ստեփանակերտն առաջին անգամ ենթարկուեց օդային հարուածի: Հակառակորդը մի քանի տասնեակ տանկերի ու զրահամեքենաների աջակցութեամբ մտաւ Ասկերանի սահմանամերձ մի քանի բնակավայրեր, բայց թանկ զոհերի գնով հետ շպրտուեց:

Իսկ հոսպիտալը տեղափոխուեց Շուշի՝ իրականացնելու Լաչինի մարդասիրական միջանցքի բացման գործողութեան ռազմաբժշկական ապահովումը…
Շուշիի Ազատագրման հրամանատարներից այսօր ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի բնորոշմամբ՝ «Շուշիի ազատագրումը եւ Լաչինի միջանցքով Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնումն Արցախեան պատերազմի ամենամեծ նուաճումներից էին, որոնք հռչակուած անկախութիւնը դարձրին առաւել իրատեսական ու շօշափելի»:

ՏԻԳՐԱՆ ԴԵՒՐԻԿԵԱՆ
փոխգնդապետ

asbarez.com

Տպել Տպել