Թուրքիան փորձում է օգտագործել Գալիպոլիի սուրբ հիշատակը քաղաքական խաղերի համար. Սա ողորմելի արարք է և պետք է դատապարտվի

logoԹուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն սենսացիոն հայտարարություն է արել` արգելելով ավստրալացի որոշ օրենսդիրների մասնակցել Թուրքիայի Գալիպոլի թերակղզում կայանալիք միջոցառմանը, որի ժամանակ կոգեկոչվի Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում զոհված ավստալիացի և նորզելանդիացի զինվորների հիշատակը: «Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ընդունած` Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող ակտի պատասխանատուներն, անկասկած, կզրկվեն հյուրընկալ և ընկերական վեաբերմունքից, որը սովորաբար ցուցաբերվում է ավստրալական կողմին»,- հայտարարել է Դավութօղլուն:

Այս կերպ թուրքական իշխանությունները փորձում են պատժել ավստրալական իշխանություններին` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Ստորին և Վերին պալատներում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող բանաձեւն ընդունելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, օրենսդիրներից շատերը խորապես վիրավորված են, որ Ավստրալիայի դաշնակից երկիրն արգելում է ավստրալացի պաշտոնյաներին` մասնակցել կայանալիք «Անզացի» հիշատակի տոնին: «Անզաց»-ն Ավստրալիայի ազգային տոներից է, որի ժամանակ ոգեկոչում են Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում զոհված ավստալիացի և նորզելանդիացի զինվորների հիշատակը: Յուրաքանչյուր տարի հազարավոր ավստրալացիներ ուխտագնացություն են կազմակերպում Գալիպոլի` ոգեկոչելու ընկած զինվորների հիշատակը:

«Թուրքիայի Հանրապետությունը կրկին փորձում է սպառնալ ժողովրդավար պետությանը` ճշմարտությունը բարձրաձայնելու ցանկության համար: Թուրքիան պարբերաբար փորձեր է արել միջամտելու տարբեր ազգերի ներքին օրենսդրական գործերին և խոչընդոտելու ցեղասպանությունը ճանաչելու բարոյական դիրքորոշում ունեցող օրենսդիրներին: Թուրքիան փորձում է օգտագործել Գալիպոլիի սուրբ հիշատակը քաղաքական խաղերի համար: Սա ողորմելի արարք է և պետք է դատապարտվի բոլորի կողմից»,- նշել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Առաջիկա օրերին Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը կհանդիպի Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիրների հետ:

armenpress.am

Տպել Տպել